Մաթիլդա Կշեսինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիլդա Կշեսինսկայա
ռուս.՝ Мария-Матильда Адамовна-Феликсовна-Валериевна Кшесиньская
Ծնվել էօգոստոսի 19 (31), 1872
ԾննդավայրLigovo, Saint Peterburg County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 6, 1971(1971-12-06)[1] (99 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Փարիզի շրջան
Մասնագիտությունբալետի պարող, բալետի ուսուցիչ, պարուհի և պարուսույց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Պարգևներ
 Mathilde Kschessinska Վիքիպահեստ

Մաթիլդա Ֆելիքսովնա Կշեսինսկայա (ռուս.՝ Мария-Матильда Адамовна-Феликсовна-Валериевна Кшесиньская, լեհ.՝ Matylda Maria Krzesińska, օգոստոսի 19 (31), 1872, Ligovo, Saint Peterburg County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1971(1971-12-06)[1], Փարիզ, Փարիզի շրջան), բալետի լեհական ծագման ռուս դերասանուհի և մանկավարժ, Մարիինյան թատրոնի պրիմա պարուհի, Կայսերական թատրոնների վաստակավոր արտիստ։ Հայտնի է Ռուսական կայսրության ռոմանովյան միապետների հետ իր հարաբերություններով, եղել է Նիկոլայ II-ի սիրուհին 1892-1894 թվականներին, մեծ իշխան Անդրեյ Ռոմանովի կինը (1921 թվականից), Վլադիմիր Կրասնիսկու (1902-1974) մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մարիինյան թատրոնի դերասանների ընտանիքում․ լեհ Ֆելիքս Կշեսինսկու (1823-1905) և Յուլիա Դոմինսկու (բալետի պարող Լեդեի այրին, առաջին ամուսնությունից ունեցել է 5 զավակ) դուստրը։ Բալետի պարուհի Յուլիա Կշեսինսկու և բալետմեյստեր, պարող Իոսիֆ Կշեսինսկու (1868-1942) քույրը։

Արվեստագետի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին ավարտել է Կայսերական թատերական ուսումնարանը, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Լև Իվանովը, Քրիստիան Յոհանսոնն ու Եկատերինա Վազեմը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մարիինյան թատրոնի բալետի խումբ, որտեղ նախ պարել է որպես Կշեսինսկայա Երկրորդ (Կշեսինսկայա Առաջին էր կոչվում իր ավագ քույր Յուլիան)։ 1890-1917 թվականներին պարել է կայսերական բեմում։ Իր կարիերայի սկզբում մեծապես զգացել է Վիրջինիա Ցուկկիի արվեստի ազդեցությունը․

Ես անգամ կասկածներ ունեի իմ ընտրած կարիերայի իսկության հարցում։ Չգիտեմ, թե դա ինչի կհանգեցներ, եթե մեր բեմում Ցուկկիի հայտնվելը միանգամից չփոխեր իմ տրամադրությունը՝ ինձ համար բացահայտելով մեր արվեստի իմաստն ու նշանակությունը։

Մաթիլդա Կշեսինսկայայի հիշողությունները, էջ 26[2]

Պարել է Մարիուս Պետիպայի և Լև Իվանովի բալետներում. «Մարդուկ-Ջարդուկը» բալետում խաղացել է փերու, Օդետտա-Օդիլլիայի դերը «Կարապի լիճ» բալետում, Նիկիայի դերը «Բայադերա» բալետում։ Կարլոտտա Բրիյանցի` Իտալիա մեկնելուց հետո նրան է անցել «Քնած գեղեցկուհին» բալետում արքայադուստր Ավրորայի դերը։ 1892 թվականի նոյեմբերի 18-ին, բալետի 50-րդ հոբելյանական ցուցադրության օրը բալերինան գրել է իր օրագրում.

