Քարնեգի գրադարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Քարնեգիի դիմանկարը ԱՄՆ-ի Ազգային դիմանկարային պատկերասրահում

Քարնեգի գրադարաններ (անգլ.՝ Carnegie library), շոտլանդական ծագումով ամերիկացի գործարար և բարերար Էնդրյու Քարնեգիի (1835—1919) նվիրատվությամբ կառուցված գրադարաններ։

1883-ից մինչև 1929 թվականն ընկած ժամանակահատվածում կառուցվել է 2509 Քարնեգի գրադարան, այդ թվում՝ 1689 գրադարան ԱՄՆ-ում, 660-ը՝ Բրիտանիայում և Իռլանդիայում, 125-ը՝ Կանադայում, մնացած 35-ը՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սերբիայում, Կարիբյան կղզիներում, Մավրիկիայում և Ֆիջիում։

1919 թվականին՝ գրադարանի կառուցման համար վերջին դրամաշնորհի տրամադրման պահին ԱՄՆ-ում կային 3500 գրադարաններ, որոնցից գրեթե կեսը կառուցվել են Քարնեգիի դրամաշնորհներով հատկացված միջոցներով։

1992 թվականին Նյու Յորք Թայմս թերթը հաղորդել Է, որ ԱՄՆ-ում Քարնեգի գրադարանների 1689 կառուցված շենքերից դեռ կան 1554-ը և դրանցից 911-ը օգտագործվում են որպես գրադարաններ։

Նրանցից 276-ը մնացել է անփոփոխ, 286-ը ընդլայնվել է, 175-ը վերափոխվել է[1]։ Օրինակ, Քարնեգի գրադարանների 39 շենքերից, որոնք մտնում են Նյու Յորքի հանրային գրադարանի համակարգի մեջ, 31 շենքը դեռևս գործում է։

Քարնեգի գրադարանների շատ շենքեր ընդգրկված են ԱՄՆ պատմական վայրերի ազգային փաստաթղթերի գրանցամատյանում։ ԱՄՆ-ում կառուցված Քարնեգիի գրադարաններից առաջինը՝ Բրեդդոկ քաղաքի գրադարանը, 2012 թվականին ճանաչվել Է որպես ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարնեգիի առաջին գրադարանը ԱՄՆ-ում (ք. Բրեդդոք, Փենսիլվանիա)

Քարնեգիի առաջին գրադարանը աշխարհում կառուցվել է 1883 թվականին իր հարազատ քաղաք Դանֆերմլինում (Շոտլանդիա)։ Քարնեգիի առաջին գրադարանը ԱՄՆ-ում կառուցվել է 1889 թվականին Փենսիլվանիա նահանգի Բրեդդոկ քաղաքում, որտեղ տեղակայված էր Էնդրյու Քարնեգիի հանքերից մեկի ընկերությունը։ Ի սկզբանե Քարնեգին ցանկացել է սահմանափակվել իր ընտրած մի քանի քաղաքներում գրադարանների կառուցմամբ, սակայն 1890 թվականից գրադարանների թիվը սկսել է աճել, ինչը կապում են քաղաքացիական պատերազմից հետո ի հայտ եկած կանանց ակումբների ակտիվության աճի հետ։

Այս ակումբները կազմակերպել են աջակցություն գրադարանների ստեղծման հարցում, ներառյալ նվիրատվությունները և լոբբինգը՝ գրադարանների գործունեությունում աջակցելու տեղական բնակչությանը։ Կանանց ակումբների գործունեության շնորհիվ ամբողջ երկրում ստեղծվել է գրադարանների շուրջ 85%-ը։

ԱՄՆ-ում ռասայական սեգրեգացիայի քաղաքականությանը համապատասխան՝ սևամորթներին արգելվում էր մուտք գործել հանրային գրադարաններ, հատկապես հարավային նահանգներում։

Գրադարանների համատեղ օգտագործման հասանելիության փոխարեն, Քարնեգին աֆրոամերիկացիների համար հիմնել է առանձին գրադարաններ։ Օրինակ, Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում կառուցվել է Քարնեգիի Գունավոր Գրադարանը (Colored Carnegie Library):

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարնեգի գրադարաններ» հոդվածին։