Սուրհանդակ (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրհանդակ
Տեսակթերթ
ԼեզուԱրևելահայերեն
ԽմբագիրԱսատուր Երիցյան
Հիմնադրվել է1909
ԵրկիրԹիֆլիս
Հրատարակման վայրԹբիլիսի

Սուրհանդակ, գրական, քաղաքական-հասարակական, առևտրա-արդյունաբերական օրաթերթ (մինչև 1910 թվականի դեկտեմբերը՝ երկօրյա)։ Լույս է տեսել 1909-1912 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ասատուր Երիցյան։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզելով թերթի նպատակները առաջին տարվա առաջին համարում խմբագիրը հայտարարում է, որ թերթը հեռու է լինելու «կուսակցական կռիւներից և անձնական հաշիւներից»։

Բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրհանդակի» բաժիններն էին. «Ներքին տեսութիւն», «Գաւառային կեանք», «Թղթակցութիւններ», «Առևտրա֊արդիւնաբերական», «Արտաքին տեսութիւն» և այլն։ Նախորդ հասարակական-քաղաքական պարբերականներից և ոչ մեկը չի ունեցել «Առեւտրա-արդիւնաբերական» բաժինը։ Այդ մասին թերթը գրում է.

Aquote1.png «Սուրհանդակի» մեջ մենք տալիս ենք և մի առանձին բաժին, որը ահագին կարևորութիւն ունի ազգերի տնտեսական վիճակում. դա առևտրա֊արդիւնաբերական բաժինն է, որի վրայ առանձնապէս դարձնելու ենք մեր ուշադրութիւնը, և որը մատնել էինք կամով մոռացութետն, երբեմն և աններելի արհամարհանքի, իսկ վերջերս նույնիսկ թշնամանքի։
- (1909, թիվ 1)
Aquote2.png

Ավետիք Արասխանյանը, ողջունելով «Սուրհանդակի» լույս ընծայումը, գրել է.

Aquote1.png Եթէ «Սուրհանդակը» արդարացնի իր ծրագրի այդ կէտը, նա մի նոր զարգացում տուած կլինի նաև հայկական մամուլին առհասարակ, որովհետև արդյունաբերութեանը և առևտրին իրական օգնութիւն տալու համար պէտք կլինի անընդհատ հետամտութիւն երկրի տնտեսական կեանքին, մի խնդիր, որ այդ ծավալով մեզանում չի դրած եղել և ոչ մի թերթ։
- (1909, թիվ 5)
Aquote2.png


Աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրհանդակին» աշխատակցել են Ավետիք Արասխանյանը, Ղազարոս Աղայանը, Ջավադ Բալուղյանը, Գր. Երզնկյանը, Գարեգին Լևոնյանը, Հ. Համբարձումյանը, Սեդրակ Մանդինյանը, Մ. Մելյանը, Նար-Դոսը, Խ. Սամվելյանը, Հարություն Սոլովյանը, Խ. Տեր֊Ենոքյանը, Մուշեղ Բագրատունին (Խ. Նարիմյան) և ուրիշներ։

Դիրքորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական կյանքի զարգացման գործում կարևորելով վաճառականների ու արդյունաբերական ձեռնարկությունների դերն ու նշանակությունը թերթը գրում է.

Aquote1.png Այժմ մենք պէտք է ստեղծենք և զարգացնենք վաճառականներ և արդիւնաբերողներ։ Դրանով միայն մենք նպաստած կլինենք մեր երկրի առաջադիմութեանը, մեր քանդուած տնտեսութեան վերակենդանացմանը, մեր ընչազուրկ ժողովրդի բարօրութեանը։
- (1910, թիվ 161)
Aquote2.png


«Ո՞ւր ենք գնում, առաջ, թէ ետ» հոդվածաշարում (1910, թիվ 98-100) զարգացվում է այն միտքը, թե կապիտալիստական հասարակարգում մարդ անհատը աշխատում է գիտություն ձեռք բերել ոչ թե ընդհանրության, այլ իր անձնական շահերին գոհացում տալու համար։ Մինչդեռ գիտությունն ու կուլտուրան ստեղծված են ծառայելու ոչ թե մարդ անհատի, այլ ընդհանրության, ժողովրդի անմիջական շահերին։ Եվ եզրակացվում է, որ գիտության ու մշակույթի նպատակը պետը է լինի ստեղծել մի հասարակարգ, որտեղ «ամէնքը ապրեն մէկի համար, իսկ մէկը՝ բոլորի» (1910, թիվ 98)։ Թերթը սոցիալական չարիքի արմատը տեսնելով գիտության անբավարար տարածման մեջ, իր քննադատական խոսքն է ասում հայ մտավորականներին, մեղադրելով նրանը այն բանում, որ տարվելով հասարակական գիտություններով, աչքաթող են արել բնական գիտությունները, բնական հարստությունների օգտագործման, արդյունաբերության զարգացման խնդիրները։

