Նոր պատկերասրահ (Գրաց)
Նոր պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գրաց |
Վայր | Գրաց |
Կազմված է | Bruseum? |
Հիմնադրվել է | 1941[1] |
Կայք | museum-joanneum.at/neue-galerie-graz(գերմ.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Նոր պատկերասրահ Գրացում[2] (գերմ.՝ Neue Galerie Graz), գեղարվեստական թանգարան Ավստրիայի Գրաց քաղաքում։ Հիմնադրվել է 1941 թվականին, համարվում է «Յոաննեում» թանգարանային համալիրի մի մասը, որը մասնագիտացած է ժամանակակից արվեստում։ Ստեղծվել է «Յոաննեում»-ի «հին» և «նոր» մասերի բաժանման արդյունքում։ Հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը ստեղծված գործեր։ 2011 թվականին, ելնելով ֆինանսական նկատառումներից, այն կազմակերպչականորեն միացվել է տեղի Կունստհաուս թանգարանին, որտեղ պարբերաբար անցկացնում են ցուցահանդեսներ և կոնֆերանսներ։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր պատկերասրահը ստեղծվել է Գրացում 1941 թվականին, երբ «Յոաննեում» թանգարանը, որը հիմնադրվել է 1811 թվականին, բաժանվել է «հին» և « նոր» մասերի։ Վերջինս իր ֆոնդերի մեջ է ընդունել 19-րդ և 20-րդ դարերի աշխատանքները, որոնք գտնվել են Հերբերշտեյնի պալատում (Palais Herberstein) Զակշտրասսե 16 հասցեում։ Քաղաքային պալատի շենքը կառուցվել է բարոկկո ոճով 18-րդ դարի կեսերին ճարտարապետ Յոզեֆ Հյուբերի (1717-1787) նախագծով։ Երբ պալատի գոյությունը վտանգի տակ էր (կազմվել է դրա քանդման նախագիծ), շենքը «փրկել է» պատկերասրահի առաջին տնօրեն Հանս Ռիելը, ով կարողացել է հասնել պալատական համալիրի վերանորոգմանը թանգարանի կարիքների համար։ Նոր պատկերասրահի տնօրեններն են եղել Վալտեր Կոշացկին (այդ պաշտոնը զբաղեցրել է 1956-1962 թվականներին), Թրյուդե Ալդրիանը (1963-1965), Ուիլֆրիդ Սկրայները (1966-1992), Վերներ Ֆենցը (1993-1997), Պետեր Վայբելը (1998) և Քրիստա Շթեյնլեն (Christa Steinle, 1998-2011), մինչև 2011 թվականը Վայբելը եղել է մի շարք խոշոր ցուցահանդեսների գլխավոր համակարգողը։
Ֆինանսական դժվարությունների պատճառով առաջացած «Յոաննեում» թանգարանի վերակառուցմանն ուղղված միջոցառումների շնորհիվ 2011 թվականին Գրացի Նոր պատկերասրահը վարչականորեն միացվել է Կունստհաուսի ժամանակակից արվեստի թանգարանին, որտեղ ստեղծվել է «Moderne und zeitgenössische Kunst» բաժինը և Պետեր Պեերը դարձել է բաժնի ղեկավարը։ Նույն 2011 թվականին պատկերասրահը տեղափոխվել է նոր վայր՝ «Joanneumsviertel» շենքային համալիր։
Հավաքածու և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր պատկերասրահի հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը ստեղծված գործեր. 19-րդ դարի ստեղծագործությունների հավաքածուի հիմքում ընկած է Ավստրիայի արքհերցոգ Յոհան Բապտիստի հավաքածուն, մի շարք նվիրատվություններ պատկերասրահին, ինչպես նաև կայսերական ընտանիքի և տեղական ազնվականության գեղարվեստական ֆոնդերը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածուի ստեղծման գործունեությունը գրեթե ամբողջությամբ ընդհատվել է (Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո տնտեսական իրավիճակի պատճառով) և միջպատերազմյան ժամանակաշրջանի արվեստը աննշան է ներկայացված հավաքածուում։ Հավաքածուում առկա է Էգոն Շիլեի միայն մեկ աշխատանք և մի քանի գրաֆիկական գործեր, որոնք ստեղծվել են Գուստավ Կլիմտի, Շիլեի և Օսկար Կոկոշկայի կողմից։
