Jump to content

Բայադերկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայադերկա
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ
ԽորեոգրաֆՄարիուս Պետիպա
ԿոմպոզիտորԼյուդվիգ Մինկուս
ՀեղինակԼյուդվիգ Մինկուս
Առաջին ներկայացումհունվարի 23, 1877
 La Bayadère Վիքիպահեստում

Բայադերկա, բալետ, որը կազմված է երեք գործողությունից և հինգ տեսարաններից, բալետմաստեր Մարիուս Պետիպայի ապոթեոզով, ըստ Լյուդվիգ Մինկուսի երաժշտության։ Առաջին անգամ ցուցադրվել է 1877 թվականի հունվարի 23-ին Մեծ թատրոնի[1] բեմում, Ե. Վազեմի բենեֆիսի ժամանակ (թատերական հանրագիտարանը սխալմամբ նշում է Մարիինյան թատրոն)[2]։

Պրեմիերային մասնակցել են. Եկատերինա Վազեմ` Նիկիյա, Մարիա Գորշենկովա` Գամզատի, Լև Իվանով` Սոլոր, Քրիստիան Իոհանսոն` Դուգմանտա արքա, Նիկոլայ Հոլց` Մեծ բրահման, Մաթիլդա Մադաևա` ջամպե, Ֆելիքս Կշեսինսկի, Ալեքսանդր Պիշո և Լյուբով Ռադինա` հինդուսներ, Վ. Ժուկովա` մանու, Ալեքսեյ Պապկով` դիրիժոր։ Դեկորացիաների հեղինակներն են` Բոչարով, Վագներ, Շիշկով, Անդրեև, Ռոլլեր, Լամբին։

Մարիուս Պետիպայի «Բայադերկան» շատ ընդհանրություններ ունի «Շակունտալա» բալետի հետ, որը բեմադրել է նրա եղբայրը՝ Լյուսեն Պետիպան, Փարիզի օպերայի բալետի համար, 1858 թվականին (երաժշտությունը՝ Ռեյերի, սցենարիստ՝ Թեոֆիլ Գոթիե, սցենարը ըստ IV դարի հնդիկ բանաստեղծ Կալիդասայի համանուն դրամայի)։

«Բայադերկա» բալետի գրական աղբյուրը «Շակունտալա» դրաման է և Գյոթեի «Աստված և բայադերան» բալետը (գերմ.՝ Der Gott und die Bajadere): Սյուժեի հիմքում ընկած է բայադերայի և քաջ մարտիկի դժբախտ սիրո մասին արևելյան ռոմանտիկ լեգենդը։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկիա՝ բայադերա
  • Սոլոր՝ հարուստ և հայտնի կշատրիա
  • Դուգմանտա՝ Գալկոնդայի ռաջա
  • Գամզատի` նրա դուստրը
  • Մեծ բրահման
  • Մագեդավեա` դերվիշ
  • Թոլորագվա` մարտիկ
  • Այյա` ստրկուհի
  • Բրահմաններ, բրամատշորներ, ռաջայի ծառաներ, մարդիկներ, բայադերաներ, դերվիշներ, հնդիկ ժողովուրդ, երաժիշտներ և որսորդներ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն

Սուրբ անտառում Սոլորը իր ընկերների հետ վագր էր որսում։ Նա և դերվիշ Մագեդավեն հետ են մնում մյուս որսորդներից` անտառի խորքում երևացող մեհյանում ապրող գեղեցկուհի Նիկիայի հետ զրուցելու համար։ Այնտեղ կրակի տոնին նվիրված նախապատրաստական աշխատանքներ էին կատարվում։ Տոնակատարության ժամանակ հանդիսավոր կերպով դուրս է գալիս մեծ բրահմանը, որին հետևում էին բրամատշորները և բայադերաները։ Նիկիան սկսում է իր սրբազան պարը։ Մեծ բրահմանը հետաքրքրված էր նրանով, սակայն բայադերան մերժում էր նրան։ Բրահմանը սպառնում է Նիկիային, բայց նա սպասում էր Սոլորին։ Մագեդավեն հայտնում է, որ Սոլորը մոտակայքում է։ Բոլորը հեռանում են։ Գիշեր է։ Տաճարի մոտ է գալիս Սոլորը։ Նա առաջարկում է Նիկիային փախչել իր հետ և սուրբ կրակի մոտ երդում է տալիս, որ հավերժ սիրելու է նրան։ Մեծ բրահմանն ընդհատում է հանդիպումը։ Խանդից այրվելով` նա դաժան վրեժ է ծրագրում։ Լուսաբացին տաճարի մոտ են հայտնվում որսորդները` սպանված վագրի հետ և բայադերաները, որոնք գնում էին սուրբ ջրի հետևից։ Սոլորը որսորդների հետ գնում է։

