Ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1898 թվականին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։ Ամիրյանը գաղափարական բարդ ուղի է անցել։ 1902-1906 թթ. հարել է ՀՅԴ-ին։ 1906 թվականին լույս է տեսել Ամիրյանի «Ժամանակն է սթափվելու», 1907 թվականին՝ «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով)։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910 թվականին բանտից դուրս գալուց հետո Ամիրյանն անցել է Բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-քարոզչական գործունեություն է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ 1917-1918 թվականներին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский Рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել է աշխատավորությանը։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ[2]։
Օգտագործել է Ա., Ա. Ամ., Ամիրյան, Զարգար, Մրավյան, А., Ам., Ам-ан, Ам-ов, Ам-ян, А-н, Адмирал ծածկանունները[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 322)։