Տեկտոնական հիպոթեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Դեկարտ
Իսահակ Նյուտոն

Տեկտոնական հիփոթեզներ, մոլորակների զանգվածներում ընթացող տեկտոնական պրոցեսների պատճառահետևանքային հարաբերակցություններն արտահայտող համակցված պատկերացումների մոդելներ, որոնց հիմքում ընկած են առավելապես գիտական ենթադրություններ, և որոնցից յուրաքանչյուրը բավարար բացատրություն է տալիս ուսումնասիրվող օրինաչափությունների միայն մի մասին։ Տեկտոնական պրոցեսների հիմնական պատճառներն են Երկրի ծավալի, պտտման արագության, առանցքի դիրքի և ներքին զանգվածների տեղաբաշխման էական փոփոխությունները։ Այդ մոտիվներով ստեղծված են մի շարք տեկտոնական հիփոթեզներ, որոնցից լայն տարածում ունեն Կոնտրակցիոն հիպոթեզը (Ռ․ Դեկարտ, 1644, Ի․ Նյուտոն, 1687, Լ․ Էլի դը Բոմոն, 1852, Ս․ Դևիսոն, 1887, Ջ․ Դարվին, 1887, Է․ Հոգ, 1914, Ա․ Պավլով, 1922, Հ․ Զեֆրիս, 1924, 1959, Ն․ Շատսկի, 1955, Ա․ Ասլանյան, 1955, 1978, Գ․ Կատերֆելդ, 1962) և նորագույն գլոբալ տեկտոնիկայի հիպոթեզը (Ֆ․ Բեկոն, 1862, Ֆ․ Թեյլոր, 1910, Ա․ Վեգեներ, 1915, Ա․ Հոլմս, 1927, 1928, Բ. Գուտենբերգ, 1927, Պ․ Կրոպոտկին, 1961, Ռ․ Դիտց, 1961, Հ․ Հես, 1962, Վ․ Մորգան, Տւ․ Լը Պիշոն, 1968

Կոնտրակցիոն և էքսպանսիոն հիփոթեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի կծկման կամ կոնտրակցիոն հիպոթեզի համաձայն Երկրի ծավալը ընդերքի նյութի ֆազային փոփոխությունների, սառեցման ու գազազերծման հետևանքով փոքրանում է։ Աստղագիտական տվյալների համաձայն Երկրի շառավիղը կրճատվում է 4,8—6,4 սմ-ով 100 տարում (միջին հաշվով 5,5 սմ 100 տարում), որին համապատասխանում է երկրակեղևի մեծ շրջագծի փոքրացումը 3000—4000 կմ-ով 1 միլիարդ տարվա ընթացքում։ Նման կրճատման հետևանքով պատյանում առաջանում են ձգման և վարնետվածքների խոշոր ցանցեր, լիտոսֆերան ենթարկվում է ծռման և խզման դեֆորմացիաների, նրա առանձին բլոկները բարձրանում և իջնում են, ենթարկվում խոշոր հորիզոնական տեղաշարժերի, ընկղմվում պատյանի հոսուն զանգվածների մեջ (սուբդուկցիա), վերադրվում այլ բլոկների վրա (օբդուկցիա)։ Ընդերքում գտնվող կիսահեղուկ զանգվածները իզոսաազիայի օրենքի համաձայն ներարկվում են լիտոսֆերայի խզման գոտիների մեջ (դիապիրիզմ)։ Կոնտրակցիոն մեխանիզմի կարևոր առանձնահատկությունները դեֆորմացիաների կենտրոնացումն է լիտոսֆերայի թույլ դիմադրության գոտիներում և լիտոսֆերայի կոշտ սալերի սուբդուկցիան և օբդուկցիան՝ խզման խոշոր գոտիներում։ Կոնտրակցիայի մեխանիզմը համարվում է էֆեկտիվ, եթե Երկրի ընդերքում անջատվող ջերմությունը հեռացվում է կոնվեկցիայով։ Վերջինիս բացակայության դեպքում մոլորակի իզոթերմ կծկման պրոցեսը ընդհատվում է կամ էլ ժամանակավորապես տեղի տալիս ադիաբատ ընդարձակման։ Այս դրույթի վրա է հիմնված է էքսպանսիայի հիպոթեզը (Բ․ Լինդեման, 1927, Օ․ Հիլգենբերգ, 1933)։ Եթե կոնտրակցիայի և էքսպանսիայի պրոցեսները հերթափոխվում են ժամանակի ընթացքում, ապա պրոցեսը կրում է բաբախման պրոցեսի բնույթ։ Գեոտեկտոնիկայում հայտնի է համապատասխան հիպոթեզ՝ պուլսացիոն հիպոթեզը (Ա․ Ռոթպլից, 1902, Վ. Բուխեր, 1933, Մ. Տետյաև, 1934, Վ․ Օբրուչև, 1940, Պ․ Յորդան, 1940, Է․ Լյուբիմովա, 1968)։ Այդ հիպոթեզի կողմնակիցներից շատերն այն կարծիքին են, որ Երկրի ընդարձակման դրվագները կարճատև երևույթներ են և ընթանում են մոլորակի ընդհանուր կծկման ու խտացման ֆոնի վրա։ Այդ հիպոթեզի ծայրահեղ տարբերակի գլխավոր հեղինակ Լ․ էգիեդը, չգտնելով ընդարձակման համար անհրաժեշտ ներքին էներգիայի աղբյուր, հրաժարվեց իր տեսությունից։ Օ․ Սորոխտինը 1984 թվականին հանդես եկավ մեծ մասշտաբի էքսպանսիայի հնարավորության դեմ։