Իր պալատում Դուգմանտա ռաջան իր աղջկան` Գամզատին, հայտնում է, որ մտադիր է նրան ամուսնացնել Սոլորի հետ։ Սոլորը փորձում է մերժել իրեն առաջարկված պատիվը, սակայն ռաջան հայտնում է, որ հարսանիքը տեղի կունենա շատ շուտով։ Հայտնվում է մեծ բրահմանը։ Բոլորին հեռացնելով` ռաջան լսում է նրան։ Նա հայտնում է Սոլորի և բայադերայի հանդիպման մասին։ Ռաջան որոշում է սպանել Նիկիային, բրահմանը հիշեցնում է, որ բայադերան պատկանում է Վիշնա Աստծուն, և նրա մահը Վիշնայի մոտ զայրույթ կառաջացնի. այդ պատճառով պետք է Սոլորին սպանել։ Դուգմանտան որոշում է տոնակատարության ժամանակ Նիկիային ուղարկել ծաղիկներով և թունավոր օձերով լեցուն զամբյուղ։ Ռաջայի և բրահմանի խոսակցությունը լսում է Գամզատին։ Նա հրամայում է կանչել Նիկիային և առաջարկելով նրան պարել վաղը իր հարսանիքի ժամանակ` ցույց է տալիս իր փեսացուի նկարը։ Նիկիան ցնցված էր։ Գամզատին նրան մեծ հարստություն է առաջարկում, եթե նա լքի երկիրը, սակայն Նիկիան չէր կարող հրաժարվել սիրելիից։ Կատաղության պահին նա դաշույնով նետվում է մրցակցուհու վրա, և միայն հավատարիմ սպասավորն է կարողանում փրկել Գամզատիին։ Բայադերան փախչում է։ Զայրացած Գամզատին Նիկիային մահվան է դատապարտում։

Պալատի մոտ գտնվող այգում սկսվում է տոնակատարություն։ Հայտնվում են Դուգմանտան և Գամզատին։ Ռաջան հրամայում է Նիկիային զվարճացնել հանրությանը։ Բայադերան պարում է։ Գամզատին հրամայում է նրան փոխանցել ծաղիկներով զամբյուղը։ Ծաղիկների մեջ թաքնված օձը խայթում է աղջկան։ Նիկիան հրաժեշտ է տալիս Սոլորին և հիշեցնում, որ նա երդվել է հավերժ սիրել իրեն։ Մեծ բրահմանը հակաթույն է առաջարկում Նիկիային, բայց նա նախընտում է մահը։ Ռաջան և Գամզատին տոնում են հաղթանակը։

Երկրորդ գործողություն

Սոլորը տխրում է Նիկիայի համար։ Մագեդավեան ափիոն է բերում նրան։ Նա երազում տեսնում է ստվերների թագավորությունը, որտեղ գտնվում էր նաև Նիկիայի հոգին։ Սոլորի հանգստի ժամանակ ներս են մտնում մարտիկները, որոնք եկել էին, որպեսզի նրան պատրաստեն հարսանիքին, սակայն Սոլորի տեսիլքները չէին ավարտվում։

Երրորդ գործողություն Հարսանեական արարողակարգ։ Բուդդայի արձանի ստվերում պարում է Ոսկե կուռքը, բայադերաները կատարում են ծիսական պարը։ Սոլորը կրկին տեսնում է Նիկիայի ուրվականը։ Երբ մեծ բրահմանը ավարտում է հարսանեկան արարողակարգը, տեղի է ունենում երկրաշարժ. զայրացած աստվածները քանդում են տաճարը, որտեղ գտնվում էր երդմնազանց Սոլորը։ Հարսնեկան արարողության ներկաները նույնպես մահանում են տաճարի ավերակների տակ։ Իսկ Սոլորի և Նիկիայի հոգիները վերջապես երկնքում միավորվում են։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիինյան թատրոն

  • 1900 թվական՝ հեղինակային վերականգնում և նոր խմբագրում ըստ Մարիուս Պետիպայի (Մաթիլդա Կշեսինսկայա՝ Նիկիա, Պավել Գերտ՝ Սոլոր)։
  • 1941 թվական՝ նոր խմբագրումներ` ըստ Վախթանգ Ճաբուկիանիի և Վլադիմիր Պոնոմարյովի։
  • 2002 թվական՝ խմբագրում ըստ Սերգեյ Վիխարևի (Պետիպայի վարկածի թարմացումն է` ըստՆիկոլայ Սերգեևի գրառումների)։

