Գրանիկոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանիկոս գետի ճակատամարտը
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
Crossing of the Granicus, Gérard Audran after Charles Le Brun, 1672.jpg
Գրանիկոս գետի ճակատամարտը։ Պարսիկ ձիավորը Ալեքսանդրի գլխին մարտական կացնիկ է բարձրացրել։ Հետևում գտնվող Կլիթոսը փրկում է Ալեքսանդրի կյանքը
Թվական 334 մ.թ.ա. մայիս
Վայր Գրանիկոս գետ, թափվում է Մարմարա ծով, Առաջավոր Ասիա, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա)
Արդյունք Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակ
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա,
Կորնթոսյան միություն
Աքեմենյան տիրություն,
Պարսկաստան
Հրամանատարներ
Ալեքսանդր Մակեդոնացի,
Պարմենիոն, Կլիթոս,
գեներալներ
Հույն Մեմնոն,
Փոքր Ասիայի
կուսակալների խորհուրդ
Կողմերի ուժեր
5 հազար հեծելազոր,
40 հազար հետևակազոր
20 հազար հեծելազոր,
20 հազար հետևակազոր
(այդ թվում հունական վարձնազորք)
Կորուստներ
զոհված՝ 85 հեծյալ,
300 հետևակային (Արիանոս)
զոհված՝ 1000 հեծյալ,
3 հազար հետևակային,
գերեվարված՝ 2000 հունական հետևակային (Պլուտարքոս)

Գրանիկոս գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա), ոչ հեռու առասպելական Տրոյայի փլատակներից։ Այն ճանաչված է որպես Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավում տարած առաջին հաղթանակը։

Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար Մեմնոնը։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ենթարկվել խորհրդի որոշմանը։

Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր ափին։ Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար Պարմենիոնը, գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և պատշաճ ձևով պատրաստվել ճակատամարտին։ Ալեքսանդրը պատասխանեց, որ ՛՛Հելլեսպոնտոս կտրած բանակը չպե՛տք է վախենա գետանցումից՛՛։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին՝ նրանց գետանցման ավարտի պահին։ Այդ նպատակով պարսիկները գետի ափին տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին, շարելով հունական հետևակը երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ հունական ջոկատները փաստորեն սեղմվեցին ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։

Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի ելավ սպիտակ փետրափնջով զարդարած փայլուն սաղավարտով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։

Գրանիկոսի ճակատամարտ.gif

Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնը, ընդունելով հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նրան հաջողվեց անձամբ տապալել մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով զինված պարսիկ հեծյալը, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Կլիտոսը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը և հզոր գրոհ ձեռնարկեց՝ հակառակորդին փախուստի մատնելով։

Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում ապահովեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում տեղանքի կտրտվածության պատճառով մակեդոնական փաղանգը մասնակցություն չունեցավ։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների (ընդամենը մոտ 100 զինվորի) մասին, իսկ պարսիկներինը՝ հազարների: Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհ III-ի ավագ որդին, մի շարք անվանի զորավարներ ու կուսակալներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները Ալեքսանդրի կողմից արժանացան պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և կաջալերեց նրանց։ Գերի ընկած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմում կռվելու համար։

Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Փոքր Ասիա։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003