Եվրոպական արժույթի միավոր
Ստեղծում | 1 հունվարի 1979 ![]() | |
---|---|---|
Տարադրամի պատկերանշանի նկարագրություն | European Currency Unit sign ![]() | |
Հաջորդող | եվրո ![]() | |
Նախորդողը | European Unit of Account ![]() | |
Սկսած | 13 Ապրիլի 1979 ![]() | |
Ավարտված | 31 Դեկտեմբերի 1998 ![]() | |
Լուծարման ամսաթիվ | 1 հունվարի 1999 ![]() | |
Issued by | European Monetary Cooperation Fund ![]() |
Եվրոպական արժույթի միավոր (ֆր.՝ Unité de compte européenne , իսպ.՝ Unidad Monetaria Europea, գերմ.՝ Europäische Währungseinheit, նշանը՝ ⟨₠⟩, ISO 4217 ծածկագիրը՝ ECU կամ XEU) հաշվարկային միավոր էր, որն օգտագործվում էր Եվրոպական տնտեսական համայնքի կողմից և կազմված անդամ երկրների արժույթների զամբյուղից: ԵԱՄ-ն գործարկվել է 1979 թվականի մարտի 13-ին և ստացել ISO 4217 ծածկագիրը[1]: ԵԱՄ-ն 1979 թվականին փոխարինել է Եվրոպական հաշվի միավորին (EUA), իսկ ավելի ուշ այն փոխարինվել է եվրոյով (EUR) 1999 թվականի հունվար 1-ի պարիտետով[1]։
Որպես հաշվառման միավոր՝ ԵԱՄ-ն շրջանառվող արժույթ չի եղել և չի փոխարինել կամ գերազանցել ԵՏՀ անդամ երկրների արժույթի արժեքը։ Այնուամենայնիվ, այն օգտագործվում էր որոշ միջազգային ֆինանսական գործարքների և կապիտալի փոխանցումների գնագոյացման համար[2]:
Փոխարժեք
Օգտագործելով «օձ թունելում» հայտնի մեխանիզմը, Եվրոպական փոխարժեքի մեխանիզմը փորձ էր նվազագույնի հասցնել անդամ պետությունների արժույթների միջև տատանումները՝ սկզբում կառավարելով յուրաքանչյուրի տարբերությունը ԵԱՄ-ի համապատասխան հղման փոխարժեքի նկատմամբ՝ նպատակ ունենալով հասնել ֆիքսված գործակիցների ժամանակի ընթացքում, և այդպիսով հնարավորություն տալ եվրոպական միասնական արժույթին (որը հայտնի դարձավ որպես եվրո) փոխարինելու ազգային արժույթներին[փա՞ստ]:
Կոշտ ԵԱՄ առաջարկ
1990 թվականին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Մեյջորն առաջարկել է ստեղծել «կոշտ» ԵԱՄ, որի դեմ տարբեր ազգային արժույթներ կարող էին մրցակցել և, եթե ԵԱՄ-ն հաջող լիներ, կարող էր հանգեցնել միասնական արժույթի[3]: Ֆրանսիան և Գերմանիան այդ քայլը ընկալել են որպես կործանարար մարտավարություն, հատկապես, երբ գնալով ավելի ու ավելի եվրասկեպտիկ Թետչերը հայտարարել է Եվրոպական տնտեսական և արժութային միությանը (EMU) իր բացահայտ դեմ լինելու մասին, որից հետո «կոշտ» ԵԱՄ–ի գաղափարը սառեցվել է[3]:
Եվրոն փոխարինում է ԵԱՄ-ին
1999 թվականի հունվարի 1-ին եվրոն (EUR ծածկագրով և խորհրդանիշով ⟨ € ⟩) փոխարինել է ԵԱՄ-ին՝ համարժեք փոխարժեքով[4]: Ի տարբերություն ԵԱՄ-ի, եվրոն իրական արժույթ է, թեև ոչ բոլոր անդամ երկրներն են օգտագործում որպես հիմնական արժույթ: ԵԱՄ-ի արժույթների զամբյուղի երկրներից երկուսը` Մեծ Բրիտանիան և Դանիան, չեն միացել եվրագոտուն, իսկ երրորդը` Հունաստանը, ուշ է միացել: Մյուս կողմից, Ֆինլանդիան և Ավստրիան ի սկզբանե միացել են եվրագոտուն, թեև նրանց արժույթները ԵԱՄ զամբյուղի մաս չեն կազմել, քանի որ նրանք ԵՄ-ին միացել էին 1995 թվականին՝ ԵԱՄ-ի կազմի «սառեցումից» երկու տարի անց։
Իրավական հետևանքներ
Քանի որ ԵԱՄ-ն օգտագործվում էր որոշ միջազգային ֆինանսական գործարքներում, մտավախություն է առաջացել, որ օտարերկրյա դատարանները կարող են չճանաչել եվրոն որպես ԵԱՄ-ի իրավահաջորդ: Սա դժվար թե խնդիր լիներ, քանի որ միջազգային մասնավոր իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունք է, որ պետությունները որոշում են իրենց արժույթները, և, հետևաբար, պետությունները կընդունեն այդ նպատակով Եվրամիության օրենսդրությունը: Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց, մի քանի օտարերկրյա իրավական մարմիններ ընդունել են օրենսդրություն, որն ապահովում է սահուն անցում: Հատկապես կարևոր է, որ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգը և Նյու Յորքը օրենսդրություն են ընդունել, որպեսզի միջազգային ֆինանսական պայմանագրերի մեծ մասը եվրոն ճանաչի որպես ԵԱՄ-ի իրավահաջորդ[5]:
