Տառապանքի ուղիներով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տառապանքի ուղիներով
ռուս.՝ Хождение по мукам
Տեսակգրական ստեղծագործություն և ստեղծագործությունների շարք
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1921
Հրատարակվել է1921

«Տառապանքի ուղիներով»[1] (ռուս.՝ «Хождение по мукам»), Ալեքսեյ Տոլստոյի վեպերի եռագրությունը, որը պատմում է ռուս մտավորականության ճակատագրի մասին 1917 թվականի հեղափոխական իրադարձությունների նախօրեին, ընթացքում և դրանից հետո։ Կազմված է «Քույրերը» (ռուս.՝ «Сёстры»», 1918-1922), «Տասնութ թիվը» (ռուս.՝ «Восемнадцатый год», 1927-1928) և «Մռայլ առավոտ» (ռուս.՝ «Хмурое утро», 1940-1941) վեպերից։ Եռագրությունը, որի ներքին թեման կորցրած ու վերադարձված հայրենիքն է, «տառապանքի ուղիներով» անցած անհատների կողմից սոցիալիստական նոր իրականության ընդունումը, արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռագրության առաջին գլուխները ներկայացնում են 1914 թվականի սկզբի Պետերբուրգը՝ «տանջված անքուն գիշերներից, իր կարոտը գինով խլացնելով, ոսկով, անկոտրում սիրով, տանգոյի՝ մահվան հիմնի պատռող և անզոր-զգայական հնչյուններով», ապրելով «ասես ճակատագրական և սարսափելի օրվա սպասումով»։ Դաշա և Կատյա Բուլավիններ քույրերը, որոնք ծագումով Սամարայից են, տարված են դեկադենտ բանաստեղծ Բեսոնովով[2]։ Կատյան նրա հետ դավաճանում է ամուսնուն՝ փաստաբան Նիկոլայ Սմոկովնիկովին։ Երգիծական գույներով ներկայացված են ֆուտուրիստների «հոյակապ սրբապղծությունները» և «արծաթե դարաշրջանի» այլ չափազանցություններ։

Ժամանակի ընթացքում Եկատերինա Դմիտրիևնան սիրահարվում է սպա Վադիմ Ռոշչինին, իսկ Դաշան՝ Բալթյան գործարանի ինժեներ Իվան Տելեգինին։ Համաշխարհային պատերազմի, երկու հեղափոխությունների և քաղաքացիական պատերազմի հորձանուտները չորս գլխավոր հերոսներին տանում են երկրի տարբեր անկյուններ։ Նրանց ճանապարհները մեկ անգամ չէ, որ հատվում են և նորից բաժանվում։ Ռոշչինը միանում է Կամավորական բանակին, իսկ Տելեգինը՝ Կարմիր բանակին։ Պատերազմի ավարտին չորսն էլ հանդիպում են Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքում, որտեղ Լենինի և Ստալինի ներկայությամբ հրճվանքով լսում են Կրժիժանովսկու պատմական զեկույցը ԳՈԷԼՌՈ-ի պլանի մասին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Իվան Տոլստոյի՝ Ալեքսեյ Տոլստոյը «Քույրերը» վեպի առաջին մասին վրա սկսել է աշխատել Օդեսայում 1918 թվականի ամռանը։ Վեպն ի սկզբանե նախատեսված է եղել էմիգրանտ հանրության համար, սակայն ԽՍՀՄ վերադառնալուց հետո հեղինակն այն ենթարկել է գաղափարական էական վերամշակման[3][4]։ Այդ մասին հիշատակել է նաև Իվան Բունինը գրողի մասին իր էսսեում՝ դա համարելով Տոլստոյի՝ առավել շահավետ գրական միջավայրին հարմարվելու կարողության օրինակ[5]։

Ազա Ալիբեկովնա Տահո-Գոդին հիշել է, որ «Տասնութ թվի» առաջին մասի համար» «...կենդանի նյութը, վերցվել է իմ մոր և հոր պատմություններից։ Իմ մտերիմները հայտնվել էին ռազմաճակատի տարբեր կողմերում և, հանդիպելիս ձևացնում էին, թե իրար չեն ճանաչում» (1920-ական թվականների սկզբին նրա ծնողներին, որոնք վերադարձել էին արտասահմանից, այցելել է Ալեքսեյ Տոլստոյը)[6]։ «Նրա վեպերում հստակ երևում է, թե ինչպես են նույն ընտանիքի մարդիկ, որոնք բաժանվել են «սպիտակների» և «կարմիրների», նրանց միջև եղած բոլոր տարաձայնությունների հետ միասին, մնում ներքուստ կապված», — նկատել է Տահո-Գոդին[7]։

Առաջին անգամ «Քույրերը» վեպը լույս է տեսել Փարիզում՝ «Грядущая Россия» (1920, № 1-2, գլուխ 1-10) և «Современные записки» (1920-1921, № 1-6, ամբողջությամբ) էմիգրանտական ամսագրերում՝ «Хождение по мукам» վերնագրով։

