Օրեր (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագիր  
Առարկաներ
Լեզու հայերեն, չեխերեն, անգլերեն
Խմբագիր Հակոբ Ասատրյան, գլխավոր խմբագիր
 Հրատարակության մանրամասնություններ
Երկիր Չեխիա Չեխիա
 Հրատարակության պատմություն 1999 թ., սեպտեմբերից
Հաճախականություն Երկամսյա
Հղումներ

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիր լույս է տեսնում Պրահայում 1999 թվականի սեպտեմբերից։ Հրատարակիչը ոչ կառավարական Կովկաս-Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է՝ Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ։ Երկամսյա պարբերականը հայաստանյան իրադարձություններից զատ, լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլև անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական ու համայնքային կյանքին:

«Օրեր»–ը մեծ տեղ է հատկացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերին, տնտեսական համատեղ ծրագրերին։ Լայնորեն լուսաբանվում են հայ-չեխական բոլոր ձեռնարկները, հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրվում Չեխիայի նշանավոր մարդկանց, կառավարության անդամների ու հասարակական գործիչների հետ։

Արվեստին նվիրված էջերը ներկայացնում են Հայաստանում և Եվրոպայում տեղի ունեցող կարևոր մշակութային միջոցառումները, նոր լույս տեսած գրքերը, հայ և օտար նկարիչներին, երաժիշտներին, գրողներին։ Մարզական էջերում հոդվածներ են տպագրվում հաջողությունների հասած հայ մարզիկների մասին։

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տարածվում է 25 երկրներում՝ Չեխիայի Հանրապետությունում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել]