Քերոնեայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերոնեայի ճակատամարտ
հունամակեդոնական պատերազմ
Battle of Chaeronea, 338 BC hy.gif
Քերոնեայի ճակատամարտի քարտեզ
Թվական 338 մ.թ.ա., 2 օգոստոսի
Վայր Բեովտիա, Հին Հունաստան
Արդյունք Մակեդոնիայի հաղթանակ
Հակառակորդներ
Մակեդոնիա Աթենք և Թեբե Հունաստան
Հրամանատարներ
թագավոր Փիլիպոս II Մակեդոնացի
արքայազն Ալեքսանդր Մակեդոնացի
Ֆեագենոս, Հորես, Լիսիկլոս, Ստրատոկլոս, Պռոքսենոս
Կողմերի ուժեր
30 հազար հետևակազոր,
2 հազար հեծելազոր
28-35 հազար հետևակ
Կորուստներ
անհայտ 1000 աթենացի՝ զոհված, 2000՝ գերեվարված

Քերոնեայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 338 թ. օգոստոսի 2-ին, Փիլիպոս Մակեդոնացու ու հունական պոլիսներ Աթենքի ու Թեբեի միացյալ ուժերի միջև։ Ճակատամարտը տեղի է ունեցել Բեովտիայի նահանգում գտնվող Քերոնեա քաղաքի մոտակայքում։ Այն ավարտվեց Փիլիպոս II–ի կատարյալ հաղթանակով, որն ազդարարեց հունական պոլիսների պարտությունը։

Իր հիշատակի հավերժացման հարցում Փիլիպոսը այնքան հետևողական չէր, որքան Ալեքսանդրը։ Դա է պատճառը, որ Փիլիպոսի հետ կապված պատմագրությունը թերի է, և մի շարք տեղեկություններ մեզ են հասել միայն Ալեքսանդրի հետ կապված լինելու շնորհիվ։ Մեզ հասած Քերոնեայի ճակատամարտի նկարագրությունները ոչ ամբողջական են, իսկ առանձին մանրամասները՝ մշուշոտ։

Մ.թ.ա. 339 թ. Փիլիպոսը ներխուժեց Միջին Հունաստան և զբաղեցրեց դեպի Հելլադայի կենտրոնը տանող կարևորագույն լեռնանցքները։ Այդ պայմաններում Դեմոսֆենոսը սկսեց եռանդուն հակամակեդոնական գործունեություն ու Փիլիպոսի դեմ ոտքի բարձրացրեց բազմաթիվ հելլենիստական պոլիսներ։ Մակեդոնական սպառնալիքը միավորեց մինչ այդ թշնամի Աթենքն ու Թեբեն, որոնք և գլխավորեցին շարժումը։ Սկզբնական շրջանում հունական միացյալ ուժերի գործողությունները պսակվեցին հաջողությամբ։ Փիլիպոսը լարեց իր ամբողջ ուժերը, և Քերոնեա քաղաքի հարևանությամբ, Բեովտիա նահանգի Թեբե պոլիսի շրջակայքում վճռորոշ մարտի հրավիրեց հունական միացյալ զորքը։

Յուրաքանչյուր կողմը դուրս բերեց 30 000-ոց բանակ։ Հույների զորքը կազմած էր հետևակային զորքից, հիմնականում՝ փաղանգից։ Հունական հետևակում ընդգրկված էր նաև այսպես կոչված «սրբազան լոքոս», հատուկ ջոկատը, որը կազմած էր համասեռահակ թեբեացի զինվորներից։ Նրանք կռվի էին դուրս գալիս զույգերով և ցուցադրում անգերազանցելի վարպետություն ու խիզախություն։ Միացյալ զորքը համալրված էր նաև վարձկաններով ու քաղաքացիներից կազմած աշխարհազոր գնդերով։ Դեմոսֆենոսը անձամբ էր դուրս եկել կռվի դաշտ։

Փիլիպոսի զորքում փաղանգից բացի, մասնակցում էին հեթայրներ ու թեսալական հեծելազոր, ընդհանուր քանակով 2000 ձիավոր, որոնց գլխավորում էր 18-ամյա արքայազն Ալեքսանդրը։

Հակառակորդող փաղանգները դիրքավորվեցին ճակատ առ ճակատ, իսկ Ալեքսանդրի հեծելազորը՝ ընդդեմ « սրբազան լոքոսի»։ Փիլիպոսը ղեկավարում էր աջ թևը, Ալեքսանդրը ՝ ձախ։

