Սոս Հայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Հայրապետյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | field hockey player |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 12, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Սոս Դերենիկի Հայրապետյան (սեպտեմբերի 12, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], հայ մարզիկ, մարզիչ, մականախաղի ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1980–1987), ԽՍՀՄ քառակի գավաթակիր (1982, 1983, 1986, 1987), Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր (1982, 1983), Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1981), Եվրոպայի (1983) և Օլիմպիական խաղերի (1980) մրցանակակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984)։ Խաղային դիրքը` պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոս Հայրապետյանի առաջին զբաղմունքը եղել է ֆուտբոլը, իսկ մականախաղով լրջորեն սկսել է զբաղվել միայն 17 տարեկանում՝ 1976-ին։ Արդեն մի քանի տարի անց նա դարձավ իր խաղային դիրքում խորհրդային լավագույն խաղացողներից մեկը։ Մարզական կարիերան սկսել է 1978-ին՝ Սվերդլովսկի ԲՄԱ-ում[2][3]։ 1978 և 1979 թվականներին ԲՄԱ-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1980-ին առաջին անգամ՝ ԽՍՀՄ չեմպիոն։ 1981 - 1987 թվականներին հանդես է եկել Ալմա Աթայի «Դինամոյում»։ Այդ տարիներին նա 7 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել է երկրի գավաթը և երկու անգամ Եվրոպական չեմպիոնների գավաթը։ 1988 - 1992 թվականներին խաղացել է Հրազդանի «Հրազդան» թիմի կազմում։
1978 - 1991 թվականներին Հայրապետյանն ընդգրկվել է Խորհրդային Միության հավաքականի կազմում։ Այդ տարիներին հավաքականը հասել է իր պատմության ընթացքում ամենամեծ հաջողությունների։ 1980-ին դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1981-ին՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող, իսկ 1983-ին եզրափակիչ խաղում միայն հետխաղյա տուգանային հարվածներով զիջել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հետագայում ԽՍՀՄ հավաքականի մարզիչ Էդուարդ Այրիխը նշել է իր թիմի պաշտպանական գծի վստահ խաղը, հատկապես առանձնացնելով Ֆարիտ Զիգանգիրովի և Սոս Հայրապետյանի անսխալ խաղը ամբողջ մրցաշարի ընթացքում[4]։ 1984-ին ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության՝ Լոս Անջելեսի խաղերը բոյկոտելու մասին որոշման պատճառով ԽՍՀՄ հավաքականը չմասնակցեց 1984-ի օլիմպիադային, սակայն դարձավ «Բարեկամություն-84» մրցաշարի հաղթող, ինչի համար թիմի բոլոր խաղացողներին, այդ թվում և՝ Սոս Հայրապետյանին, շնորհվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1988-ին Հայրապետյանը ԽՍՀՄ հավաքականի, իսկ 1992-ին՝ ԱՊՀ-ի միացյալ հավաքականի կազմերում մասնակցել է Սեուլի և Բարսելոնայի օլիմպիական խաղերին։
1992-ին Հայրապետյանը տեղափոխվեց Գերմանիայի Համբուրգ քաղաք և մինչև 2004 թվականը խաղաց տեղի «Uhlenhorster Hockey Club» («UHC») ակումբի կազմում։ 2004-ին, այդ ակումբի կողմից Գերմանիայի առաջնության արծաթե մեդալները նվաճելուց հետո, անցավ մարզչական աշխատանքի[5]։ Նա նաև օգնում է իր որդուն՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Լևոն Հայրապետյանին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է, որ Սոս Հայրապետյանը ծնվել է Հրազդանում
- ↑ Մոսկովյան օլիմպիադայի հոբելյանը
- ↑ Որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է, որ Հայրապետյանը հանդես է եկել «Հրազդան» (Երևան) ակումբում
- ↑ EURO 1983։ Ոսկուց 5 րոպե պակաս
- ↑ «Uhlenhorster Hockey Club» («UHC») ակումբ, Գերմանիա(չաշխատող հղում)
- ↑ Լևոն Հայրապետյանը ցանկանում է հեռանալ «Համբուրգից»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային մականախաղի լեգենդները
- http://www.sports-reference.com/olympics/athletes/ha/sos-hayrapetyan-1.html Արխիվացված 2009-09-29 Wayback Machine
- Соколов Г. П. Олимпийская команда СССР/Игры XXII Олимпиады. Москва, 1980.
- Черневич Г.Л., Школьников Е.А. Динамо. Энциклопедия, Москва, 2002