Սուրբ Ամենափրկիչ վանք (Ջուղա)
Սուրբ Ամենափրկիչ վանք | |
---|---|
Ամենափրկիչ վանքն արևմուտքից | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ջուղայի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Ջուղա քաղաք |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Առաջին հիշատակում | 9-րդ դար |
Շինանյութ | Կիսամշակ և մասամբ սրբատաշ քարեր, կրաշաղախով |
Սուրբ Ամենափրկիչ վանք, հայկական առաքելական ավերված վանքային համալիր նախկին հայաբնակ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանարեպտության Ջուղայի շրջանի համանուն քաղաքում[1][2][3]։
Հանդիսացել է ամենահռչակավոր հայկական վանական համալիրներից մեկը[1]։ Այժմ ամբողջովին ավերված է[4]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուղայի գերեզմանատնից դեպի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է Քամու ձոր կոչվող բավականին խոր ձոր[1][2]։ Գերեզմանատնից այդ ձորով 3 կմ հեռավորության վրա՝ բարձրադիր լեռան լանջին՝ ձորի ծայրին գտնվում էր Սուրբ Ամենափրկիչ վանքը։ Վանքի հարավային մասում՝ Մաղարդայի լեռնաշղթայի ստորոտով հոսում է Արաքս գետը։ Արևելքում՝ վանքի լեռան ստորոտում, Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանատունն էր և քաղաքատեղիի ավերակներ։ Հյուսիսից ու արևմուտքից լերկ լեռներ են[1][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեսրոպ Սմբատյանցի ենթադրությամբ Ամենափրկիչը հիմնվել է 1271 թվականին պարոն Վահրամի կողմից[1][5]։ Այնուամենայնիվ վանական համալիրի մասին գրավոր աղբյուրներում 1271 թվականից ավելի հին տեղեկություն կա։ Սուրբ Ամենափրկիչ վանքը հիշատակվում է Խաչիկ կաթողիկոսի՝ 976 թվականին Աշոտ Ողորմած թագավորի կողմից Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքին կալվածքներ նվիրաբերելու փաստը հաստատող վավերագրերում[1][6]։ Ենթադրվում է, որ վանական համալիրի սկզբնական շինությունը հիմնվել է ոչ ուշ քան 9-ից 10-րդ դարերում[1][2][3]։
Ճարտարապետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ամենափրկիչ վանքային համալիրը կազմված էր փոքր չափսերի եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միահարկ և երկհարկ արտադրական ու օժանդակ շինություններից, որոնք շրջապատված էին պարսպով[1]։ Այժմ վանական համալիրն ամբողջությամբ ավերված է[3][4]։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին գտնվում էր վանքային համալիրի հարավ-արևելյան անկյունում։ Այն ավագ աբսիդով և զույգ ավանդատներով, արևմտյան ճակատի մուտքով կենտրոնագմբեթ կառույց էր։ Կառուցվել է կիսամշակ և մասամբ սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Շինության ներսի մասը սվաղված էր և սպիտակեցված։ Գմբեթը բավականին մեծ էր և կլորավուն։ Այն ծածկված էր կլորավուն վեղարով։ Եկեղեցին չուներ ճարտարապետական հատուկ հարդարանք։ Միայն մուտքի շուրջը և որմերի այլ մասերում տեղադրված էին 16-րդ դարի մի քանի խաչքարեր, որոնց վրա առկա էին արձանագրություններ։ Մուտքն ուներ բավականին լայն բացվածք և 12-ից 13-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ օգտագործված թեթևակիորեն սլաքավոր կամար[1][3]։
Գավիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցու արևմտյան ճակատին կցված էր երկու մույթերի հորինվածքով թաղակապ փոքր գավիթը[1][3]։
Օժանդակ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հարավային և հյուսիսային որմերին և անմիջապես պարիսպին կից՝ ներսում, գտնվում էին վանական համալիրի բնակելի սենյակները, հացատուն, խոհանոցը, սեղանատունը, սննդամթերքի պահման ամբարը և արտադրական ու օժանդակ այլ շինություններ։ Այդ շինությունների մեծ մասը ունեցել են խաչաձև և թաղակապ ծածկեր[1][3]։
Պարիսպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրի բարձր և ամուր պարիսպը քառանկյունի էր։ Մինչև խորհրդային ժամանակաշրջանի կեսերը դեռևս պահպանվել էին 2․5 մետր բարձրությամբ։ Կառուցված է եղել անմշակ և կրաշաղախով։ Միակ մուտքը գտնվում էր հարավային կողմում։ Իր կառուցվածքի ու տեսքի շնորհիվ բերդապարիսպի տպավորություն էր թողնում[1][3]։
Վանքի գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ամենափրկիչ վանքն ուներ իր առանձին գերեզմանատունը, որը գտնվում էր վանական համալիրի հարավային կողմում։ Այնտեղ ամփոփված էին միաբանների և եպիսկոպոսների աճյունները։ Գերեզմանատանը կային 15-ից 16-րդ դարերով թվագրվող և հետաքրքիր զարդաձևեր ու պատկերաքանդակներ ունեցող բազմաթիվ խաչքարեր։ Եղել են նաև մատուռ-դամբարաններ[1][3]։
Վանքի աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատնից արևմուտք գտնվելիս է եղել երբեմնի արագահոս աղբյուր, որը շրջապատող սաղարթախիտ ծառերին ու փոքր այգուն ջուղայեցիները անվանում էին Վանքի այգի[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 27-28։
- ↑ 2,0 2,1 2,2 «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012 թվական, էջ 24։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1986 թվական։
- ↑ 4,0 4,1 «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված)։
- ↑ Մեսրոպ Սմբատյանց, Նկարագիր Սուրբ Կարապետի վանից երնջակայ եւ շրջակայից նորա, Տփղիս, 1904, էջ 484։
- ↑ Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պրակ 1-ին, կազմեց՝ Հար․ Աբրահամյան, Երևան, 1941, էջ 6։