Թատրոն էր եկել Չայկովսկին, և նրան հրավիրեցին բեմ (ես ինքս նրան բեմ ուղեկցեցի), որպեսզի նրան ծաղկեփունջ նվիրեն...[3]:

1896 թվականին ստացել է կայսերական թատրոնների պրիմա-բալերինայի կարգավիճակ (հավանական է, առավելապես արքայական պալատի հետ ունեցած իր կապերի շնորհիվ, քանի որ գլխավոր բալետմեյստեր Պետիպան ոչ մի կերպ չէր քաջալերում նրա բարձրացումը բալետային հիերարխիայում)։ Որպեսզի ռուսական բալետի դպրոցին հատուկ ձեռքերի փափուկ պլաստիկան ու արտահայտչականությունը լրացնի ոտքերի վիրտոուզ ու ներկայանալի տեխնիկայով, որով հայտնի էր իտալական դպրոցը, նա 1898 թվականից սկսած մասնավոր դասեր է վերցրել հայտնի ուսուցիչ Էնրիկո Չեկետից։ Առաջին ռուս պարուհին է, որ բեմի վրա կատարել է միանգամից 32 ֆուետե, մի հնարք, որով ռուս հանդիսատեսին մինչ այդ զարմացրել էին միայն իտալուհիները, մասնավորապես` Էմմա Բեսսոնն ու Պիերինա Լենյանին։ Զարմանալի չէ, որ իր հայտնի բալետները խաղացանկ վերադարձնելուց հետո Մարիուս Պետիպան փոփոխում էր խորեգրաֆիկ տեքստն ըստ պարուհու հնարավորությունների։ Չնայած Կշեսինսկայայի անունը հաճախ էր գրավում աֆիշաների առաջին տողերը, այն չի կապվում բալետի դասական ժառանգության ամենահայտնի ներկայացումների հետ։ Հատուկ նրա համար բեմադրվել է միայն մի քանի ներկայացում, և դրանցից ոչ մեկը հատուկ հետք չի թողել ռուսական բալետի պատմության մեջ։ «Ֆլորայի արթնացումը», որ բեմադրվել է 1894 թվականին Պետերգոֆում հատուկ մեծ իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնայի և մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչի ամուսնության առթիվ, այնուհետև մնացել է թատրոնի խաղացանկում. այս ներկայացման մեջ նրան տրվել է աստվածուհի Ֆլորայի գլխավոր դերը։ Պարուհու` Էրմիտաժի թատրոնում բենեֆիսի համար Մարիուս Պետիպան բեմադրել է «Արլեկինադա» և «Տարվա եղանակները» բալետները։ Նույն տարում բալետմեյստերը հատուկ նրա համար թարմացրել է «Բայադերան», որը բեմում չէր հայտնվել Վազեմի հեռանալուց հետո։ Կշեսինսկայան նաև եղել է երկու ձախողված բեմադրությունների` «Միկադոյի դուստրը» և «Հրաշագործ հայելին» բալետների գլխավոր դերակատարը։ Մասնակցել է Կրասնոսելսկի թատրոնի ամառային ներկայացումներում, օրինակ, 1900 թվականին պարել է Օլգա Պրեոբրաժենսկայայի, Ալեքսանդր Շիրյաևի և այլ արտիստների հետ։ Կշեսինսկայայի անհատական ստեղծագործականությանը հատուկ էր խորը դրամատիկական դերերի ընտրությունը։ Բալետի ակադեմիական պարուհի լինելով` նա միևնույն ժամանակ մասնակցել է խորեգրոֆ-նորարար Միխայիլ Ֆոկինի «Էվնիկա» (1907), «Թիթեռնիկներ» (1912), «Էրոս» (1915) բեմադրություններում։ 1904 թվականին Կշիսենսկայան հեռացել է թատրոնից իր ցանկությամբ, և հրաժեշտի բենեֆիսից հետո նրա հետ պայմանագիր է կնքվել մեկանգամյա ներկայացումների համար, նախ սահմանելով յուրաքանչյուր ելույթի համար 500, ապա, 1909 թվականից սկսած` 750 ռուբլի։ Կշեսինսկայան ամեն կերպ դեմ էր օտարերկրյա պարուհիների` խմբին միանալուն և ինտրիգներ էր հյուսում Լենյանիի դեմ (ով, ամեն դեպքում, պարել է խմբում 8 տարի, մինչև 1901 թվականը)։ Նրա օրոք սկսել է չկիրառվել հայտնի պարուհիներ հրավիրելու փորձը։ Բալերինան հայտնի էր սեփական կարիերան ստեղծելու և իր դիրքերն ամրապնդելու կարողությամբ։ Ինչ-որ չափով հենց նա է պատճառ դարձել թատրոնից իշխան Վոլկոնսկու հեռանալուն. հրաժարվելով Կշեսինսկայայի համար վերականգնել հին «Կատարինա, ավազակի աղջիկ» բալետը, նա ստիպված էր հրաժարական տալ Կայսերական թատրոնների տնօրենի պաշտոնից[4]։ 1911 թվականին Կշեսինսկայան Լոնդոնում մասնակցել է «Ռուսական սեզոններին»։ Դյագիլևը համագործակցել է «իր ոխերիմ թշնամու» հետ` հույս ունենալով այդպիսով լուծել իր խնդիրները ռուսական բեմում. բալերինայի ազդեցության ու կապերի շնորհիվ նա մտադրված էր հնարավորություն ձեռք բերել իր անտրեպրիզը բեմադրել Պետերբուրգում և պարտադիր դարձած ծառայության համար հետաձգում ստանալ։ Օժանդակության դիմաց Կշեսինսկայան հրավիրվում է խաղալու 1911 թվականի լոնդոնյան սեզոնին (պարուհուն հետաքրքրում էր հենց Լոնդոնը, որտեղ ավանդաբար հավաքվում էր բարձր հասարակությունն ի տարբերություն Փարիզի, որը արտիստական կյանքի նախկին կենտրոնն էր)։ Նրա ներկայանալու համար ընտրվել էր «Կարապի լիճ» բեմադրությունը. Դյագիլևը նպատակ ուներ ձեռք բերել նաև նրան պատկանող բալետի դեկորացիան։ Պարուհին դարձել է Դյագիլևի ու Կայսերական թատրոնների տնօրեն Տելյակովսկու միջնորդը Միխայլովսկի թատրոնը 1912 թվականի թատերաշրջանին վարձակալելու բանակցությունների հարցում։ Տնօրենն այս դաշինքի հանդեպ բացասական վերաբերմունք է ունեցել։ «Ժամ առ ժամ ավելի դժվար է։ Կշեսինսկայան հիմա էլ Դյագիլևի հետ է համագործակցում»[5]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ռուսական կայսրության զորքերը արկերի մեծ կարիք ուներ, գլխավոր հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը պնդում էր, որ անզոր է որևէ բան անել հրետանու վերաբերյալ հարցերում, քանի որ Մաթիլդա Կշեսինսկայան ազդեցություն ունի հրետանային գործերում ու մասնակցում է տարբեր կազմակերպություններին պատվերներ տալու որոշումների քննարկմանը[6]։

Տարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի ամռանը Կշեսինսկայան անվերադարձ հեռացել է Պետրոգրադից, նախ` Կիսլովոդսկ, հետո, 1919 թվականին՝ Նովոռոսիյսկ, որտեղից էլ որդու հետ մեկնել է արտերկիր։ Հեղաշրջումից հետո, երբ Սերգեյ Միխայլովիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Կշեսինսկայային առաջարկել է ամուսնանալ։ Սակայն, ինչպես Կշեսինսկայան գրել է իր հուշերում, նա մերժել է նրան` Անդրեյի պատճառով։ 1917 թվականի փետրվարից հետո Կշեսինսկայան, զրկվելով ամառանոցից ու փախչելով հայտնի առանձնատնից, սկսել է բնակվել ուրիշների բնակարաններում։ Նա որոշել է գնալ Անդրեյ Վլադիմիրովիչի մոտ, ով Կիսլովոդսկում էր։ «Ես, իհարկե, հույս ունեի աշնանը Կիսլովոդսկից վերադառնալ Պետերբուրգ, երբ, ինչպես ես հույս ունեի, կազատեն իմ տունը», միամտաբար գրել է նա։ «Իմ մեջ պայքարում էին Անդրեյին կրկին տեսնելու ուրախությունն ու Սերգեյին մայրաքաղաքում միայնակ թողնելու համար խղճի խայթը, որտեղ նրան վտանգ է սպառնում։ Միևնույն ժամանակ, ինձ համար դժվար էր նրանից հեռացնել Վովային, ում նա շատ էր սիրում»[2]։ Եվ իսկապես, 1918 թվականին մեծ իշխան Սերգեյ Միխայլովիչը գնդակահարվել է Ալապաևսկում։ 1917 թվականի հուլիսի 13-ին Մաթիլդան որդու հետ լքել է Պետերբուրգը` հուլիսի 16-ին գնացքով հասնելով Կիսլովոդսկ։ Անդրեյը մոր` մեծ իշխանուհի Մարիա Պավլովնայի և եղբոր` Բորիսի հետ առանձին տուն էր զբաղեցնում։ 1918 թվականի սկզբին Կիսլովոդսկից «բոլշևիզմի ալիք էր տարածվել», «դրանից առաջ բոլորս ապրում էինք համեմատաբար խաղաղ ու հանգիստ, չնայած և առաջ էլ կային խուզարկումներ ու կողոպուտներ` ամենատարբեր պատրվակներով», գրել է Կշեսինսկայան։ Կիսլովոդսկում Վլադիմիրն ընդունվել է տեղի գիմնազիան և հաջողությամբ այն ավարտել է։

