Քաշաթաղի մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշաթաղ (այլ կիրառումներ)
Քաշաթաղի մելիքական ապարանք
Meliqashen, Haykaz Meliq's House - panoramio.jpg
Ժամանակակից կարգավիճակ`վերանորոգված
Երկիր`Քաշաթաղի մելիքություն
Հիմնող`Մելիք-Հայկազ Ա
Կառուցման
ժամանակաշրջան`
15 դարի վերջ

Քաշաթաղի մելիքական ապարանք, 15-րդ դարի ապարանք ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (ադրբեջաներեն՝ Լաչին), Բերձոր քաղաքում, տարածաշրջանի հայտնի Աղավնո և Ծիծեռնավան վտակների ձախ ափին։ Վերջինիս մասին առաջին անգամ վկայել է անվանի հայագետ Մորուս Հասրաթյանը[1]։

Ապարանքը մելիքական համալիրի մասն է կազմում։ Կառուցել է Քաշաթաղի մելիքության հիմնադիր, Պռոշյաններ հայ իշխանական տոհմի ամենակրտսեր ճյուղի առաջին ներկայացուցիչ Մելիք-Հայկազյան Ա-ն և եղել է Քաշաթաղի մելիքության առաջին նստավայրը։ Կանգուն է եղել 15-18-րդ դարերում։ Մինչև 20-րդ դարի ավարտը շինությունն ավերակ վիճակում է եղել։ 1993 թվականից հետո այն վերակառուցվել է որպես հյուրատուն-հյուրանոց։ Հնարավորինս վերականգնվել է շենքի նախնական տեսքը և այն ծառայում է որպես հյուրատուն-հյուրանոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաշաթաղը համարվում է միջնադարյան Սյունյաց աշխարհի արևելյան այն ծայրագավառը, որը Աղավնո գետի հովտով հարակից է Արցախ-Խաչենին։ Հատկանշական է նաև այն, որ 13-րդ դարում գավառի մի մասը կոչվել է Խոժոռաբերդ, որը հետագայում անվանակոչվել է՝ «Քշտաղի Երկիր» (Քաշաթաղ-Քշտաղ)[1]։

Քաշաթաղի Մելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը հայաբնակ, բավականին բարգավաճ ու համարյա անկախ կարգավիճակով կազմավորում է եղել, որի տոհմի հիմնադիրը իշխան Հայկազն է՝ սերված Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից, ով ապրել է 1450-1520 թվականներին։ Քաշաթաղի ապարանքը վերագրվում է հենց Մելիք-Հայկազ Ա-ին՝ թվագրված 15-րդ դարի վերջով։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն 16-րդ դարի սկզբում Հայկազի որդի Հախնազարը գավառի աթոռանիստը տեղափոխել էր Քաշաթաղից ոչ հեռու Խնածախ գյուղը՝ կառուցելով այնտեղ միանգամայն նոր ապարանք[2]։ Իհարկե այս ամենով Քաշաթաղ-մելիքանիստի դերը ավելի է հզորացել՝ պայմանավորված հարմարավետ աշխարհագրական դիրքով և Ծիծեռնավանքի վեհաշուք տեսքով[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաշաթաղ ավանի ամրոցատիպ համալիրը վերցված է 29,0 × 36,0 մ ուղղանկյուն հատակագծով շրջապարսպի մեջ, կանգնած է արհեստականորեն ստեղծված դարավանդի վրա։ Անդրադառնալով մելիքական ամրոցատիպ կառույցներին՝ կարելի է նշել, որ այն իսկական ամրոց է կառուցված ժայռոտ լանջի հովտամերձ մասում։ Այն սկզբնականում կազմված է եղել թիկունքով լանջին հպված իրար կից երեք դահլիճից (4,0 × 6,0 մ) և դրանց մուտքային ճակատը բռնող սյունազարդ կամարասրահից (4,0 × 14,0 մ), որոնք ըստ Մորուս Հասրաթյանի հրապարակած լուսանկարի, 1950-ականներին դեռևս կանգուն էին։ Շինությունների այս խումբը լիովին ավերակ է եղել ու հողածածկ՝ ունենալով փայտաշեն շինվածքով հարթ ծածկ։

Հիշատակման է արժանի նաև արևմտյան հատվածում կցակառուցված երկհարկանի դահլիճը, որի կարևորագույն լայնական ճակատը կամարասրահի շարունակության մաս է կազմում։ Այստեղ դահլիճը երկու հարկում էլ միաչափ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով, ճակտոնավոր երկլանջ տանիքով։ Առաջին հարկի կամարակապ շքամուտքը և եզակի պատուհանը տեղադրված են բակի կողմում, որոնց հանդիպակաց պատի կենտրոնում երևում է սաղավարտագլուխ օջախ-բուխարին՝ առնված համաչափ դասավորությամբ պահարանախորշերի մեջ։ Դահլիճի արևմտյան պատի երկայնքով հպված քարե շքասանդուղքը բարձրանում է երկրորդ հարկ, որի բակահայաց ճակատը լուծված է եզրային որմնաելուստների վրա հենվող և ծածկաթաղի թռիչքն ընդգրկող կամարային բացվածքով։