Իմանուիլ Կանտ

Կոնվեկցիոն հիպոթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվեկցիոն հիպոթեզը գիտականորեն հիմնավորել են Օ․ Ամպֆերերը (1906), Հոլմսը (1927, 1928), Գուտենբերգը (1927), Վենինգ Մեյնեցը (1947), Ս․ Ռանկորնը (1972)։ Այն վերջին տասնամյակներում մանրամասն մշակել են Լ․ Կնոպովը, Դ․ Մակենզին, Հ․ Տակեուչին, Լ․ Կետլիզը, Օ․ Սորոխտինը, Ա․ Մոնինը, Լ․ Ջոնենշայնը, Լ․ Սավոստինը, Վ․ Կեռնջյանը։ Այդ հիպոթեզը ելնում է այն հնարավորությունից, որ Երկրի ընդերքում տարբեր աղբյուրներից գրավիտացիոն տարբերակում (դիֆերենցիացիա), միներալային միացությունների քիմիական տրոհում, մակընթացային շփում ստեղծվող ջերմությունը ծախսվում է Երկրի պատյանի մեջ (մինչև 2890 կմ խորություններ, առանձին հեղինակների կարծիքով մինչև 700—800 կամ 1200—1400 կմ խորություններ) կոնվեկտիվ հոսանքների առաջացման վրա։

Երկրի բևեռային կծկվածության փոփոխության փաստն օգտագործող հիպոթեզի հիմքում ընկած է Ի․ Կանտի (1754) այն մտահանգումը, որի համաձայն Երկրի հաստվածքում Լուսնի և Արեգակի հարուցած մակընթացային ալիքներն աստիճանաբար արգելակում են Երկրի պտույտը և հարկադրում նրան ձգվելու պտտման առանցքի ուղղությամբ և կրճատվելու համապատասխանաբար հասարակածային գոտու ուղղությամբ։ Եթե լիտոսֆերայի ամրության սահման ընդունվի 2800 կգ/սմ² և Երկրի պտույտի տևողությունը նվազի 100000 տարում 1 վրկ-ով, ապա լիտոսֆերան գլոբալ մասշտաբով կենթարկվի խզման և ճմլման դեֆորմացիաների 260 միլիոն տարի պարբերությամբ։ Քանակական առումով այս արագությունը հիմնավորված է բավարար չափով։ Այս հիպոթեզի տարբերակներից մեկի համաձայն լիտոսֆերային սալաբեկորների հորիզոնական խոշոր տեղաշարժեր տեղի են ունենում անմիջականորեն Լուսնի և Արեգակի հարուցած մակընթացային ուժերի ազդեցության ներքո (Ֆ․ Թեյլոր, 1925, Ա․ Նադայի, 1939

«Նորագույն գլոբալ տեկտոնիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտոսֆերայի բլոկների հորիզոնական խոշոր տեղաշարժերի և դրա հեա կապված օվկիանոսային ավազանների առաջացման վերաբերյալ եղած ժամանակակից պատկերացումների համակարգը կոչվում է «նորագույն գլոբալ տեկտոնիկա»։ Այդ համակարգը սկզբնավորվում է Ֆ․ Բեկոնից (1620), լուրջ կերպով մշակել է Ֆ․ Թեյլորը (1909, 1910), բազմակողմանիորեն հիմնավորել է Ա․ Վեգեները (1915), այնուհետև՝ Դյու-Թոյտը (1937), Պ․ Կրոպոտկինը (1957, 1961, 1967), սակայն նշված հեղինակները այդ հորիզոնական տեղաշարժերը վերագրում էին միայն մայրցամաքներին։ Հետագայում առաջ քաշվեց տեսակետ, համաձայն որի անկախ լիտոսֆերայի պետրոլոգիական տիպից հորիզոնական տեղաշարժերը ընդգրկում են լիտոսֆերայի կազմության մեջ մտնող բոլոր խոշոր բլոկները (առնվազն 6—8)։ Լիտոսֆերայի սպրեդինգի (հանդիպակաց բլոկների միմյանցից հեռանալու) հարցը արծարծել են Ֆ․ Թեյլորը (1925), Բ․ Գուտենբերգը (1927), Հ․ Հեսը (1959, 1962), Ռ․ Դուտցը (1961), Վ․ Խաինը (1980)։ Ա․ Ասլանյանը (1980, 1981) առաջարկել է այն տեսակետը, որ կոնվեկտիվ շարժումների էներգիայի աղբյուր է ծառայում Երկրի կծկման հետևանքով առաջացող ներքին ջերմային էներգիան։

Ֆիքսիզմ և Մոբիլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված տեկտոնական հիփոթեզները երբեմն խմբավորում են երկու խոշոր փորձարարական կոնցեպցիաների շուրջ՝ ֆիքսիզմի և մոբիլիզմի։ Առաջինի կողմնակիցների կարծիքով Երկրագնդի գլխավոր ստրուկտուրաները՝ ցամաքներն ու օվկիանոսային ավազանները, երկրաբանական ժամանակի ընթացքում գտնվել են գրեթե անընդմեջ միևնույն տեղում, երկրորդի կողմնակիցները գտնում են, որ դրանք ենթարկվել են խոշոր հորիզոնական տեղաշարժերի՝ միմյանց նկատմամբ։

Նորագույն հետազոտություններում նշմարվում է ընդհանուր ձգտում՝ միավորելու այդ երկու կոնցեպցիաների ռացիոնալ տարրերը և ինչպես երկրաբանության, այնպես էլ գիտության հարևան բնագավառների նվաճումների լույսի տակ մշակել հնարավորին չափ ադեկվատ և քանակական տեսանկյունից բավարար հիմնավորված կոնստրուկտիվ տեկտոնական հիփոթեզների նվազագույն թվով մոդելներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 642