Մաթիլդան որդու հետ

1918 թվականի օգոստոսի 7-ին Անդրեյն ու եղբայրը ձերբակալվել են և տեղափոխվել Պյատիգորսկ, սակայն մեկ օր անց նրանց ազատ են արձակել` տնային կալանքի պայմանով։ Օգոստոսի 13-ին Բորիսը, Անդրեյն ու նրանց համհարզ գնդապետ Կուբեն փախել են սարերը, որտեղ մնացել են մինչև սեպտեմբերի 23-ը։ Կշեսինսկայան որդու, քրոջ ընտանիքի, պարուհի Զինաիդա Ռաշևսկայայի ու այլ մոտ 100 փախստականների հետ մնացել է Բատալպաշինսկում (հոկտեմբերի 2-19), որտեղից պահակախմբի հետ շարժվել են դեպի Անապա։ Տուապսեում բոլորը նստել են «Թայֆուն» նավը, որը բոլորին հասցրել է Անապա։ Այնտեղ Վովան հիվանդացել է իսպանական գրիպով, սակայն նրան կարողացել են բուժել։ 1919 թվականին բոլորը վերադարձել են Կիսլովոդսկ, որն ազատագրված է համարվել, մնացել այստեղ մինչև տարվա վերջ և անհանգստացնող նորություններ լսելուց հետո մեկնել են Նովոռոսիյսկ։ Փախստականները գնացել են երկու վագոնից բաղկացած գնացքով. Կշեսինսկայան որդու հետ եղել է երրորդ կարգի վագոնում։ Նովոռոսիյսկում 6 շաբաթ ապրել են վագոններում, այստեղ տարածված է եղել տիֆ։ 1920 թվականի փետրվարի 19-ին (մարտի 3-ին) «Սեմիրամիդա» նավով մեկնել են Կոստանդնուպոլիս, որտեղ ստացել են ֆրանսիական վիզաներ։ 1920 թվականի մարտի 12-ի (25)-ին ընտանիքը հասել է Կապ-դ-Այ, որտեղ այդ ժամանակ 48-ամյա Կշեսինսկայան առանձնատուն է ունեցել[7] 1929 թվականին իր սեփական բալետի ստուդիան է բացել Փարիզում։ Կշեսինսկայայի աշակերտների թվում է եղել Տատյանա Ռյաբուշինսկայան։ Դասերի ժամանակ Կշեսինսկայան միշտ նրբանկատ է եղել աշակերտների հանդեպ, չի բարձրացրել ձայնը։ Մաթիլդա Ֆելիքսովնայի մեծ եղբայրը` Իոսիֆ Կշեսինսկին մնացել է Ռուսաստանում (պարել է Կիրովի թատրոնում) և մահացել է Լենինգրադի բլոկադայի ժամանակ 1942 թվականին։ Տարագրության տարիներին ամուսնու մասնակցությամբ գրել է մեմուարներ, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1960 թվականին Փարիզում, ֆրանսերենով։ Առաջին ռուսալեզու տպագրությունը հրատարակվել է միայն 1992 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1892-1894 թվականներին հանդիպել է թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչի (հետագայում` Նիկոլայ II) հետ. նրանց հարաբերությունները խզվել են թագաժառանգի ու Ալիսա Գեսսենսկայայի նշանադրությունից հետո 1894 թվականի ապրիլին։ Այնուհետև եղել է մեծ իշխաններ Սերգեյ Միխայլովիչի ու Անդրեյ Վլադիմիրովիչի սիրուհին։ 1902 թվականի հունիսի 18-ին Ստրելնայում ծնվել է որդին` Վլադիմիրը (ընտանիքում նրան Վովա էին ասում), ով 1911 թվականի դեկտեմբերի 15-ին Բարձրագույն հրամանով ստացել է «Կրասինսկի» ազգանունը (ըստ ընտանեկան պատկանելության, Կշեսինսկիները սերում էին Կրասինսկի կոմսերից), «Սերգեևիչ» հայրանունն ու ժառանգական ազնվական տիտղոս։ 1921 թվականի հունվարի 17-ին (30) Կաննի Հրեշտակապետ Միքայելի եկեղեցում մորգանատիկական ամուսնություն է կնքել մեծ իշխան Անդրեյ Վլադիմիրովիչի հետ, ով որդեգրել է նրա որդուն (վերջինս դարձել է Վլադիմիր Անդրեևիչ)։ 1925 թվականին կաթոլիկ եկեղեցուց անցել է ուղղափառին` Մարիա անունով։ 1926 թվականի նոյեմբերի 30-ին Կիրիլ Վլադիմիրովիչը նրան և նրա ժառանգներին տվել է իշխաններ Կրասինսկիներ, իսկ 1935 թվականի հուլիսի 28-ին` ամենապայծառափայլ իշխաններ Ռոմանովներ-Կրասինսկիներ ազգանունն ու կոչումը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Կշեսինսկայան մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ իր 100-ամյակին մի քանի ամիս էր մնացել։ Թաղված է Սենթ-Ժենևյեվ-դե-Բուա գերեզմանատանը, Փարիզի մոտ, ամուսնու ու որդու հետ նույն գերեզմանոցում։ Հուշաքարի վրա գրված է. «Ամենապայծառափայլ իշխանուհի Մարիա Ֆելիքսովնա Ռոմանովսկայա-Կրասինսկայա, Կայսերական թատրոնների վաստակավոր արտիստ Կշեսինսկայա»։

Անդրել Վլադիմիրովիչի, Մաթիլդա Կշեսինսկայայի և Վլադիմիր Կրասինսկու գերեզմանը Սենթ-Ժենևիեվ դե Բուա գերեզմանատանը