Թերթում բարձրացվել է սեփական հումքի օգտագործմամբ տեղական արդյունաբերության զարդարման խնդիրը։ Միաժամանակ պահանջվել է հետևել աշխատանքի կազմակերպման այն ձևերին, որոնք վաղուց կիրառվում են քաղաքակիրթ երկրներում։ Խրախուսվել է նաև կոոպերատիվ և արհեստակցական ընկերությունների, փոխատու-խնայողական բանկերի գործունեությունը։ Առաջնորդողներից մեկում խմբագիրն այն կարծիքն է հայտնել, թե վաճառականական վարկի բացումը մեծ չափով կնպաստի երկրի տնտեսական ու մշակութային կյանքի առաջադիմությանը։

Թերթում գյուղական բանկի մասին հակառակ կարծիքն է հայտնել Մ. Բագրատունին։ «Գիւղական բանկերը» հոդվածում (1910, թիվ 98) նա այն տեսակետն է զարգացրել, թե այդ բանկերը այն կարապետներն են, որ գալիս են երկրում հաստատելու կապիտալիստական կարգերը, ավելի ևս խորացնելու սեփականազրկվող և հարստացող դասակարգերի մեջ կատարվող բաժանումը, ինչպես բացատրում է Բագրատունին, այդ բանկերում ներդրվում են ոչ թե աղքատ գյուղացու, այլ հարուստ վերնախավի փողերը, նրանք էլ դառնում են բանկերի տերերը, կուտակում գումարներ և ավելի ուժեղացնում թույլ ու տնտեսապես աղքատ դասակարգերի կեղեքումը։ Ապա նա եզրակացնում է.

Aquote1.png Ուրէմն իզուր է մեր գաղափարական և իդէալիստ կուլտուրտրեգերների ոգևորութիւնր գիւղական բանկերի մասին, որոնք, բարի ինքնախաբեութիւն լինելուց, դէռ նոյնիսկ մեծ չափերով վնասակար են տնտեսական հաւասարակշռութեան նժարի համար մասսաների մէջ։
- (1910, թիվ 92)
Aquote2.png


Թերթը համամիտ չլինելով Մ. Բագրատունու կարծիքին բանավեճ է բացել, գրելով, որ ցանկալի է մեր գյուղական շրջաններում և տեղական մանր վարկի շուրջ_ գործող կամ աշխատող մարդիկ ևս իրենց կարծիքներն արտահայտեն այս կարևոր հարցի մասին (1910, թիվ 98)։ Հարցի շուրջ տպագրված հոդվածների մեծ մասում այն տեսակետն է պաշտպանվել, թե սոցիալական չարիքի վերափոխման գործում առաջնությունը պետք է տալ տնտեսական աստիճանական բարեփոխումներին։ Եվ այն տարիներին, երբ հեղափոխական ելույթներն ու գործադուլային շարժումները տարածում էին գտնում Անդրկովկասում, թերթը սահմանափակվում էր դրանց մասին միայն պաշտոնական հաղորդագրություններ տպագրելով։ Իսկ մի շարք հոդվածներում էլ հորդորվում էր բանվորներին հետևել եվրոպական գործադուլավորներին, հարցի լուծումը ավարտել գործարանատերերի հետ փոխադարձ համաձայնության գալով։ Այսպես, «Շուեդական գործադուլի շուրջը» հոդվածում (1909, թիվ 20) խրախուսվել է գործադուլների շվեդական ձևը, երբ պայքարողները շվեդական բանվորի և կապիտալիստի նման հարգելով միմյանց, գիտակցելով փոխադարձ շահերի պահպանման անհրաժեշտությունը պայքար են մղում, գործադուլ անում, և սակայն ո՛չ արյուն են թափում, ո՛չ բանտերը լցնում, ո՛չ գործարաններ այրում ու փակում։

Սոցիալական չարիքի վերացման հարցում թերթի տեսակետը մեկն էր մարդկության երջանիկ ապագային հասնելու համար դիմել խաղաղ տնտեսական բարեփոխումների դասակարգերի միջև փոխադարձ համաձայնությամբ։

«Սուրհանդակի» բազմաթիվ հոդվածներ նվիրված են ժողովուրդների բարեկամության գաղափարների ջատագովմանը, հատկապես հայ ժողովրդի կյանքում ռուս ժողովրդի ունեցած նշանակության գնահատմանը[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ պարբերական մամուլի պատմություն (1900-1922), հատոր 2, Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017, էջ 68-71։ Պատասխանատու խմբագիրներ՝ Ա. Խառատյան, Լ. Գևորգյան։