Սոխուկանման գմբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստրոմայի տաճարի սոխուկանման ոսկե գմբեթները

Սոխուկանման գմբեթ (ռուս.՝ Луковичная глава), գմբեթի տարատեսակ, որ սոխուկի տեսք ունի: Առանձնանում է գլխի մեծ տրամագծով, որ գերազանցում է թմբուկի տրամագիծը, իսկ բարձրությունը գերազանցում է երկարությանը: Մեծ տարածում ունի ռուսական եկեղեցական ճարտարապետության մեջ: Սոխուկանման գմբեթը կիրառվել է նաև Բավարիայի կաթոլիկ եկեղեցիներում, հաճախ հանդիպում է Միջին Արևելքում և Հնդկաստանում:

Սոխուկանման առաջին գմբեթների ի հայտ գալու ժամանակաշրջանի շուրջ գիտնականները համակարծիք չեն: Հին ռուսական ճարտարապետության մեջ, ժամանակի սրբապատկերներից դատելով, վաղ շրջանում չեն եղել նման գմբեթներ: Ենթադրվում է, որ սկզբում լայն տարածում ունեին այսպես կոչված սաղավարտանման գմբեթները, որոնք իրենց ձևով հիշեցնում էին ռուս հսկաների սաղավարտներ: Նման գմբեթ ունի Վլադիմիրի Ուսպենսկի տաճարը: Սոխուկանման գմբեթները լայնորեն կիրառվել են Իվան IV Ահեղի կառավարման շրջանում, երբ Կազանի գրավման առիթով կառուցվեց Վասիլի Երանելու տաճարը, որն անփոփոխ պահպանվել է 16-րդ դարից: Որոշ հետազոտողներ կարծում են, որ գմբեթի այս ձևը փոխառված է մուսուլմանական ազգերից, որոշ մասնագետների կարծիքով էլ այն առաջացել է ռուսական «շատյոր» գմբեթի ձևից, որ իրենից ներկայացրել է բամանկյուն, հաճախ` ութանկյուն: Վերջին տեսակետի համաձայն` այսպիսի գմբեթներն ունեին ոչ թե կրոնական, այլ պրակտիկ գործառություն. դրանք նպաստում էին, որ տանիքին ձյան կուտակումներ չառաջանան:

Այս խնդրի ուսումնասիրմամբ զբաղվել են շատ գիտնականներ: Պատմական արժեք ունեն ակադեմիկոս Բորիս Ռիբակովի աշխատությունները, ով 1946 թվականին, վերլուծելով ռուսական հին ձեռագրերը, եկավ այն եզրահանգման, որ սոխուկանման գմբեթները Ռուսաստանում կիրառվել են 13-րդ դարից: Հնագետ Նիկոլայ Վորոնինը, համաձայնելով նրա կարծիքին, նշել է, որ գմբեթի նման ձևը կիրառվել է սաղավարտանմանից ավելի շատ:

Հնարավոր է, որ ուղղափառ եկեղեցում լայն տարածում ունենալը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդպիսի գմբեթները նման են վառված մոմերի, ինչը հաճախ է օգտագործվում եկեղեցական արարողություններում: Գմբեթների քանակը կարող է հասնել երեքի` խորհրդանշելով Սուրբ երրորդությունը, կամ հինգի` ի պատիվ Հիսուս Քրիստոսի և 4 ավետարանիչների: Առավել տարածված են գմբեթների գլուխների կապույտ ու կանաչ գույները, հաճախ այդ մասը պատվել է ոսկու շերտով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]