Նոր պատկերասրահ (Գրաց)
Նոր պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Գրաց |
Վայր | Գրաց |
Կազմված է | Bruseum? |
Հիմնադրվել է | 1941[1] |
Կայք | museum-joanneum.at/neue-galerie-graz(գերմ.)(անգլ.) |
Նոր պատկերասրահ Գրացում[2] (գերմ.՝ Neue Galerie Graz), գեղարվեստական թանգարան Ավստրիայի Գրաց քաղաքում։ Հիմնադրվել է 1941 թվականին, համարվում է «Յոաննեում» թանգարանային համալիրի մի մասը, որը մասնագիտացած է ժամանակակից արվեստում։ Ստեղծվել է «Յոաննեում»-ի «հին» և «նոր» մասերի բաժանման արդյունքում։ Հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը ստեղծված գործեր։ 2011 թվականին, ելնելով ֆինանսական նկատառումներից, այն կազմակերպչականորեն միացվել է տեղի Կունստհաուս թանգարանին, որտեղ պարբերաբար անցկացնում են ցուցահանդեսներ և կոնֆերանսներ։
Պատմություն և նկարագրություն
Պատմություն
Նոր պատկերասրահը ստեղծվել է Գրացում 1941 թվականին, երբ «Յոաննեում» թանգարանը, որը հիմնադրվել է 1811 թվականին, բաժանվել է «հին» և « նոր» մասերի։ Վերջինս իր ֆոնդերի մեջ է ընդունել 19-րդ և 20-րդ դարերի աշխատանքները, որոնք գտնվել են Հերբերշտեյնի պալատում (Palais Herberstein) Զակշտրասսե 16 հասցեում: Քաղաքային պալատի շենքը կառուցվել է բարոկկո ոճով 18-րդ դարի կեսերին ճարտարապետ Յոզեֆ Հյուբերի (1717-1787) նախագծով։ Երբ պալատի գոյությունը վտանգի տակ էր (կազմվել է դրա քանդման նախագիծ), շենքը «փրկել է» պատկերասրահի առաջին տնօրեն Հանս Ռիելը, ով կարողացել է հասնել պալատական համալիրի վերանորոգմանը թանգարանի կարիքների համար։ Նոր պատկերասրահի տնօրեններն են եղել Վալտեր Կոշացկին (այդ պաշտոնը զբաղեցրել է 1956-1962 թվականներին), Թրյուդե Ալդրիանը (1963-1965), Ուիլֆրիդ Սկրայները (1966-1992), Վերներ Ֆենցը (1993-1997), Պետեր Վայբելը (1998) և Քրիստա Շթեյնլեն (Christa Steinle, 1998-2011), մինչև 2011 թվականը Վայբելը եղել է մի շարք խոշոր ցուցահանդեսների գլխավոր համակարգողը։
Ֆինանսական դժվարությունների պատճառով առաջացած «Յոաննեում» թանգարանի վերակառուցմանն ուղղված միջոցառումների շնորհիվ 2011 թվականին Գրացի Նոր պատկերասրահը վարչականորեն միացվել է Կունստհաուսի ժամանակակից արվեստի թանգարանին, որտեղ ստեղծվել է «Moderne und zeitgenössische Kunst» բաժինը և Պետեր Պեերը դարձել է բաժնի ղեկավարը։ Նույն 2011 թվականին պատկերասրահը տեղափոխվել է նոր վայր՝ «Joanneumsviertel» շենքային համալիր:
Հավաքածու և գործունեություն
Նոր պատկերասրահի հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը ստեղծված գործեր. 19-րդ դարի ստեղծագործությունների հավաքածուի հիմքում ընկած է Ավստրիայի արքհերցոգ Յոհան Բապտիստի հավաքածուն, մի շարք նվիրատվություններ պատկերասրահին, ինչպես նաև կայսերական ընտանիքի և տեղական ազնվականության գեղարվեստական ֆոնդերը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածուի ստեղծման գործունեությունը գրեթե ամբողջությամբ ընդհատվել է (Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո տնտեսական իրավիճակի պատճառով) և միջպատերազմյան ժամանակաշրջանի արվեստը աննշան է ներկայացված հավաքածուում։ Հավաքածուում առկա է Էգոն Շիլեի միայն մեկ աշխատանքներ և մի քանի գրաֆիկական գործեր, որոնք ստեղծվել են Գուստավ Կլիմտի, Շիլեի և Օսկար Կոկոշկայի կողմից:
