Տիեզերական բժշկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերական բժշկագիտություն, բժշկագիտության նոր, արագ զարգացող բնագավառ, որի հիմնական խնդիրը տիեզերական թռիչքների անվտանգության ապահովումն է, թռչող տիեզերական սարքերում մարդու բնականոն կենսագործունեության, առողջության և բարձր աշխատունակության պահպանումը, տիեզերական թռիչքով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Տիեզերական բժշկագիտության ծագումը և զարգացումը պայմանավորված են ժամանակակից գիտության նվաճումներով, տիեզերական արագություններ զարգացնելու ունակ ռեակտիվ սարքերի ստեղծմամբ։ Տիեզերական բժշկագիտությունը համալիր գիտություն է, որն ընդգրկում է բժշկակենսաբանական, կենսաֆիզիկական, ֆիզիկաքիմիական, կենսաբանա-տեխնիկական և բազմաթիվ այլ գիտական հետազոտությունների ամբողջությունը, որի նպատակն է տիեզերական տարածության մեջ մարդու կենսագործունեության օպտիմալ պայմանների ստեղծումը։ Տիեզերքում թռիչքի պայմանների և գործոնների ազդեցությունն օրգանիզմի վրա ուսումնասիրում է տիեզերական ֆիզիոլոգիան։ Տիեզերական թռիչքների ժամանակ մարդու օրգանիզմի վրա կարող է ազդել գործոնների 3 հիմնական խումբ, առաջինը տիեզերական տարածությունը բնորոշում է որպես բնակավայր (գազային միջավայրի բարձր ջերմաստիճանի նոսրություն, իոնացնող ճառագայթում, ջերմահաղորդականության առանձնահատկություններ, երկնաքարերի առկայություն և այլն)։ Երկրորդ խումբը պայմանավորված է թռչող սարքերի շարժման հետ կապված գործոններով՝ արագացում, թրթռում, աղմուկ, անկշռություն և այլն։ Երրորդ խմբի գործոնները կազմում են արհեստական միջավայրում փոքրածավալ հերմետիկ խցիկի

Լևոն Օրբելու՝ Ֆիզիոլոգիա–հիգիենայի սկզբունքների հիմնադրի, աշխատավայրը

յուրատեսակ գազային կազմությունը և ջերմաստիճանային ռեժիմը, հիպոկինեզիան, մեկուսացումը, հուզական լարվածությունը, կենսաբանական ռիթմերի փոփոխությունը և այլն։ Սակայն տիեզերական թռիչքի գործոններից բացառիկը և լաբորատոր փորձերում գործնականորեն չվերարտադրվողը համարվում է անկշռությունը։ Անկշռության նշանակությունն ավելի մեծացավ երկարատև թռիչքների հետ կապված։ Թռչող սարքերի խցիկների համար արհեստական գազային մթնոլորտի ստեղծումը նախատեսում է ուսումնասիրել տարբեր գազային բաղադրության (ինչպես երկրի մթնոլորտին համարժեք), այնպես էլ ազոտը հելիումով փոխարինված կամ միագազ արհեստական մթնոլորտում երկարատև գտնվելու ֆիզիոլոգիական ազդեցությունը։ Կարևոր նշանակություն ունեն թռիչքի ժամանակ օրգանիզմի վրա ազդող անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի հարմարողական ռեակցիաները խթանող արհեստական գազային մթնոլորտի հետազոտությունները։ Այդպիսի մթնոլորտը, որը ընդհանուր ճնշման մակարդակով և թթվածնի պարունակությամբ համապատասխանում է միջին լեռնային պայմաններին, կոչվում է ակտիվ։ Բաց տիեզերքում կամ մոլորակների վրա տիեզերանավի աշխատանքը ապահովելու և հերմետիկությունը խախտվելու դեպքում կյանքը պահպանելու համար նախատեսված են տիեզերական սկաֆանդրներ։ Թռիչքների տևողության երկարացումը կապված է