Ապարանքի մոտ 1մ հաստությամբ պատերը հիմնականում իրականացված են գրեթե անտաշ քարից, որոնցից սրբատաշ են միայն պատերի, բացվածքների որմնախորշերի և կամարների եզրաշարվածքը։ Առանձնակի հետաքրքրությամբ առանձնակում են հատկապես երեսբաց վերնասրահի մշակումը, որի ճակատի շարվածքը գրեթե ամբողջովին սրբատաշ է, շեշտված երկաստիճան, լայնաթռիչք կամարաղեղով, ծածկաթաղի հիմքն ընդգրկված է ուղղանկյուն հատվածի նուրբ որմնագոտիով, արևմտյան պատի երկու լայն բացվածքներն ունեն մոտ 1,5 մ երկարությամբ միակտոր քարե բարավորներ, տանիքը երեսապատված հարթ ծածկասալերով։ Ապարանքի կրկնակ դահլիճի երեսբաց վերնասրահը համարվում է մելիքական տան գլխավոր դահլիճը, Մելիք-Հայկազ Ա-ի ամառային ընդունարան-գահանիստը, իսկ առաջին հարկը՝ մելիքի բուն բնակարանը։

Հուշարձանն ունի նաև ինքնատիպ սյունազարդ կամարասրահ, որտեղ պարփակող պատերի մեջ թողնված պահարանախորշերը վկայում են, որ այն որպես պատշգամբ է ծառայել մելիքական տան անդամների համար։ 1992 թվականին շրջանի ազատագրումից հետո երևաց, որ ադրբեջանցիները պեղել ու նորոգել են ապարանքը և կամարասրահը, ովքեր իրենց հատուկ զեղծարարությամբ անտեսել են ոչ միայն բակի խորշաչափ, միակտոր սյունաբները՝ դրանց տեղում կառուցելով սրբատաշ շարվածքով քառակող մույթեր, այլև հայտնաբերված խարիսխներն ու խոյակները, որոնց փոխարեն դրել են երկաստիճան պատվանդաններ ու խոյականման վերնամասեր։ Բացի այդ, «նույն ձեռագրով» երեսբաց վերնասրահի կամարակապ ճակատը կրկին փակել են պատով` կառուցելով հուշարձանին ոչ բնորոշ պարսպամուտքի դարպաս։

Քաշաթաղի մելիքական ապարանքը 15-րդ դարից մեզ հասած այն եզակի կառույցներից է, որն աչքի է ընկնում դարաշրջանին բնորոշ իր համեստ ճարտարապետական հորինվածքով ու յուրօրինակ լուծումներով։

Ապարանքի շուրջ ձևավորված գյուղ. Մելիքաշեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծեռնավանք գյուղի հարևանությամբ՝ մոտ 1կմ հարավ, գտնվում է Մելիքաշեն գյուղը, որը միջնադարում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Խնածախ գյուղին զուգահեռ։ Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը, իր գրքում նկարագրելով այս փոքր բնակավայրը, որտեղ է ապարանքը, գրում է, որ այն եղել է Քաշաթաղ բնակավայրը և մելիքանիստը։ Նշելով մելիքական ապարանքի մասին՝ գրում է.

Aquote1.png …Սովորաբար դրանք առանձին դղյակներ կամ պալատներ էին։ Ամեն դեպքում դրանք իրենց ամրությամբ ու շքեղությամբ մեծապես տարբերվել են մյուս բնակիչների տներից, իսկ Աղավնո գետի հովտի գյուղերից միայն ներկայիս Սուլթանքյանդում/18-րդ դարում, երբ հայաթափվեց Աղավնոյի հովիտը, այստեղ բնակություն հաստատած քրդերը մելիքանիստ գյուղը կոչել են Սյուլթանքյանդ, որը գոյություն է ունեցել և գրեթե ամբողջությամբ պահպանվել է միջնադարյան իշխանական պալատի կամ մելիքական ապարանքի հուշարձանախմբում[3]։ Aquote2.png


1993 թվականին ազատագրվել է հայոց այս տարածքը, և բնակավայրերը վերահայացել են։ Կիսավեր վիճակում մեզ է հասել Մելիք-Հայկազյանների ապարանքը։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն իրենց ոճով ձևափոխել էին հուշարձանը։ Ազատագրումից հետո այն վերակառուցվել է որպես հյուրատուն-հյուրանոց։ Հնարավորինս վերականգնվել են շենքի նախնական տեսքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]