Քաղցրարմատ
Քաղցրարմատ | |
![]() Քաղցրարմատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Մատուտակ (Glycyrrhiza) |
Տեսակ | Քաղցրարմատ (G. glabra) |
Միջազգային անվանում | |
Glycyrrhiza glabra | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Քաղցրարմատ (լատ.՝ Glycyrrhiza glabra), բակլազգիների ընտանիքի մատուտակ ցեղի բազմամյա երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի լավ զարգացած արմատահամակարգ։ Արմատներն ունեն հողի մակերեսից 15-60 սմ խորություն, առաջանում են հորիզոնական ստորգետնային ցողուններ։ Վերգետնյա օրգաններ առաջանում են հողի մակերեսին ավելի մոտ գտնվող ստորգետնյա ցողուններից։ Յուրաքանչյուր անգամ արմատը կամ նրա հատվածը կտրելուց 14-20 օր հետո առաջանում են նոր ցողուններ (հասնում են 100-150 սմ բարձրության)։ Հայաստանի Արարատյան հարթավայրերում և նախալեռնային գոտու ջրովի և թաց հողատեսքերում խանգարում է բոլոր դաշտային կուլտուրաների ցանքերը, պարտեզները։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաստ և կարճ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է, որն ունի երկար իլիկաձև արմատ և հորիզոնական արմատների համակարգ։ Ճյուղավոր, մինչև 1,5 մ բարձրությամբ ցողունները պատված են նուրբ թավով։ Հերթադիր երկար, կենտ-փետրաձև տերևները կազմված են ստորին մասը մանր գեղձիկներով պատված փոքր երկարավուն կամ ձվաձև տերևիկներից։ Փուխր անոթային ողկույզներում հավաքված են բաց մանուշակագույն կամ սպիտակավուն ծաղիկները։ 2-6 սերմերով պտուղները ամուր երկարավուն գորշագույն ունդեր են։ Բույսը բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է խոտառատ խոնավ վայրերում, գետափերին, այգիներում և ցանքսերում։ Հանդիպում է Շիրակի, Արարատի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու և գեղազարդաային բույս է։ Որոշ երկրներում աճեցվում է[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, կոճղարմատները և ստորգետնյա ընձյուղները։ Օգտագործում են նաև սննդի մեջ՝ պատրաստելով գինի, կվաս, գարեջուր, հրուշակեղենի որոշ տեսակներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|