Խորհրդանիշ և անուն
ԵԱՄ-ի խորհրդանիշը՝ ₠, բաղկացած է միահյուսված C- ից և E-ից, որոնք «Եվրոպական տնտեսական համագործակցության» սկզբնատառերն են Եվրոպայի շատ լեզուներով: Այնուամենայնիվ, խորհրդանիշը լայնորեն ընդունված չի եղել: Ֆինանսական հաստատությունների և կառավարությունների կողմից օգտագործվող մի քանի համակարգչային համակարգեր կարող էին այն մատուցել, և առևտրային վճարային համակարգերը պարտավոր էին օգտագործել ISO ծածկագիրը՝ XEU, ինչպես այլ արժույթների դեպքում՝ առանց լայնորեն ճանաչված արժույթի խորհրդանիշների: Յունիկոդում ԵԱՄ խորհրդանիշի նշանակումը (u+20A0 ₠ EURO-CURRENCY SIGN) չի ներդվել անհատական համակարգիչների շատ գործառնական համակարգերում մինչև 1998 թվականի մայիսին Unicode v2.1-ի թողարկումը, որը ներկայացրել է նաև եվրոյի նշանը (U+20AC € EURO SIGN): 1990-ականների սկզբից Մայքրոսոֆթը ներառել է ԵԱՄ խորհրդանիշը Windows-ի իր եվրոպական շատ տարբերակներում: Այնուամենայնիվ, այն կիրառելու համար անհրաժեշտ էր օգտագործել Alt կոդ, և ոչ բոլոր տառատեսակներն էին պարունակում գլիֆ: Մինչև 2009 թվականը Մայքրոսոֆթը ԵԱՄ խորհրդանիշը դասել է «պատմական» շարքին: Այլ գործառնական համակարգերի, ներառյալ Macintosh-ի աջակցությունը, անհամապատասխան է եղել:
Չնայած ԵԱՄ-ի հապավումը ձևավորվել է միավորի անգլերեն անունից, écu-ն ոսկե մետաղադրամների ընտանիք է եղել, որը հատվել էր Ֆրանսիայի Լյուի IX Սուրբի օրոք: ԵԱՄ-ի իրավահաջորդի անունը՝ եվրոն, ընտրվել է, քանի որ անունը չի համապատասխանում որևէ լեզվի, ազգի կամ պատմական ժամանակաշրջանի[6]:
Մետաղադրամներ և թղթադրամներ
Քանի որ ԵԱՄ-ն միայն էլեկտրոնային հաշվառման միավոր է եղել և ոչ լրիվ արժույթ, այն չի ունեցել որևէ պաշտոնական մետաղադրամ կամ թղթադրամ, որոնք կարող էին օգտագործվել ամենօրյա գործարքների համար: Այնուամենայնիվ, եվրոպական տարբեր երկրներ և կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, պատրաստել են հուշադրամներ և թղթադրամներ: Մետաղադրամների ընդհանուր թեման սովորաբար տոնում էր եվրոպական միասնությունը, ինչպես, օրինակ, տոնում էր Եվրամիության անդամակցությունը:
Ջիբրալթարը թողարկել է հուշադրամներ 1993 թվականից մինչև 1998 թվականը, չնայած դրանք (անվանապես) օրինական վճարումներ էին միայն Ջիբրալթարում, որն օգտագործում է ֆունտ ստերլինգը[7]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «European Currency Unit (ECU)». UBC Sauder School of Business. Վերցված է 25 April 2020-ին.
- ↑ Scott, David L. (September 2003). Wall Street Words: An Essential A to Z Guide for Today's Investor (3rd ed.). New York: Houghton Mifflin. էջ 130. ISBN 9780395886076.
- ↑ 3,0 3,1 Major, John (24 July 1999). John Major: The Autobiography. London: HarperCollins. էջեր 150–51. ISBN 9780002570046.
- ↑ «European Currency Unit (ECU)». UBC Sauder School of Business. Վերցված է 25 April 2020-ին.
- ↑ Lenihan, Niall (1998). «The legal implications of the European Monetary Union under U.S. and New York Law». ec.europa.eu. Directorate General for Economic and Financial Affairs. Վերցված է 6 February 2022-ին.
- ↑ Ungerer, Horst (July 1997). A Concise History of European Monetary Integration: From EPU to EMU. Westport, Connecticut: Quorum Books. էջ 286. ISBN 9780899309811.
- ↑ «Gibraltar Coinage (Ecu) Act, 1990». HM Government of Gibraltar: Laws of Gibraltar. 2007-06-14 [14 June 2007: Commencement date of latest amending enactment]. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2 April 2022-ին.