Հակառակորդ կողմերի փաղանգները մտան մերձամարտի մեջ, փոխադարձաբար իրար դանդաղորեն հետ ու առաջ հրելով։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրը կատաղի գրոհ արձակեց «սրբազան լոքոսի» դեմ, որի արդյունքում ոչ մի քայլ մակեդոնացիներին չզիջաց զինվորները, բոլորը մի մարդու պես, հերոսաբար ընկան կռվի դաշտում։ Երբ Փիլիպոսին տեղեկացրին, որ Ալեքսանդրի ձեռքերը ազատվել են, նա իր թևին մի փոքր նահանջելու հրաման տվեց։ Ոգևորվելով մակեդոնացիների հետ քաշվելուց, հույները անկանոն առաջ մղվեցին, անտեղյակ այն մասին, որ Ալեքսանդրի գունդը պատրաստվել է գրոհի։ Աթենացի հրամանատար Լիսիկլոսը հրճվանքով գոչեց. « Հաղթանակը մե՛րն է։ Հե՛տ քշենք թշնամուն մինչև Մակեդոնիայի սիրտը»։ Բայց հունական զորքի առաջ խաղացումը խախտեց նրանց աջ ու ձախ թևերի մարտակարգը։ Դրան սպասող Փիլիպոսը նկատեց. «Թշնամին չգիտի հաղթանակ տանել»։

Ալեքսանդրի հեծելազորի մի մասը ներխուժեց առաջացած բացակի մեջ, իսկ մյուսը շրջանցեց թշնամուն ու հարվածեց թիկունքից։ Հունական զորքը խառնվեց ու անկանոն փախուստի դիմեց։

Պատմում են, որ Փիլիպոսը այն աստիճան էր ուրախացած տարած հաղթանակով, որ պարեց կռվի դաշտում, դիակների մեջ, նսեմացնելով պարտված ու գերեվարված թշնամուն։ Քերոնեայի ճակատամարտում առաջին անգամ դրսևորվեց 18-ամյա Ալեքսանդրի ռազմական տաղանդը։

Քերոնեայի ճակատամրտը ազդարարեց հունական պոլիսների պարտությունը և նրանք հերթով ընդունեցին Մակեդոնիայի գերիշխանությունը։ Փիլիպոսը, սակայն, տրամադրված չէր նրանց խիստ պատժել, քանի որ պատրաստվում էր ընդունել Հունաստանի ու Մակեդոնիայի միասնական գերագույն հրամանատարությունը և արշավ սկսել Պարսկաստանի դեմ։ Ի կատարումն այդ ծրագրի, մ.թ.ա. 337 թ. Փիլիպոսի նախաձեռնությամբ հունական պոլիսների միջև հաստատվեց դաշինք (Կորնթոսյան միություն), որը վավերացրեց Փիլիպոսի հանձն առած պարտավորությունները։

Փիլիպոսի վախճանից հետո, մ.թ.ա. 335 թվականին, երբ Ալեքսանդրը ճնշում էր նորից գլուխ բարձրացրած հունական պոլիսներին, անխոնջ Դեմոսֆենոսը վերսկսկեց իր հակամակեդոնական քարոզչությունը։ Այս անգամ Ալեքսանդրի հակահարվածը անողոք եղավ՝ նա պաշարեց Թեբեն, ջարդեց 6000 հոգի ու գերեվարեց 30000 բնակիչ, իսկ քաղաքը գետնին հավասարեցրեց։

Քերոնեայի առյուծի վերականգնած արձանը

Քսանմեկ դար անց, 1818 թվականին, Քերոնեայի դաշտում հայտնաբերվեցին առյուծի արձանի բեկորներ, որը կանգնեցված էր ի հիշատակ զոհված հերոսների՝ երախտապարտ թեբեացիների կողմից։ Այնուհետև պեղահանվեց 256 զինվորների աճյուն։ Քերոնեայի առյուծի արձանը այժմ վերականգնած է։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
  • Под ред. Бокщанина М. История древнего мира. Рим и Греция. Москва.։ “Просвещение”, 430 с., 1982
  • М. Дандамаев. Политическая история Ахеменидской державы. Москва.։ “Наука”, 316 с.,1985
  • В. Дюрант. Жизнь Греции.Москва, “Крон-Пресс”, 703 с., 1997
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва.։ "Центрополиграф", 350 с., 2003
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва.։ "Наука", 384 с., 1984
  • И. Шифман. Александр Македонский. Ленинград.։ "Наука", 207 с., 1988
  • Рита Арутюнян. http://ru.scribd.com/doc/113684627/Александр-Македонский