1959 թվականին «Joanneum Art Prize» մրցանակի ստեղծմամբ և Շտայրիայում նկարչական միջազգային շաբաթների անցկացմամբ (1966–1992) պատկերասրահի հավաքածուի ստեղծման գործունեությունը զգալիորեն ընդլայնվել է և միջազգայնացել։ Հավաքածուն պարունակում է 1970-ականներին ստեղծված ստեղծագործությունների մի ամբողջ շարք (ներառյալ կոնցեպտուալ արվեստի ստեղծագործությունները)։ Թանգարանային հավաքածուների համալրմանը նպաստել է նաև «Trigon Biennale» բիենալեն, որը տեղի է ունեցել 1963-1995 թվականներին՝ ներառելով Ֆլյուքսուս շարժման և հեփփինգ ձևերի աշխատանքներ։
21-րդ դարում պատկերասրահը իր «մշակութային առաքելություն»-ն է համարում ցուցահանդեսների և սիմպոզիումների միջոցով հանրությանը տեղեկացնել ժամանակակից արվեստի նոր միտումների մասին, պատկերասրահի ղեկավարությանը հետաքրքրում է իրավիճակը տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում։ Պատկերասրահի ղեկավարությունը չի սահմանափակում ժամանակակից արվեստը միայն գեղանկարչությամբ ներկայացնելով, այլ հավաքում և ցուցադրում է «գեղարվեստական արտահայտման բոլոր միջոցները», ինչպիսիք են, քանդակը, լուսանկարչությունը, վիդեոարվեստը և կինոարվեստը, ինստալյացիաները և ճարտարապետական գործերը։ Պատկերասրահի ցուցահանդեսային ծրագրի մաս են կազմում նաև երիտասարդ նկարիչները՝ հայտնի հեղինակների հետ միասին՝ Ֆելիքս Գոնսալես-Տորրեսը, Ռուդոլֆ Ստինգելը (Ստինգել), Պիպիլոտի Ռիստը, Սիլվի Ֆլերին, Ուիլյամ Քենթրիջը և Օլաֆուր Էլիասսոնը պատկերասրահում ունեցել են իրենց անհատական ցուցահանդեսները, նախքան լայն ճանաչում ձեռք բերելը։
2002 թվականից տարածաշրջանային (Շտիրիա) նկարիչները, որոնց աշխատանքներն արդեն միջազգային ճանաչում ունեն, Գրացում անցկացնում են հետահայաց անհատական ցուցահանդեսներ, նրանց թվում են Էրվին Վուրմը և Գյունտեր Բրուսը։ «Artist in Residence» հատուկ ծրագիրը երեք ժամանակակից նկարիչների հնարավորություն է տալիս մեկ տարի ապրել և աշխատել Գրացում, այնուհետև ներկայացնել իրենց աշխատանքները լայն հանրությանը։ 2013 թվականին պատկերասրահում անկացվել են Վիլհելմ Տյոնիի աշխատանքների ցուցահանդեսը «Wilhelm Thöny. Im Sog der Moderne», ավստրիացի նկարիչ Վոլֆգանգ Հոլլեգան (ծն.՝ 1929) 2015-2016 թվականներին տեղի հանրությանն է ներկայացրել իր աշխատանքները՝ «Die Natur ist innen. Der Maler Wolfgang Hollegha» ցուցադրության շրջանակներում։ Նոր պատկերասրահի կողմից մի շարք ցուցահանդեսներ են կազմակերպվել Հերբերշտեյն ամրոցի հետ համագործակցությամբ, որն իր տարածքն է տրամադրել ցուցահանդեսների և կրթական միջոցառումների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.museum-joanneum.at/en/neue-galerie-graz/about-us
- ↑ Изобразительное искусство - библиографическая информация. — Российская государственная библиотека, 2010. — С. 64, 129. — 414 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Walter Titz, Peter Peer Die Neue Galerie Graz in 99 Werken / Neue Galerie Graz, Universalmuseum Joanneum. — 1. Auflage. — Wien, 2018. — 271 с. — ISBN 9783710602115
- Peter Weibel Moderne, Selbstmord der Kunst? : im Spiegel der Sammlung der Neuen Galerie Graz. — Graz: Neue Galerie Graz, Universalmuseum Joanneum, 2011. — 688 с. — ISBN 9783775732604
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Universalmuseum Joanneum: Public Institution». artfacts.net (անգլերեն). Berlin: ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր պատկերասրահ (Գրաց)» հոդվածին։ |
|