Սոցիալիստական ինտերնացիոնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալիստական ինտերնացիոնալ, Սոցինտերն (ՍԻ), սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորում, Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալ հետնորդը։ Հիմնադրվել է 1951 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Իր գաղափարախոսությամբ և սկզբունքներով սերում է ռեֆորմիստական 2-րդ Ինտերնացիոնալից։ Սոցինտերնի պաշտոնական նպատակը Դեմոկրատական սոցիալիզմն է, որի դրույթները շարադրված են Մայնի Ֆրանկֆուրտի հիմնադիր կոնգրեսում ընդունված «Դեմոկրատական սոցիալիզմի նպատակների ու խնդիրների մասին» դեկլարացիայում, որում ասված է, որ սոցիալիստների համար միևնույնն է, թե որտեղից են նրանք վերցնում իրենց համոզմունքները հասարակական հարաբերությունների մարքսիստական թե այլ վերլուծություններից կամ էլ կրոն, և հումանիստական սկզբունքներից։ Սոցիալիստական ինտերնացիոնալը և նրան անդամագրված կուսակցությունները տեսության մեջ և գործնականում հանդես են գալիս բանվոր դասակարգի և բուրժուազիայի միջև դասակարգային հաշտության և համագործակցության օգտին։ Նրանք ծրագրում են «դեմոկրատական սոցիալիզմի» հասնել կապիտալիզմի և սոցիալիզմի «առավելությունների զուգորդման», առանց դասակարգային պայքարի և սոցիալիստական հեղափոխության, բուրժուական հասարակության աստիճանական բարենորոգման միջոցով։ Սոցինտերնը որոշակի ակտիվություն է ցուցաբերել արդիականության առավել հրատապ՝ պատերազմի և խաղաղության հարցում։ Սայնի Ֆրանկֆուրտի դեկլարացիայում ասված է, որ «դեմոկրատական սոցիալիստները համընդհանուր խաղաղության հաստատումն ընդունում են որպես մեր ժամանակի կարևորագույն խնդիրը»։ Սակայն 19501960-ական թվականներին Սոցիալիստական ինտերնացիոնալը զորավիգ է եղել «սառը պատերազմի» իմպերական քաղաքականությանը՝ ուղղված Սովետական Միության և սոցիալիստական ընկերակցության երկրների դեմ, թեև 50-ական թվականներին վերջին նրա ներսում սկսել են ի հայտ գալ միջազգային լարվածությունը թուլացնելու միտումներ։ Սովետական ինտերնացիոնալի գաղափարական դիրքերում դրական տեղաշարժեր սկսեցին նշմարվել 70-ական թվականների սկզբին։ Նրա խորհրդի նստաշրջանը (1971, Հելսինկի) և 12-րդ կոնգրեսը (1972, Վիեննա) պաշտպանել են տարբեր հասարակարգերի պատկանող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքը և ընդունել ԽՍՀՍ-ի արտաքին քաղաքականության խաղաղասիրական բնույթը։ Ավելի ուշ Սոցիալիստական ինտերնացիոնալի ղեկավարները պաշտպանել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցություն հրավիրելու սոցիալիստական երկրների առաջարկությունը և մասնակցել դրա նախապատրաստմանն ու անցկացմանը։ 1978 թվականի ապրիլին Հելսինկիում կայացել է զինաթափման վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնֆերանսը, ավելի ուշ ստեղծվել Զինաթափման հարցերով կոնսուլտատիվ խորհուրդ։ Սակայն զինաթափման խնդրում Սոցիալիստական ինտերնացիոնալի դիրքորոշումը հակասական է և անհետևողական։ Սոցինտերնի արտաքին քաղաքական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ժողովուրդների ազատագրական պայքարին և «երրորդ աշխարհի» խնդիրներին ընդհանրապես։ 1960-ական թվականներին Սոցիալիստական ինտերնացիոնալը պաշտպանել է ԱՄՆ-ի ագրեսիվ պատերազմը Հնդկաչինում և Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում։ Մինչդեռ 70-ական թվականների սկզբին պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմը Վիետնայմում, իսկ 1973 թվականի իսրայելա-արաբական չորրորդ պատերազմից հետո՝ փոխել Իսրայելին անվերապահորեն զորավիգ լինելու