1959 թվականին «Joanneum Art Prize» մրցանակի ստեղծմամբ և Շտայրիայում նկարչական միջազգային շաբաթների անցկացմամբ (1966–1992) պատկերասրահի հավաքածուի ստեղծման գործունեությունը զգալիորեն ընդլայնվել է և միջազգայնացել։ Հավաքածուն պարունակում է 1970-ականներին ստեղծված ստեղծագործությունների մի ամբողջ շարք (ներառյալ կոնցեպտուալ արվեստի ստեղծագործությունները): Թանգարանային հավաքածուների համալրմանը նպաստել է նաև «Trigon Biennale» բիենալեն, որը տեղի է ունեցել 1963-1995 թվականներին՝ ներառելով Ֆլյուքսուս շարժման և հեփփինգ ձևերի աշխատանքներ:
21-րդ դարում պատկերասրահը իր «մշակութային առաքելություն»-ն է համարում ցուցահանդեսների և սիմպոզիումների միջոցով հանրությանը տեղեկացնել ժամանակակից արվեստի նոր միտումների մասին, պատկերասրահի ղեկավարությանը հետաքրքրում է իրավիճակը տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում։ Պատկերասրահի ղեկավարությունը չի սահմանափակում ժամանակակից արվեստը միայն գեղանկարչությամբ ներկայացնելով, այլ հավաքում և ցուցադրում է «գեղարվեստական արտահայտման բոլոր միջոցները», ինչպիսիք են, քանդակը, լուսանկարչությունը, վիդեոարվեստը և կինոարվեստը, ինստալյացիաները և ճարտարապետական գործերը: Պատկերասրահի ցուցահանդեսային ծրագրի մաս են կազմում նաև երիտասարդ նկարիչները՝ հայտնի հեղինակների հետ միասին՝ Ֆելիքս Գոնսալես-Տորրեսը, Ռուդոլֆ Ստինգելը (Ստինգել), Պիպիլոտի Ռիստը, Սիլվի Ֆլերին, Ուիլյամ Քենթրիջը և Օլաֆուր Էլիասսոնը պատկերասրահում ունեցել են իրենց անհատական ցուցահանդեսները, նախքան լայն ճանաչում ձեռք բերելը:
2002 թվականից տարածաշրջանային (Շտիրիա) նկարիչները, որոնց աշխատանքներն արդեն միջազգային ճանաչում ունեն, Գրացում անցկացնում են հետահայաց անհատական ցուցահանդեսներ, նրանց թվում են Էրվին Վուրմը և Գյունտեր Բրուսը։ «Artist in Residence» հատուկ ծրագիրը երեք ժամանակակից նկարիչների հնարավորություն է տալիս մեկ տարի ապրել և աշխատել Գրացում, այնուհետև ներկայացնել իրենց աշխատանքները լայն հանրությանը: 2013 թվականին պատկերասրահում անկացվել են Վիլհելմ Տյոնիի աշխատանքների ցուցահանդեսը «Wilhelm Thöny. Im Sog der Moderne», ավստրիացի նկարիչ Վոլֆգանգ Հոլլեգան (ծն.՝ 1929) 2015-2016 թվականներին տեղի հանրությանն է ներկայացրել իր աշխատանքները՝ «Die Natur ist innen. Der Maler Wolfgang Hollegha» ցուցադրության շրջանակներում: Նոր պատկերասրահի կողմից մի շարք ցուցահանդեսներ են կազմակերպվել Հերբերշտեյն ամրոցի հետ համագործակցությամբ, որն իր տարածքն է տրամադրել ցուցահանդեսների և կրթական միջոցառումների համար:
Ծանոթագրություններ
- ↑ https://www.museum-joanneum.at/en/neue-galerie-graz/about-us
- ↑ Изобразительное искусство - библиографическая информация. — Российская государственная библиотека, 2010. — С. 64, 129. — 414 с.
Գրականություն
- Walter Titz, Peter Peer Die Neue Galerie Graz in 99 Werken / Neue Galerie Graz, Universalmuseum Joanneum. — 1. Auflage. — Wien, 2018. — 271 с. — ISBN 9783710602115
- Peter Weibel Moderne, Selbstmord der Kunst? : im Spiegel der Sammlung der Neuen Galerie Graz. — Graz: Neue Galerie Graz, Universalmuseum Joanneum, 2011. — 688 с. — ISBN 9783775732604
Արտաքին հղումներ
- «Universalmuseum Joanneum: Public Institution». artfacts.net (անգլերեն). Berlin: ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019-08-12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր պատկերասրահ (Գրաց)» հոդվածին։ |
|