Jump to content

Բահրամ ալ-Արմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բահրամ ալ-Արմանի
بهرام الارمني
Վեզիր
Ֆաթիմյան խալիֆայություն
Իշխանություն1135-1141
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան
Մահացել է՝1141
ԱզգությունՀայ
ՏոհմՊահլավունի
Վեզիր
Հավատքքրիստոնեություն[1]

Վահրամ Պահլավունի կամ Բահրամ ալ-Էրմենի (արաբ․՝ بهرام الارمني‎‎, , Արևմտյան Հայաստան - 1140[1]), Ֆաթիմյան խալիֆայության հայազգի վեզիր (1135-1141

Մինչվեզիրյան շրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կահիրեի քարտեզը (1200 թվական)

Ֆաթիմյան խալիֆայության շրջանի արաբական մատենագրության էջերում իր արկածային կյանքով աչքի է ընկել հայազգի վեզիր Բահրամ ալ-Արմանին կամ Վահրամ Պահլավունին։ Վահրամը Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի քեռորդին էր և Ներսես Շնորհալու հորեղբայրը։ Նա ծնվել է Այնթաբի մոտ Թլպաշալ կամ Թելլ Բաշիր կոչված քաղաքում և ուներ երեք եղբայր՝ Գրիգորիս, Ապիրտատ և Վասակ։ 1074 թվականին Գրիգոր Վկայասերը այցելում է Եգիպտոս և հաջորդ տարի Վահրամի եղբորը՝ Գրիգորիսին եպիսկոպոս է կարգում Եգիպտոսի հայ գաղութի վրա։ Ենթադրվում է, որ հենց այս ժամանակ Վահրամն էլ է տեղափոխվել Եգիպտոս, երբ վարչության ղեկը գտնվում էր Բադր ալ-Ջամալիի ձեռքում։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ մտել է պետական ծառայության և հետզհետե հաջողությունների հասնելով՝ դարձել է Ղարբիյե նահանգի նահանգապետ։

Վահրամ Պահլավունին՝ վեզիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիմյան խալիֆ ալ-Հաֆեզը ցանկանում էր երկիրը անձամբ ղեկավարել և հենց այդ պատճառով էլ խռովություններ են սկսվում, անկարգություններ հաջորդում են իրար, նույնիսկ խալիֆայի դեմ ապստամբում է իր որդին։ Վահրամը օգտվելով առիթից 1135 թվականին իր զինված ուժերի գլուխն անցած պաշարում է Կահիրեն՝ պահանջելով իրեն հանձնել վեզիրի պաշտոնը։ Պետության ավագանին փորձեց արգելք հանդիսանալ, սակայն Հաֆըզ խալիֆը տեղի տվեց և վեզիր կարգեց Վահրամին։ Վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո՝ Վահրամը երկրում կարգ ու կանոն հաստատելու և վարչական մեքենան կանոնավորելու աշխատանքին անցավ։ Իր եղբորը՝ Վասակին, Գուսի նահանգապետ կարգեց և նույն նահանգի գյուղերից մեկը նրա անունով կոչեց (Մինիեթ ան-Նասիք)։

Վահրամ Պահլավունին՝ դավադրության զոհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջույուշի մզկիթը Կահիրեում

Արաբ մատենագիրները գրում են, որ Եգիպտոսում բնակություն հաստատած հայ գաղթականները բռնություն են գործադրում արաբների վրա և մուսուլմանները բողոք են ներկայացնում խալիֆին՝ վեզիր Վահրամի և նրա ցեղակիցների դեմ։ Չենք կարող ասել, թե ինչքանով է ճիշտ այս ամենը, բայց այն փաստը, որ հայերի շատացումը Եգիպտոսում Վահրամի հեռանկարների շուրջ կասկածներ առաջացրեց խալիֆայությունում, անհերքելի է։ Այս կասկածները ողբերգական ավարտ ունեցան Վահրամի համար, քանի որ մուսուլման ավագանին խալիֆի հրամանով դավադրություն պատրաստեց Վահրամին տապալելու և հայերին պետական պաշտոններից հեռացնելու համար։ Դավադրությունը ղեկավարեց Ղարբիյեի նահանգապետ Ռուստան բին Վալախշը, որը իր շուրջը հավաքելով երեսուն հազար կամավոր՝ արշավեց դեպի Կահիրե։ Վահրամը, այս ամենի մասին տեղյակ լինելով, իր հայկական զորագնդերը միացրեց պետական բանակին։ Հասնելով ռազմադաշտ, երբ Վահրամը ցանականում էր վճռական հարված հասցնել ապստամբ ուժերին, հանկարծ իր բանակի մուսուլման զինվորները անցան հակառակորդի կողմը։ Այս անսպասելի փոփոխության պատճառով Վահրամը ստիպված եղավ հրաժարվել վեզիրի պաշտոնից, ապա տեղափոխվեց Կիլիկիա, հետո ամիրապետի թույլտվությունը ստանալով վերադարձավ Եգիպտոս և անցնելով Ճերմակ վանք, հոգևորականի սքեմ հագավ։

Վահրամի վերադարձը և մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Հաքիմի մզկիթը