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1892 - արքայադուստր Ավրորա, «Քնած գեղեցկուհին», Մարիուս Պետիպա
  • 1894 - Ֆլորա, «Ֆլորայի արթնացումը», Մարիուս Պետիպա և Լև Իվանով
  • 1896 - Մլադա, «Մլադա» Մինկուսի երաժշտությամբ, Լև Իվանովի և Էնրիկո Չեկետիի բեմադրությամբ, վերականգնել է Մարիուս Պետիպան
  • 1896 - աստվածուհի Վեներա, «Աստղաբաշխական պա» «Կապտամորուսը» բալետում, Մարիուս Պետիպա
  • 1896 - Լիզա, «Մանրամասն նախազգուշացում», Մարիուս Պետիպա և Լև Իվանով
  • 1897 - աստվածուհի Թետիս, «Թետի և Պելևս», Մարիուս Պետիպա
  • 1898 - Ասպիչիա, «Փարավոնի դուստրը» Մարիուս Պետիպա
  • 1899 - Էսմերալդա, «Էսմերալդա», Ժյուլ Պերո, Մարիուս Պետիպայի նոր խմբագրմամբ
  • 1900 - Կոլոս, «Տարվա ժամանակներ», Մարիուս Պետիպա
  • 1900 - Կոլոմբինա, «Առլեկինադա», Մարիուս Պետիպա
  • 1900 - Նիկիա, «Բայադերա», Մարիուս Պետիպա
  • 1901 - Ռիգոլետա, «Ռիգոլետա, փարիզյան նորաձև կին», Էնրիկո Չեկետի
  • 1903 - արքայադուստր, «Հրաշագործ հայելի», Մարիուս Պետիպա
  • 1907 - Էվնիկա, «Էվնիկա», Միխայիլ Ֆոկին
  • 10 մարտի, 1912 - թիթեռնիկ, «Թիթեռնիկներ», Միխայիլ Ֆոկին
  • 28 նոյեմբերի, 1915 - աղջիկ, «Էրոս», Միխայիլ Ֆոկին

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիլդա Կշեսինսկայան եղել է հետևյալ գրական ստեղծագործությունների հերոսը.

  • Վ. Ս. Պիկուլ. «Անմաքուր ուժ», քաղաքական վեպ, 1991։
  • Բորիս Ակունին. «Թագադրում», 2002։
  • Գենադի Սեդով. «Տիկին 17. Մաթիլդա Կշեսինսկայա և Նիկոլայ Ռոմանով», 2006։
  • Տ. Բրոնզովա. «Մաթիլդա. սեր և պար», 2013։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաթիլդա Կշեսինսկայա. երևակայություններ թեմայով» (1993)
  • «Կայսրության աստղը». ռուսական չորսսերիանոց ֆիլմ, 2007։ Կշեսինսկայայի դերում` Վիկտորիա Սադովսկայա-Չիլապ
  • «Մաթիլդա», Ալեքսեյ Ուչիտելի գեղարվեստական ֆիլմը պարուհու և Նիկոլայ Ալեքսանդրովիչի սիրավեպի մասին։ Նախապրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին[8]։ Մաթիլդայի դերում լեհ դերասանուհի Միխալինա Օլշանսկայան է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 Кшесинская М. Воспоминания. — М., 1992.
  3. Ю. А. Бахрушин. Балеты Чайковского и их сценическая история. В сб.: «Чайковский и театр», стр. 115
  4. Ալեքսանդր Բենուա, Мои воспоминания. В пяти книгах. т. 1 и т. 2. Изд. второе, доп. М., Изд. «Наука» 1990. См. Том 2, с.366.
  5. Теляковский. Запись в дневнике от 24 октября 1911 года // Зильберштейн, Самков, 1982, Т. 2, С. 117.
  6. М. В. Родзянко. Крушение империи. — Гибель монархии. — М.: Фонд Сергея Дубова. — (История России и Дома Романовых в мемуарах современников. XVII-XX вв.).
  7. Миллиардер из России выставил на продажу особняк балерины Кшесинской
  8. «Никакой порнографии». Первые зрители о «Матильде» Алексея Учителя

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]