Ծաղկափոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոշեհատիկից)
Jump to navigation Jump to search


Տարբեր ծաղկափոշիների հատիկների պատկեր ԱԷՄ-ով
Կակտուսի ծաղիկը և նրա առէջները՝ ծաղկափոշով

Ծաղկափոշի, սերմնավոր բույսերի փոշեհատիկների կուտակումը[1]։ Ծաղկափոշին իրենից ներկայացնում է գամետոֆիտ, որը զարգանում է մեգասպորանգիումում միկրոսպորներից և կատարում է փոշոտման ֆունկցիա, այսինքն՝ սերմնարանում գտնվող իգական գամետոֆիտի բեղմնավորում։

Ծաղկափոշու հասունացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկափոշու ներքին թաղանթը, որը կոչվում է ինտին, կազմված է պեկտինային նյութերից։ Ինտինը բարակ պարկի ձևով պատում է ծաղկափոշու պրոտոպլաստը։ Էքզինի անցքերի դիմաց ինտինը հաստացումներ է առաջացնում, որոնք մինչև ծաղկափոշու ծլումը փակում են մուտքը դրսից։

Փոշանոթում ծաղկափոշու հասունացման ժամանակ փոշեբներում զույգ-զույգ միանում են ընդհանուր խորշով և, վերջապես, պսակները բացվում են՝ ծաղկափոշու դուրս գալու համար։ Փոշանոթների բացվելը մեծ մասամբ պայմանավորված է էպիդերմիսի՝ վարնամաշկի բջիջների կծկվելով չորանալու ժամանակ, և ֆիբրոզային շերտի բարակապատ հատուկ շերտերի պատռվելով։ Այն տեղի է ունենում տարբեր եղանակներով, փոշանոթները մեծ մասը երկայնական ճեղքով են բացվոում։ Հաճախ նաև փոշանոթի գագաթին կլոր անցք կամ նեղ ճեղք է առաջանում։ Ծաղկափոշու դուրս գալու ճեղքը երկսեռ ծաղիկների մեջ կարող է առաջանալ ինչպես դեպի վարսանդի սպին դարձած կողմից (ինքնափոշոտվողներից շատերի ծաղիկներում) այնպես էլ սպիի հակառակ կողմից (խաչաձև փոշոտվողների ծաղիկներում)։ Միկրոսպորների (ծաղկափոշու) առաջացումով վերջանում է ծածկասերմների անսեռ բազմացումը։ Միկրոսպորը ծլում է դեռևս մայրական բույսի վրա։ Ծլելու ժամանակ միկրոսպորի կորիզը բաժանվում է միտոզով, որի հետևանքով երկու կորիզ է առաջանում։ Նրանք ըստ մեծության և ֆիզիոլոգիական առումով, միանման չեն։ Ավելի խոշոր և կլորավուն կորիզը խոշոր կորիզակով, կոչվում է վեգետատիվ։ Մյուսը՝ հաճախ իլիկաձև, քրոմատինով հագեցած կորիզը, որի շուրջն առանձնանում է ցիտոպլազմայի իր մասը կոչվում է գեներատիվ։

Ծաղկափոշու բջիջների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկափոշու բջիջների մեծությունը, ձևը, մակերեսը այնքան բնորոշ են, որ ծաղկափոշով կարելի է որոշել բույսերի տեսակները։ Ծաղկափոշու բջիջները լինում են կլոր, ինչպես լոբունը, դեղին առվույտինը, մատնունունը և այլն, երկարավուն և բիսկվիտաձև, ինչպես գազարինը, կողավոր, ինչպես ճարճատուկինը, եռանիստ, ինչպես լորենունը և այլն։

Ըստ էքզինի մակերեսի բնույթի ծաղկափոշու բջիջները լինում են հարթ, ինչպես կարմիր երեքնուկինը, իշառվույտինը, սոխինը, հաղարջենունը, եգիպտացորենինը և այլն, հատվածավորված, ինչպես եղեսպակինը, վիշապագլխինը, ֆացելիայինը և այլն, փշիկավոր, ինչպես արևածաղկինը, գեղավերինը և այլն, թմբիկավոր, ինչպես կռոտուկինը և այլն, փոսիկավոր, ինչպես գազարինը, ծվծվուկինը, եգիպտացորենինը, լորենունը, ձմերուկինը և այլն։

Ծաղկափոշու հատիկները մեծությամբ խիստ տարբերվում են։ Ծաղկափոշու խոշոր հատիկներ ունեն դդումը (մինչև 150 - 200 միկրոն) տուղտազգիները (մինչև 165 միկրոն)։ Բույսերի մեծ մասի միջին մեծության ծաղկափոշու բջիջն ունի 15-ից մինչև 50 միկրոն։

Ծաղկափոշին բույսերի էկոլոգիական ինֆորմացիայի փոխանցող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ դասական գենետիկայում իշխող տեսակետի՝ ծաղկափոշին կրում է միայն գենետիկական տեղեկատվություն, և իգական ծաղկի վրա ընկնող նրա քանակը դեր չի խաղում, քանի որ բեղմնավորման համար բավական է մի փոշեհատիկը։ 1977 թվականի Վիգեն Գեոդակյանը ենթադրեց, որ իգական ծաղկի վրա ընկնող փոշեհատիկի քանակը կարող է նաև կրել էկոլոգիական իմֆորմացիա արեալի դրության մասին[2][3]։ Ծաղկափոշու մեծ քանակությունը խոսում է միջավայրի օպտիմալ պայմանների մասին (արեալի կենտրոն, շատ արական բույսեր, աճի համար լավ պայմաններ և եղանակ), իսկ ծաղկափոշու քիչ քանակությունը կրում է ինֆորմացիա անբարենպաստ պայմանների մասին․ դա լինում է կամ ծայրամասում, որտեղ պոպուլյացիայի խտությունը նվազել է, կամ կենտրոնում՝ էքստրեմալ պայմանների դեպքում, որոնք վերացնում են առաջին հերթին արական առանձնյակներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пыльца // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Геодакян В. А. (1977) Количество пыльцы как регулятор эволюционной пластичности перекрестноопыляющихся растений. ДАН СССР, т. 234, № 6. с. 1460—1463.
  3. Геодакян В. А. (1978) Количество пыльцы как передатчик экологической информации и регулятор эволюционной пластичности растений. Жypн. общ. биологии. 39 № 5, с. 743—753.