«Քույրերը» վեպի առաջին առանձին հրատարակությունը լույս է տեսել 1922 թվականին Բեռլինում՝ «Մոսկվա» հրատարակչությունում[8]։ ԽՍՀՄ-ում առաջին անգամ հրատարակվել է «Хождение по мукам» (վեպ երկու մասով, հեղինակի հրատարակություն) 1928 թվականին։ «Քույրերը» վերջնական տեսքն ստացել է 1941 թվականին։

Եռագրության վեպերի գեղարվեստական արժանիքները անհավասար են։ «Քույրերը» առաջին վեպը, որը գրվել է արտագաղթի ընթացքում, օբյեկտիվ տոնով է և ներծծված է հայրենիքի հանդեպ կարոտի զգացումով։ Եռագրության վերջին գիրքը, որը գրվել է ԽՍՀՄ-ում, միտումնավոր կերպով պատկերում է «կարմիրների» բարոյական հաղթանակը «սպիտակների» նկատմամբ[9]։ Հեղինակը պատումի ոճը սահմանել է որպես «մոնումենտալ ռեալիզմ»։

«Չարչարանաց ճանապարհը» հեղինակի խղճի անցնելն է տառապանքների, հույսերի, հրճվանքների, անկումների, հուսահատության, վերելքների միջով՝ մի ամբողջ հսկայական դարաշրջանի ընկալում։

— Ա. Տոսլտոյ

Գրելուց հետո հեղինակը փոփոխել է տեքստը՝ կախված սովետական իշխանության նկատմամբ իր ներկայի դիրքորոշումից և սովետական գրաքննությունից՝ կախված ներկայի քաղաքական իրավիճակից. «Տառապանքի ուղիներով» և «Лихие годы» եղել են արգելված և ոչնչացված գրքերի շարքում 1937 թվականին։ Հետագայում, երբ Տոլստոյը հանել և վերաշարադրել է խորհրդային իշխանության համար անցանկալի հատվածները և ավելացրել դրականը, գիրքը հրատարակվել է խորհրդային հրատարակչությունների կողմից և հասանելի է եղել լայն ընթերցողին[10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր եռագրության համար Ալեքսեյ Տոլստոյը 1943 թվականի մարտի 19-ին արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի՝ 100 000 ռուբլու չափով, որը նա փոխանցել է Պաշտպանության հիմնադրամին՝ «Գրոզնի» տանկի կառուցման համար (T-34 № 310-0929)։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տառապանքի ուղիներով», խորհրդային եռասերիա գեղարվեստական ֆիլմ (1957-1959),
  • «Տառապանքի ուղիներով», խորհրդային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ (13 սերիա, 1977),
  • «Տառապանքի ուղիներով», ռուսական բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ (12 սերիա, 2017)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1986։
  2. Прототипом Бессонова принято считать А. А. Блока. (Подробнее в монографии: Баранов В. И. Трилогия А. Н. Толстого «Хождение по мукам». — М. Высшая школа, 1984. — С. 6 и последующие.)
  3. Толстой И. Н. [Химеры и трагедия: Пять эссе об Алексее Толстом]. — СПб.: РХГА, 2021. — 252 с. — 300 экз. — ISBN 978-5-907309-57-9.
  4. Голубков С. А. Исследование об эмигрантском романе А. Н. Толстого «Хождение по мукам» (1919—1921): Рецензия на монографию Воронцовой Г. Н. «Роман А. Н. Толстого „Хождение по мукам“ (1919—1921): Творческая история и проблемы текстологии». (М.: ИМЛИ РАН, 2014. — 344 с.) // Вестник СамГУ. — 2015. — № 1 (123).
  5. ««Третий Толстой»». bunin-lit.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Елена Новосёлова, Елена Яковлева — Рубрика «Общество» (2010 թ․ մայիսի 20). «Аза Алибековна Тахо-Годи: «История моей семьи полна пересечений с крупными личностями своей эпохи»» (ռուսերեն). Интернет-портал «Российской газеты». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Елена Новосёлова, Елена Яковлева — Рубрика «Общество» (2017 թ․ օգոստոսի 21). «Аза Тахо-Годи: «Свобода ничегонеделания — это вовсе не свобода»» (ռուսերեն). Интернет-портал «Российской газеты». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. Толстой А. Н. Хождение по мукам: роман. — Б.: Москва, [1922]. — 462 с.
  9. «Сегодня стратегия Толстого, старавшегося во что бы то ни стало доказать благородство и необходимость идеалов большевизма, выглядит анахронизмом…» (Русская литература XX века / Под ред. Л. П. Кременцова. — 3-е изд. — Т. 1. — (М.: Академия, 2005. — ISBN 978-5-7695-2164-5. — С. 119.)
  10. Блюм А. В. Запрещенные книги русских писателей и литературоведов 1917—1991. — СПб.: Санкт-Петербургский гос. университет культуры и искусств, 2003. — С. 172.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]