Տանձենի Ֆյոդորովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի Ֆյոդորովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի Ֆյոդորովի
Լատիներեն անվանում
Pyrus theodorovi


Տանձենի Ֆյոդորովի (լատին․՝ Pyrus theodorovi), վարդազգիների ընտանիքին պատկանող, տանձենի ցեղի ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

10-12 մ բարձրությամբ և 10-12 սմ բնի տրամագծով տերևաթափ ծառ է։ Բնի կեղևը մոխրագույն է, ճաքճքված լայն շերտերով։ Սաղարթը կլորավուն է, չռված ճյուղերով և հաճախ՝ խոնարհված գագաթով։ Ճյուղերը երկարավուն են, սակավաթիվ փշերով, ծածկված բաց մոխրավուն, ավելի ուշ՝ կարմրավուն կամ դարչնագույն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները խիտ մազմզուկապատ են, սպիտակավուն, հետագայում նույնպես կարմրավուն կամ դարչնագույն։ Բողբոջները երկարավուն են, կոնաձև սեղմված և մուգ դարչնագույն։ 9-11 սմ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ տերևները նեղ հակառակ ձվաձև են, վերին մասում լայնացած, հիմքի մասում ձգված, ոչ սիմետրիկ, վերևի մասում՝ թույլ մազմզուկապատ կամ մերկ և փայլուն, վառ կանաչ, ներքևից ծածկված սպիտակ մազմզուկներով, ամբողջաեզր և ալիքաեզր։ Կոթուններն ունեն 2,5-3 սմ երկարություն։ Ծաղիկները հավաքված են սակավաթիվ վահանիկներում։ Բաժակի առանձին մասերը չեն թափվում և պտուղների հասունացման ժամանակ մնում են դրանց վրա։ 2,5-3 սմ տրամագծով պտուղները տանձաձև են, ամուր, կանաչ և երկար պտղակոթունով։

Տարածված է Կովկասում (Նախիջևան)։ Հայաստանում տարածված է կենտրոնական շրջաններում, Վայքում (Արփա գետի վերին հոսանքներում), ստորինից մինչև վերին լեռնային գոտի, լուսավոր անտառներում, լեռնալանջերում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-7 մ բարձրությամբ, մանր հազվադեպ փշերով ծառ է։ Երկու կողմից խիտ արծաթավուն թաղիքավոր, հակաձվաձև կամ նեղ, էլիպսաձև և ամբողջաեզր տերևները հիմքում կլորացած են, կարճ և լայն սեպավոր, իսկ վերևում՝ բթավուն շատ կարճ սրածայրով։ Կոթերը հասնում են 1,5-2 սմ երկարության։ 2,5-3 սմ երկարությամբ պտուղը միայնակ է և գնդաձև, իսկ բաժակաթերթը՝ պտղի ժամանակ լայն եռանկյունաձև և հորիզոնական հեռացած[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Գեղամի (Գեղարդ) և Երևանի (Վեդի, Կոտուց սար) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա և արիդային նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.