Վիսոցկի թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսոցկի թեյ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1849
ՀիմնադիրKalonimus Wolf Wissotzky?
ՎայրԹել Ավիվ, Իսրայել
Երկիր Իսրայել
Կայքwtea.com

Վիսոցկի թեյ (ռուս.՝ В. Высоцкий и К°), թեյի ընկերություն, որը հիմնադրվել է Ռուսական կայսրությունում 1849 թվականին, սակայն այժմ գործում է Իսրայելում։ Կազմակերպությունը գրասենյակներ ունի Անգլիայում և ԱՄՆ-ում։ Իսրայելում թեյի առաջատար մատակարար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսոցկի թեյն աշխարհում ամենահին թեյ արտադրող ընկերություններից մեկն է։ Հիմնադրվել է 1849 թվականին Մոսկվայում Կալոնիմուս Վիսոցկու կողմից, որը ծնվել է Ռուսական կայսրության Ժագարե քաղաքում (ներկայումս՝ Լիտվա) ոչ հարուստ առևտրականի ընտանիքում։ Լավ կազմակերպելով բիզնեսը՝ Վիսոցկին մշտական գնորդներ ձեռք բերեց ամբողջ Ռուսական կայսրությունով, և 1904 թվականին ընկերությունն ընդլայնեց իր գործունեությունը նաև արտասահմանում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 1907 թվականին Վիսոցկին ստեղծեց անգլոասիական ընկերություն, որի գլխամասը գտնվում էր Լոնդոնում։ Ընկերության ղեկավարը հրեա հայտնի գրող և փիլիսոփա Ահադ հա Ամոմն էր[1]։ Ընկերությունը թեյի պլանտացիաներ ձեռք բերեց Հնդկաստանում և Ցեյլոնում (այժմ՝ Շրի Լանկա

1900-ական թվականների սկզբներին Վիսոցկու թեյի ընկերությունն աշխարհում ամենախոշորներից մեկն էր։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընկերությունը ազգայնացվեց, սակայն 2 ևս տարի անցավ մինչև այն հայտնվեց նոր ձեռքերում։

Խորհրդային Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հակահրեական ասացվածք էր տարածվել․ «Վիսոցկու թեյ, Բրոդսկու շաքար, իսկ Ռուսաստանը՝ Տրոցկու»[2]։

Երբ ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը Ռուսաստանում, Վիսոցկին ընտանիքի հետ արտագաղթեց․ ապրում էր Եվրոպայում և ԱՄՆ-ում, նոր մասնաճյուղեր բացեց եվրոպական երկրներում։ Դանցիգի մասնաճյուղը (Լեհաստան) ղեկավարում էին Ալեքսանդր Չմերլինգը և թեյի մասնագետ, Վիսոցկի ընտանիքի շառավիղ Սողոմոն Զայդլերը։ 1936 թվականին Սիմոն Զայդլերը՝ Սողոմոնի որդին, զգալով մոտալուտ պատերազմի վտանգը, մեկնեց Լեհաստանից Պաղեստին։ Հետագա տարիներին Վիսոցկի ընտանիքի անդամներից շատերը զոհվեցին Հոլոքոստի ժամանակ, և ընկերությունը կորցրեց իր ակտիվները Եվրոպայում։ 1945 թվականին ընտանիքի շառավիղներին էր պատկանում ընկերության անգլոասիական մասնաճյուղը, որը դադարեցրեց իր գործունեությունն ընտանիքի անդամներից մեկի՝ Բորիս Լուրիեի մահից հետո, որը մահացավ 1950 թվականին ավտովթարից։

Ներկայումս (2016) երբեմնի հսկա ընկերությունից մնացել է միայն Իսրայելի ընտանեկան ընկերությունը, որը ղեկավարում է Շալոմ Զայդլերը (ծնվ․ 1946)[3]՝ Սիմոնի շառավիղը։ Ընկերության գլխամասը գտնվում է Թել Ավիվում, արտադրանքն իրականացվում է Գալիլեայում՝ ժամանակակից գործարանում, որտեղ աշխատում է մոտ 400 մարդ[4]։ Ընկերությունը զբաղեցնում է տեղի թեյի շուկայի 76%-ը և արտահանում է իր արտադրանքն ամբողջ աշխարհ՝ Կանադա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հունգարիա, Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ։ Դիվերսիֆիկացնելով իր բիզնեսը՝ ընկերությունը զբաղվում է նաև ձեթի արտադրությամբ և ստեղծել է Վիսոցկի Գրուպ ընկերությունը՝ նրբախորտիկների սիրահարների և համադամասերների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Achad Haam (Echad Haam, Ahad Haam, Asher Ginsberg) - Zionism and Israel - Biographies».
  2. Мигдаль :: Южно-украинский региональный методический центр «История евреев — наша история». Одесса, 2003
  3. Чайный дом. «Компания Wissotzky из Израиля». 5 O'Clock. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  4. «About Wissotzky». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]