Մեծ թատրոն

  • 1904 թվական՝ բալետմաստեր՝ Ալեքսանդր Գորսկի (ըստ Մարիուս Պետիպայի ներկայացման, Եկատիրինա Գելցեր՝ Նիկիա, Միխայիլ Մորդկին՝ Սոլոր)։
  • 1917 թվական՝ բալետմաստեր՝ Ալեքսանդր Գորսկի (Եկատիրինա Գելցեր՝ Նիկիա, Վասիլի Տիխոմիրով՝ Սոլոր)։
  • 1923 թվական՝ բալետմաստերներ` Ալեքսանդր Գորսկի և Վասիլի Տիխոմիրով (Մարիուս Պետիպայի խորեոգրաֆիայով «Ստվերների թագավորությունը» վերականգնված տեսարան)։
  • 1991 թվական՝ բեմադրությունը՝ Յուրի Գրիգորովիչի (Մարիուս Պետիպայի բեմադրության փոփոխված տարբերա)

Այլ թատրոններ

  • 1992 թվական՝ Փարիզի օպերա, բեմադրությունը՝ Ռուդոլֆ Նուրիևի (բեմադրողի օգնական՝ Նինել Կուրգապկինա)։
  • 1999 թվական՝ Վիեննայի օպերա, բալետմաստեր՝ Վլադիմիր Մալախով (Բրիգիտ Ստադլեր՝ Նիկիա, Վլադիմիր Մալախով՝ Սոլոր, Սիմոնա Նոժա` Գամզատի)
  • 2003 թվական՝ Կրասնոդարի երաժշտական թատրոն (լիբրետոն ըստ Մարիուս Պետիպայի և Սերգեյ Խուդեկովի, Յուրի Գրիգորևիչի խմբագրումներով, նկարիչ՝ Նիկոլայ Շարունով, դիրիժոր՝ Ալեքսանդր Լավրենյուկ)։
  • 2007 թվական՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն (Պոլինա Սեմյոնովա՝ Նիկիա, Իգոր Զելենսկիյ՝ Սոլոր)։
  • 2007 թվական՝ Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի թատրոն, խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի (ըստ Վլադիմիր Պոնոմարյովի, Վախթանգ Ճաբուկիանիի, Կոնստանտին Սերգեևի և Նիկոլայ Զուբկովսկովի խորեոգրաֆիայի հատվածների), «Ստվերի» տեսարանը՝ Օլգա Իորդանի և Ֆյոդոր Լապուխովի խմբագրումներով[3]։
  • 2011 թվական՝ Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոն։
  • 2012 թվական՝ Սամարայի օպերայի և բալետի թատրոն, բեմադրությունը` ըստ Գաբրիել Կոմլևի, դիրիժոր՝ Անդրեյ Դանիլով, նկարիչ՝ Վաչեսլավ Օկունև (Եկատիրինա Պերվուշինա՝ Նիկիա, Վիկտոր Մուլգին՝ Սոլոր, Քսենիա Օվչինիկովա` Գամզատի)։
  • 2013 թվական՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն, բեմադրությունը` ըստ Նատալի Մակարովայի, բեմադրող դիրիժոր՝ Անտոն Գրիշանին, կոստյումների նկարիչ՝ Իոլանդ Սոնաբենդ[4]։
  • 2013 թվական՝ Ուկրաինայի ազգային օպերա, բեմադրությունը՝ Նատալի Մակարովայի, դիրիժոր՝ Նիկոլայ Դյադյուրա, նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև (Ելենա Ֆիլիպևա՝ Նիկիա, Դենիս Մատվիենկո՝ Սոլոր)։
  • 2015 թվական՝ Ղազախստանի «Աստանայի օպերա» օպերայի և բալետի պետական թատրոն, բեմադրությունը` Ալտինայ Ասիլմուրատովայի (մի քանի փոքր տարրերի հավելումով)։
  • 2019 թվական Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոն, բեմադրությունը` ըստ Նաչո Դուատոի, կոստյումների նկարիչ` Անգելինա Ատլագիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Статья о Балете». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  2. Театральная энциклопедия, стр.36
  3. ««Баядерка», постановка Татарского театра оперы и балета». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «Баядерка — Московский академический Музыкальный театр». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Юлия Яковлева Глава 5. Рождение театра // Создатели и зрители. Русские балеты эпохи шедевров. — М.: Новое литературное обозрение, 2017. — С. 125—132. — ISBN 978-5-4448-0689-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայադերկա» հոդվածին։