Տեսնել Նեապոլն ու մեռնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսնել Նեապոլն ու մեռնել (իտալ.՝ Vedi Napoli e poi muori, նեապ.՝ Vide Napule e po' muore, այլ տարբերակներ՝ «Տեսնել Նեապոլն ու նոր մեռնել», «Տես Նեապոլն ու մեռիր»[1]), թևավոր արտահայտություն, ըստ որի՝ կյանքում անպայման պետք է տեսնել Նեապոլի գեղեցկությունը և շքեղությունը։ Արտահայտության իմաստն ավելի խիստ է իտալերենից բառացի թարգմանության դեպքում՝ «Տե՛ս Նեապոլն ու հետո մեռի՛ր»։

Արտահայտությունը ծառայում է որպես ինչ-որ բանի բնութագրման միջոց, որն ավելի գեղեցիկ է, քան աշխարհի հրաշալիքները, ինչպես նաև որպես ամենանվիրական երազանքի իրականացումը (կամ մահվանից առաջ վերջին ցանկության), կյանքի ամենակարևոր գործի կատարումը նշելու համար։ Իտալերենից տարածվելով աշխարհի տարբեր լեզուներում՝ արտահայտությունը հաճախ օգտագործվում է այլ քաղաքների, տեսարժան վայրերի կամ դեպքերի նշումով, որով խոսողը փորձում է արտահայտել իր հիացմունքը։ Օրինակ՝ հայտնի է այդ արտահայտության «Տենել Փարիզն ու մեռնել» տարբերակը, որ օգտագործել է Իլյա Էրենբուրգը[2][3]։ Հովհաննես Շիրազն ունի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» խորագրով բանաստեղծություն։

Հաճախ արտահայտությունն օգտագործվում է հեգնական համատեքստում, երբ օգտագործվում է երկու դեպքերի միջև ընկած հնարավոր պատճառահետևանքային կապը, այսինքն՝ «Եթե տեսնես Նեապոլը, ապա կմեռնես»։ Նեապոլի վերաբերյալ այդ արտահայտության նման կիրառության պատճառ են դարձել տարբեր կարծրատիպեր՝ նախկինում այնտեղ մեծ տարածում ունեցող վեներական հիվանդություններից (մասնավորապես Ֆրանսիայում mal de Naples, այսինքն՝ «նեապոլիտանական հիվանդություն» արտահայտությունը սիֆիլիսի մեղմասություններից մեկն է[4]) մինչև նեապոլիտանական «Կամորա» հանցագործ կազմակերպության գործունեությունը[5]։ Արտահայտությունը բացասական իմաստով կարող է օգտագործվել այլ երևույթների վերաբերյալ նույնպես, օրինակ՝ «Ապրել մինչև կենսաթոշակ ու մեռնել»[6]։

Արևմտյան ժողովրդական ստուգաբանության մեջ տարածված է այն տարբերակը, թե արտահայտության հեղինակը Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն է[7][8], որն այն հիշատակել է 1787 թվականի մարտի 2-ին օրագրային գրառման մեջ Իտալիայում իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ.

Քաղաքի դիրքի ու նրա գեղեցկությունների մասին, որոնք հաճախ նկարագրվում են ու փառաբանվում, ոչ մի խոսք։ «Vedi Napoli e poi muori!»,– ասում են նեապոլցիները։ «Տեսնել Նեապոլն ու մեռնել»[9]

Գյոթեի օրագրերը հիմք են դարձել բազմաթիվ լեզուներով հրատարակված «Իտալական ճանապարհորդություն» (գերմ.՝ Italienische Reise) գրքի համար, որի շնորհիվ մեծ տարածում է գտել արտահայտությունը։ Սակայն ակնհայտ է, որ Գյոթեն օրագրում արտահայտությունը վերագրում է Նեապոլի բնակիչներին։ Դրանից բացի, արտահայտությունը հանդիպում է իտալական գրականության մեջ[11] և ճանապարհորդների նշումներում[12], որոնք ստեղծվել են Գյոթեի ճանապարհորդությունից առաջ, ինչը հակասում է նրա հեղինակության վարկածին։

Գոյություն ունեն վարկածներ (նույնպես փաստերով չհիմնավորված), ըստ որոնց՝ արտահայտությունը վերագրվում է Վերգիլիոսին[13], ինչպես նաև նշվում է, որ արտահայտությունն ստեղծվել է Բուրբոնների իշխանության ներքո Նեապոլի թագավորության ծաղկման շրջանում, այսինքն՝ 1735-1806 թվականներին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бабкин А. М., Шендецов В. В. Словарь иноязычных выражений и слов, употребляющихся в русском языке без перевода. — Л.: Наука, 1966. — Т. 2. — С. 1289. — Veder Napoli e poi mori и Vedi Napoli e poi muori.
  2. Юлия Удалова 4 интересных факта из истории Парижа // Аргументы и факты, 08.07.2014
  3. 120 лет со дня рождения Ильи Эренбурга. Кстати, знаменитая фраза "Увидеть Париж и умереть!" вопреки распространённому мнению не французская поговорка, её автор – Эренбург // Вести.ру, 26.01.2011
  4. E. Nicole Meyer. Fragmentation and Irony in Flaubert's Dictionnaire des ideés reçues // Discontinuity and fragmentation in French literature / Editor Freeman G. Henry. — Amsterdam - Atlanta, GA: Rodopi B.V., 1994. — P. 97. — 184 p. — (French Literature Series, Vol XXI). — ISBN 9051836341, 9789051836349(անգլ.)
  5. Tom Behan. See Naples and Die: The Camorra and Organized Crime. — Tauris Parke Paperbacks, 2002. — 224 p. — ISBN 1860647839, 978-1860647833(անգլ.)
  6. Кузовлев, Валерий (2010 թ․ օգոստոսի 4). «Дожить до пенсии и умереть?». «Газета Дона». Ростов-на-Дону: Газеты Провинции. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)(չաշխատող հղում)
  7. Kevin Clark (2007). «See Naples and Die! Introduction». slowtravel italy (անգլերեն). SlowTrav.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  8. Januszczak, Waldemar. «Baroque adventure in Naples». The Sunday Times (անգլերեն). Times Newspapers Ltd. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  9. Гёте, Иоганн Второе итальянское путешествие // Итальянское путешествие = Italienische Reise. — Художественная литература, 1980. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  10. Johann Wolfgang von Goethe. Italienische Reise. Neapel // Goethe's werke. — Berlin: G.Grote'sche Derlagsbuchhandlung, 1883. — Vol. 8. — P. 222.(գերմ.)
  11. Carlo Goldoni. La Bottega Del Caffe. Atto Secondo. Scena XVI // Le Commedie. — Firenze: Appresso gli Eredi Paperini, 1753. — С. 211.(իտալ.)
  12. Joseph Baretti. Letter XXXIII. Aldeagallega, Sept. 17, 1760 // A journey from London to Genoa, through England, Portugal, Spain, and France. — 3rd edition. — London, 1770. — Vol. 1. — P. 306.(անգլ.)
  13. Michael Ledeen (2006 թ․ հոկտեմբերի 14). «The Devil Wears Kiton». The American (Magazine) (անգլերեն). American Enterprize Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  14. Filippo Spadafora (2010 թ․ մայիս). «Giuseppe Garibaldi - Man and Myth». Best of Sicily Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.