Տաքսոդիում սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաքսոդիում սովորական
Taxodium distichum NRCSMS01010.jpg
Ճայճային Տաքսոդիումի անտառը կենտրոնական Միսիսիպի լճում
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Գետնանոճազգրիներ
Ցեղ Տաքսոդիում
Տեսակ Տաքսոդիում սովորական
Լատիներեն անվանում
Taxodium distichum
L
Հատուկ պահպանություն

Տաքսոդիում սովորական (լատիներեն՝ Taxodium distichum), գետնանոճազգրիների ընտանիքի, տաքսոդիում ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են՝ մինչև 30-45 մ բարձրությամբ և 90-150 սմ հաստության բնով։ Ծեր բույսերի սաղարթը ցրված է, լայն-կլորավուն գագաթով, իսկ երիտասարդներինը բրգաձև է։ Կեղևը գորշակարմրավուն է։ Փշատերևները փափուկ են, տափակ, գծանշտարաձև, սանրանման, 1,2-1,8 սմ երկարությամբ և 1,5 մմ լայնությամբ, ուղիղ կամ թեթևակի կորացած, բաց կանաչավուն։ Փշատերևներն ամեն տարի թափվում են, կարճացած ընձյուղի հետ միասին։ Արական հասկիկներն ունեն 10-12 սմ երկարություն և 3-5 սմ լայնություն։ Կոները հակառակ-ձվաձև են կամ համարյա կլորավուն, հասունանում են մեկ տարվա ընթացքում։

Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Աճում է շատ արագ։ Խոնավասեր է։ Հողում կրային միացությունների առկայությունը վատ է տանում։ Արմատային համակարգը հզոր է՝ հողի երես դուրս եկող բարձր, կոնուսաձև ելուստներով, որոնք արմատներին օդ են մատակարարում այն ժամանակ, երբ հողը երկար ժամանակ ծածկված է ջրով։ Դիմանում է մինչև -30 °C կարճատև սառնամանիքներին։ Ապրում է 500-600 տարի։ Առանձին ծառեր ապրում են մինչև 3000-6000 տարի։ Աշնանը փշատերևները թափվելուց առաջ չափազանց գեղեցիկ ոսկե-դեղին գունավորում են ստանում։ Էկոլոգիական խումբը V: Մշակության հավանական շրջանները 7, 9-10, 19-20:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասից, որտեղ տարածված է Լուիզիանա, Տեխաս, Արկանզաս, Կարոլինա, Մերիլենդ և Ֆլորիդա նահանգներում։ Աճում է ճահճուտներում և գետերի հովիտներում, որի հետևանքով կոչվում է նաև «ճահճային նոճի»:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշալի ծառատեսակ է գերխոնավացած հողերի կանաչապատման համար, որը աչքի է ընկնում դեկորատիվ չափազանց բարձր արժանիքներով։ Հատկապես գեղեցիկ է ցանցառ և թափանցիկ սաղարթը։ Պիտանի է որպես սոլիտեր։ [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (77)։