իր նախկին դիրքորոշումը։ Դատապարտելով սիոնիստների ցեղասպան քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ և Մերձավոր Արևելքի խնդրի քաղաքական կարգավորումը համարելով անկարելի առանց Պաղեստինի արաբների մասնակցության՝ Սոցինտերնի ղեկավարները միաժամանակ պաշտպանում են Քեմփդևիդի անջատ համաձայնությունները։ Սոցիալիստական ինտերնացիոնալի բյուրոն 1973 թվականի փետրվարին Չիլիում գումարած նիստում հայտարարել է, որ պաշտպանում է լատինաամերիկյան ժողովուրդների շարժումն անկախության և սոցիալական առաջադիմության համար։ Հետագայում նա ճիշտ դիրք է գրավել Նիկարագուայի հեղափոխության և Սալվադորում ծայր առած ազատագրական պայքարի հանդեպ։ Այդուհանդերձ, Սոցիալիստական ինտերնացիոնալը հետապնդում է հակակոմունիստական և հակասովետական նպատակներ, որոնք ուղղված են կոմկուսակցությունների և «երրորդ աշխարհում» սոցերկրների ազդեցության ուժեղացման դեմ։ Հակակոմունիզմը և հակասովետիզմը ընկած են նաև բանվորական շարժման միասնության հարցում Սոցիալիստական ինտերնացիոնալի վարած գծի հիմքում։ Նրա հիմնադիր կոնգրեսը անցել է հակակոմունիզմի նշանաբանով։ Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը և բյուրոն 1956 թվականին «Սոցիալիզմ և կոմունիզմ» փաստաթղթում մերժել են ԽՍԿԿ 20-րդ համագումարի կոչը սոցիալիստների և կոմունիստների համագործակցության վերաբերյալ, ընդգծելով, որ բացառում են կոմունիստական կուսակցությունների հետ համագործակցության բոլոր ձևերը։ Չնայած դրան, մի շարք երկրների սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ (ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, ԴՖՀ) առանձին հարցերում համագործակցում են կոմունիստների հետ։ Կոմունիստների հետ համագործակցելու ձգտումն ուժեղացել է 70-ական թվականների սկզբին, և Սոցիալիստական ինտերնաիոնալի բյուրոն 1972 թվականին հարկադրված ընդունել է որոշում, որ սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն ազատ են այլ կուսակցությունների հետ իրենց երկկողմանի հարցերը որոշելիս։ Այնուամենայնիվ կոմունիստների հետ համագործակցելու հարցը շարունակում է մնալ սուր հակասությունների առարկա Սոցիալիստական ինտերնացիոնալի ներսում, թեև հաճախ այդ համագործակցությամբ է պայմանավորված սոցիալիստական կուսակցությունների հաղթանակն իշխանության ղեկի համար, ինչպես, օրինակ, 1981 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ֆրանսիայում։ Սոցաիլիստական ինտերնացիոնալը միավորում է շուրջ 60 սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որոնք ունեն 15 մլն անդամ։ Այդ թվի մեջ են մտնում նաև, այսպես կոչված, արտաքսված կուսակցությունները (տարագիրները սոցիալիստական երկրներից)։ Փաստորեն Սոցիալիստական ինտերնացիոնալը միավորում է 47 կուսակցություն, որոնք ունեն մոտ 8 մլն անդամ։ Ընտրությունների ժամանակ նրանց օգտին քվեարկում է 80 մլն-ից ավելի մարդ։ Սոցիալիստական ինտերնացիոնալի բարձրագույն մարմինը կոնգրեսն է, որը հրավիրվում է երկու-երեք տարին մեկ։ Դրանց միջև ընկած շրջանում ղեկավարությունն իրականացնում են Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը և բյուրոն։ Ընթացիկ աշխատանքը կատարում է քարտուղարությունը։ 1976 թվականի նոյեմբերից Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահն է Վ․ Բրանդը, գլխավոր քարտուղարը՝ Բ Կառլսոնը։ Պաշտոնական օրգանն է «Սոշըլիսթ ըֆեարս» («Socialist Affairs») բյուլետենը (մինչև 1971 թվականը՝ «Սոշըլիսթ ինթերնեյշընըլ ինֆորմեյշըն», «Socialist International In¬ formation»);

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png