Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի
Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի | |
---|---|
Մասնագիտություն | քահանա |
Ծնողներ | հայր՝ Աբգար Թոխաթեցի |
Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի, Սուլթան Մարկանտոնիո (մոտավ. 1550 թ. Եվդոկիա (Թոխաթ) - մահվան թվականը անհայտ), հայ տպագրիչ, հասարակական, կրոնական գործիչ։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտավորապես 1550 թվականին։ 1562 թվականին հոր՝ Աբգար Թոխաթեցու հետ Սեբաստիայից մեկնել է Հռոմ (տեղ է հասել 1564 թվականին)։ Նրան (հոր հետ) ընդունել է Պիոս IV պապը և որդեգրել։ Հռոմում ստացել է լատինական հիմնավոր կրթություն, օծվել սարկավագ։ Պաշտոնավարել է Վատիկանում, եղել Հռոմի հայոց տան (հյուրանոց-հավաքատեղի)[1] կառավարիչ, համարվել Էջմիածնի և Կիլիկիայի Հայոց կաթողիկոսների նվիրակը Վատիկանում։ Պապի և կարդինալների մոտ ջանքեր է գործադրել Հայաստանի ազատագրման և հայոց պետականության վերականգնման համար։ 1583 թվականին նամակ է գրել Էջմիածնի Թադեոս Բ աթոռակից կաթողիկոսին՝ նկարագրելով հոր և իր գործունեությունը, խնդրել գրությամբ հաստատել իր թագավորական ծագումը՝ Հռոմի պապից բերդեր, քաղաքներ, հողամասեր ստանալու, դրանք պանդուխտ հայերի օգնությանը և հայոց պետականության վերականգնման գործին ի սպաս դնելու համար։
Տպագրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրական գործունեությունը սկսել է 1565 թվականին Հռոմում, Երբ հայրը ու ինքը պապից հայերեն տպագրության իրավունք են ստացել։ Հավանաբար, մասնակցել է աբգարյան տառաձևերի ընտրությանը, տպատառերի պատվիրմանը, Վենետիկում Սաղմոսարանի տպագրությանը[2]։ Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու հորդորով Գրիգոր 13-րդ պապը 1579 թվականին կարգադրել է հայերեն նոր տառատեսակներ ձուլել՝ Հռոմում հայալեզու տպագրություն սկսելու համար։ Սուլթանշահը 3 տեսակի (10 և 16 կետաչափի բոլորգիր և խոշոր գլխագիր) տպատառեր է պատվիրել ֆրանսիացի գրաձուլիչ Ռոբերտ Գրանժոնին։ Նույն թվականին տառերը պատրաստվել են, որոնցով Հռոմում հայերեն գրքեր են տպագրվել մոտ 200 տարի։ Սուլթանշահգրանժոնյան 10 կետաչափի տպատառերը եղան հայերեն ամենատարածված տպագրական տառերի նախանմուշները։ 1580 թվականին ընկերակցել է Հովհաննես Տերզնցուն, վերջինս 1584 թվականին Հռոմի Դոմինիկ Բազա տպարանում տպագրել է «Տոմար գրիգորեան յաւիտենական»[3] գիրքը, իսկ 1586 թվականին Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին տպագրել է երկու հատված հայոց ծիսարանից (Մաշտոցից)՝ «Կանօն օրենութեան աղի և ջրի» և «Օրհնութիւն աղի և ջրի յաւուրս կիրակէից», իր գրած հիշատակարանով (զետեղված են Մարկանտոնիո Կոլոնացու «Hydragiologia...» լատիներեն գրքի մեջ, Հռոմ 1586, էջ 492-504)։
Թյուր կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ուսումնասիրողներ կարծել են, թե 14-րդ դարի վերջի և 17-րդ դարի սկզբի գործիչ Բարդուղիմեոս Աբգար քահանան Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին է։ Այդ կարծիքը վավերական որևէ հաստատում չունի։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թուղթ առ Թադէոս Բ կաթողիկոս» «ՀԱ» 1906 էջ 322-325
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարեգին Զարպհանալեան, Պատմություն հայկական տպագրության, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։(չաշխատող հղում)
- Լէօ, Հայկական տպագրութիւն, հատոր Ա, Թիֆլիս, 1904։
- Զարդարեան, Վահան, Յիշատակարան։ Հտ. 1-2, Կ. Պոլիս, 1910-1911։
- Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912։
- Վահան Զարդարեան, Յիշատակարան, հատոր Բ, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 254-267։(չաշխատող հղում)
- Գարեգին Լևոնյան, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր Ա, Երևան, 1977։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
- Վարդան Դեվրիկյան, Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Ա, Վենետիկից Հռոմ (16-րդ դար), Երևան, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հռոմի Հայտան և ընդհանրապէս հայ գաղթօջախի պատմութեան մասին տե՛ս Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից.- «Պատմաբանասիրական հանդես», 1998, № 1-2, էջ 165-178։
- ↑ Սաղմոսարան, Վենետիկ, 1565-166։(չաշխատող հղում)
- ↑ «Տօմար Գրիգորեան, Հռովմ, 1584։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armenology.net, Old printed books in Armenian and their bibliography Արխիվացված 2009-03-26 Wayback Machine (անգլ.)