Վահրամի հեռանալուց հետո Կահիրեում հայերի վիճակը բարդացավ։ Վալաշխը անմիջապես յուրացրեց վեզիրի պաշտոնը և տեղի բնակչությանը հայերի դեմ լարեց։ Նրա դրդմամբ ճնշվեցին Հուսեյնիյե թաղամասի հայերը, կողոպտվեցին հայաբնակ թաղամասերը, քանդվեցին հայկական վանքերն ու եկեղեցիները։ Ինչպես նաև Վահրամի եղբոր գերեզմանը պղծեցին, ով հայոց պատրիարք էր եղել, իսկ մյուս եղբոր՝ Վասակի ոտքերից սատկած շուն կապեցին և նետեցին աղբարկղի մեջ։ Եղբոր սպանությունից հետո Վահրամը հասավ Գուս և ավերեց քաղաքը։ Վալաշխը պետական պաշտոններից հեռացրեց հայերին և նրանց փոխարեն պաշտոններ տվեց իր ապիկար կուսակիցներին, նրա վարած քաղաքականության պատճառով խանգարվեց վարչության մեքենան և այս ամենը զայրացրին խալիֆային և տեղի տվեցին ժողովրդի դժգոհությանը։ Խալիֆը զգալով, որ սխալ է գործել Վահրամին վեզիրի պաշտոնից հեռացնելով, նա որոշեց ամեն գնով ետ բերել Վահրամին։ Բազում դիմումներից և խնդրանքներից հետո Վահրամը վերադարձավ վեզիրի պաշտոնին։ Նա իր անհաշտ հակառակորդ Վալաշխին տապալեց և խաղաղությամբ վարեց վեզիրի պաշտոնը մինչև 1141 թվականը՝ իր մահը։ Վահրամի մահը ծանր է տարել նաև խալիֆան, որի հրամանով երեք օր փակվեցին կառավարական վայրերը։ Ապա կանչել տվեց հայոց պատրիարքին և հուղարկավորության պատրաստություններ տեսավ։ Կեսօրվա աղոթքին պալատից դուրս հանվեց Վահրամի դագաղը, որը շրջապատված էր քրիստոնյաներով։ Հուղարկավորությանն ներկա էին նաև Շարիֆները՝ մարգարեից սերած ազնվականները, Հաֆեզ խալիֆան՝ ջորի հեծած, և շատ ու շատերը՝ քրիստոնյա, թե մուսուլման։ Վահրամը թաղվել է Կահիրեի Դեյր ալ-Խանդակ (Խրամատի վանք) կոչված հայկական վանքում։

Ալ-Ազհար մզկիթ-համալսարանը Կահիրեում

Ինչպես նշվեց, որ հակառակորդների կողմից հայ վեզիրի դեմ պատրաստված դավադրության թելադրողն է եղել հենց ինքն Հաֆըզ խալիֆան։ Եվ այդ դավադրության պատճառը մենք կարող ենք հասկանալ խալիֆի պաշտոնագրերից։ Քանի որ Վահրամը վեզիրի պաշտոնը ստանձնելուց հետո խրախուսել էր հայերի ներգաղթը Եգիպտոս, Կահիրեում և այլ գավառներում մոտավորապես 2 հազար հայերի պետական պաշտոնների էր նշանակել և զուտ հայերից կազմված բանակ էր ստեղծել Կահիրեում։ Կարող ենք ասել և այդպես էլ կա, որ պետական մեքենան կարգավորելու և հավանական ապստամբությունները ճնշելու համար վստահելի և իրեն հավատարիմ տարրեր էին հարկավոր, քանի որ սուդանցի, թուրք և այլ օտարազգի տարրերը վստահելի հենարան չէին նրա համար, այդ պատճառով նա ստեղծեց զուտ հայերից բաղկացած բանակ։ Ուրեմն ո՞րն է այն սատանայական խորհուրդն, որ խալիֆան վերագրում է Վահրամին և որի մասին ակնարկում է Սիցիլիայի քրիստոնյա թագավորին ուղղված իր պաշտոնագրում։ Հավանաբար խալիֆը մտածում էր, որ Վահրամը նպատակ ուներ տապալելու Ֆաթիմյան խալիֆայությունը և Եգիպտոսում զուտ հայկական իշխանություն հաստատել։ Չնայած Վահրամը այսպիսի ծրագիր իրականացնելու համար բոլոր նախադրյալները ունեցել է, սակայն մենք չենք կարող հայազգի վեզիրին նման մտադրություն վերագրել. նախ, քանի որ ոչ մի պատմագրի մոտ այսպիսի մեղադրանքի չենք հանդիպում Վահրամին ուղղված, և բացի դա, հայտնի է, որ Թելլ Բաշիր հեռանալուց հետո ոչ միայն Եգիպտոս վերադարձավ, այլև մինչև իր մահը վայելեց խալիֆի հարգանքն ու սերը։ Բանն այն է, որ Վահրամի բարենորոգչական ձեռնարկումները դուր չեկան մի շարք ավագանիների և նրանք օրինասեր հային տապալելու համար դիմեցին անազնիվ միջոցների՝ առասպելներ հորինեցին նրա մասին և մի պահ խալիֆին էլ կարողացան մոլորեցնել։ Իսկ ինչ վերաբերում է Սիցիլիայի թագավորին ուղղված խալիֆայական պաշտոնագրին, այն ուղղակի գրի առնված անարդար ամբաստանագիր է, որի մասին վկայում են պաշտոնանկությունից հետո Վահրամին շռայլված պատիվները և նրա մահվան առթիվ կատարված արքայավայել հուղարկավորությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գևորգ Մսըրլյան-Ականավոր հայերը Եգիպտոսում (արևմտահայերեն)
  2. Իբն Խալլիքան, «Ականվոր հայեր Եգիպտոսի մեջ», թարգ. արաբերենից Գ.Մըսրլեանի, Գահիրե 1947 թ