Փոքրասիական գետնասկյուռ
Փոքրասիական գետնասկյուռ | |
![]() Փոքրասիական գետնասկյուռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Կրծողներ (Rodentia) |
Ընտանիք | Սկյուռանմաններ (Sciuridae) |
Ցեղ | Գետնասկյուռներ (Spermophilus) |
Տեսակ | Փոքրասիական գետնասկյուռ (S. xanthoprymnus) |
Միջազգային անվանում | |
Spermophilus xanthoprymnus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Փոքրասիական գետնասկյուռ (լատին․՝ Spermophilus xanthoprymnus), սկյուռանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Թուրքիայում` Կենտրոնական և Արևելյան Անատոլիայում։ Հանդիպում է նաև Հայաստանում։ Բնակեցնում է հիմնականում Հայաստանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանները, Արագածոտնի, Շիրակի և Լոռվա հարավարևմտյան անտառազուրկ տարածքները[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցնում է նախալեռնային կիսաանապատի վերին մասերը, լեռնային տափաստանը, մարգագետնային տափաստանը և երբեմն նաև ենթալպյան գոտու ստորին մասը՝ ծովի մակարդակից 1100–2400 մ բարձրություններում։ Հանդիպում է նաև Փամբակի հովտում և Շիրակի հարթավայրում` դաշտերի ու բանջարանոցների եզրերի մոտ, երբեմն` լքված գյուղերի փլատակներում։
Հիմնականում բուսակեր է, ձմեռման անցնելուց առաջ սնվում է, խիստ ճարպակալում և պահեստում վայրի ու մեծ քանակությամբ հացազգիների սերմեր։ Արեալի տարբեր մասերում ձմեռման տևողությունը կազմում է 6,5-8,5 ամիս, ձմեռումից դուրս է գալիս մարտի սկզբից մինչև ապրիլի վերջը։ Գետնասկյուռի բները լինում են երկու տեսակ` պաշտպանական և բազմացման և գտնվում է մոտ 1,5 մ խորության վրա։ Ցերեկային ժամերին ակտիվ են։ Ձմեռումից դուրս գալուց 5-7 օր հետո սկսվում է զուգավորման ակտիվությունը, որը տևում 10-15 օր։ Ապրիլ-մայիս ամիսներին ծնվում են ձագերը, որոնք 4-6 հատ են[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղ արեալային խիստ մասնատված արեալով տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Արեալի սահմաններում ձմեռող բավականին կայուն թվաքանակով տեսակ է։ Միջին թվաքանակն արեալի տարբեր մասերում կազմում է 0,5-19,2 առանձնյակ 1 հեկտարի վրա։ Հայաստանում արեալի մակերեսը կազմում է 350 հազար հեկտար։ Տարածման մակերեսը չի գերազանցում 15-25 հազար հեկտարը, քանի որ բնակեցման վայրերն կրում են մոզայիկ բնույթ և խիստ մասնատված են։
Վտանգման հիմնական գործոնն է գյուղատնտեսական նպատակներով տարածքների յուրացումը։ Արեալի հարավային և կենտրոնական մասերում խոշոր բնակեցման վայրերը կամ լիովին ոչնչացել են, կամ էլ լքվել գետնասկյուռի կողմից։
Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական գետնասկյուռ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական գետնասկյուռ» հոդվածին։ |
|