ժամանակի տեղաշարժով և կենսաբանական ռիթմերի վրա նրա ազդեցությամբ։ Այդ անբարենպաստ ազդեցության նկատմամբ հարմարողական պրոցեսների ուսումնասիրությունը հանգեցնում է թռիչքների ժամանակ աշխատանքի և հանգստի ռեժիմների մշակմանը։ Այդ դեպքերում հաշվի է առնվում, որ օրվա ռեժիմի փոփոխությունները կարող են հանգեցնել ֆիզիոլոգիական պրոցեսների անհամաժամանակացման։ Տիեզերական բժշկագիտության հիմնական բաժիններն են՝ տիեզերական թռիչքների անվտանգությունն ապահովող բժշկական ծառայությունը, տիեզերական ֆիզիոլոգիան և հոգեբանությունը, որոնք բացահայտում են տիեզերական թռիչքի գործոնների ազդեցության պայմաններում օրգանիզմի ֆունկցիաների կարգավորման և փոխհատուցման մեխանիզմները։ Մարդկության պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքները «Վոստոկ-1» և «Վոստոկ-2» տիեզերանավերով (համապատասխանաբար Յու․ Գագարին, Դ․ Տիտով) և հետագա խմբային թռիչքները հնարավորություն տվեցին արժեքավոր տվյալներ ստանալ օրգանիզմի վրա կոմպլեքս գործոնների ազդեցության վերաբերյալ։ Տիեզերական բժշկագիտություն զարգացել է բարձր լեռնային և ավիացիոն բժշկագիտության բազայի վրա։ Թռիչքների ժամանակ կենսագործունեությունն ապահովող համակարգերի ֆիզիոլոգիա-հիգիենային սկզբունքները մշակել են Լ․ Օրբելին, Վ․ Ստրելցովը, Ա․ Ապոլոնովը, Ա․ Լեբեդինսկին և ուրիշներ։ Տիեզերական բժշկագիտության գիտական հիմքը ԽՍՀՄ-ում տեսական բժշկագիտության բարձր մակարդակն է։ Է․ Հասրաթյանի, Մ․ Բրեստկինի, Ի․ Պետրովի, Վ․ Միրոլյուբովի և այլոց աշխատանքները մեծ դեր խաղացին օրգանիզմի վրա հիպօքսիայի, արագացման և թռիչքի ծայրահեղ այլ գործոնների ազդեցության պայմաններում ֆունկցիաների կարգավորման մեխանիզմների բացահայտման գործում։ Տիեզերական բժշկագիտության բաղկացուցիչ մասն է էքսոկենսաբանությունը, որն ուսումնասիրում է կենդանի մատերիայի գոյությունը և էվոլյուցիան Տիեզերքում։ Այն ընդգրկում է նաև տիեզերական միջավայրի պայմանների մոդելումը և ավտոմատ տիեզերական սարքերով հետազոտությունները։ Տիեզերական բժշկագիտության, որպես ինքնուրույն գիտության, ձևավորմանը նպաստեց կենսաբանական հետազոտությունների ծրագրի կատարումը, որն իրականացրին ԽՍՀՄ-ում երկրաֆիզիկական հրթիռներում, Երկրի արհեստական արբանյակում և տիեզերանավերում (Ն․ Սիսակյան, Վ․ Պարին, Վ․ Յազդովսկի, Օ․ Դազենկո, Ա․ Դենին և ուրիշներ)։ ԽՍՀՄ-ում Տիեզերական բժշկագիտության բնագավառի աշխատանքները ղեկավարում են ԽՍՀՄ ԳԱ և ԽՍՀՄ առողջապահության նախարարությանն առընթեր հատուկ հանձնաժողովը։ Ի․ Պ․ Պավլովի անվան ֆիզիոլոգների համամիութենական ընկերության կազմում գործում է ավիացիոն և տիեզերական բժշկագիտության բաժանմունքը։ Միջազգային և ազգային առավել խոշոր կազմակերպություններից են․ Ամերիկյան ավիատիեզերական բժշկական ասոցիացիան, Ավիացիոն և տիեզերական բժշկական ակադեմիան, Աստղագնացության Միջազգային ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեն։ ԱՄՆ-ում Տիեզերական բժշկագիտության խնդիրների մշակման և կոորդինացման հարցերով զբաղվում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 708