Սյունիք-Արցախյան ազգային տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյունիք-Արցախյան ազգային տարազ, հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերից մեկը, որը պահպանվեց մինչև 20-րդ դարի վերջ և ուներ տարածման լայն շրջան՝ ընդգրկելով Սյունյաց և Արցախի լեռնային գոտիները[1]։

Սյունիք-Արցախյան կնոջ տարազ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրանական արշավանքների ժամանակ լեռնային այդ դժվարամատչելի նահանգները՝ Արցախն ու Սյունյաց աշխարհը պահել են իրենց գոյությունը որպես հարկատու իշխանություններ։ Պարսկական տիրապետության ժամանակաշրջանում էլ նրանք կառավարվել են կիսաանկախ, հարկատու մելիքներով[2]։ Ամբողջ տարածաշրջանը հնագույն ժամանակներից ի վեր ունեցել է գրեթե միևնույն ազգային տարազը։ 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ մեկուսացած լինելու հետևանքով Սյունիք-Արցախի տարազը երկար և անաղարտ է պահպանել իր ինքնությունը։ Այստեղ հագուստի հումք են հանդիսացել ինչպես ներմուծված ֆաբրիկային, այնպես էլ տնայնագործական գործվածքները։

Կանացի զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիք-Արցախում գոյություն ուներ կանացի տարազի երկու համալիր, որոնք անվանվում էին հայավարի և քաղքավարի։ Հայավարին տարածաշրջանին հատուկ ավանդական տարազն էր, իսկ քաղքավարին՝ Երևանի և Թիֆլիսի հայ կանանց տարազի որոշ մասերի ընդօրինակված տարբերակը, որը հիմնականում արտահայտված էր գլխի հարդարանքի ձևերում, և ներմուծված լինելով շուտ էլ դուրս է եկել գործածությունից։

Տեղական ավանդական համալիրը բաղկացած էր տակի և վրայի շապկից, փոխանից, պարեգոտուց (իրեքփշկանի, խըլըղ, ղաբա), գոտուց և քուլքից (ձմռանը)։

Տակի շապիկը կարվում էր սպիտակ գույնի կտավից և ի տարբերություն վրայի շապկից վզի և կրծքի բացվածքները չէր զարդարվում։ Վրայի շապիկը կարվում էր կարմիր գույնի կտավից կամ մետաքսյա կտորից։ Վզի և կրծքի բացվածքը զարդարվում էր 2 սանտիմետր լայնություն ունեցող սև գույնի թավշյա կտորի ժապավենով։ Փոխանը կարվում էր մետաքսյա կամ բամբակյա կարմիր կտորից, ուներ սպիտակ աստառ։ Պարեգոտը կամ իրեքփշկանին, որի անվանումը ամենից ավելի է համապատասխանում զգեստին քանի որ փեշը հենց երեք մասից էր բաղկացած, կարվում էր հիմնականում մուգ կանաչ, ինչպես նաև կապույտ կամ մանուշակագույն բամբակյա կամ մետաքսյա կտորից։ Տարածված էր իրեքփշկանիի չորս տարբերակ, որոնք տարբերվում էին ձևվածքով, թևքերի երկարությամբ և զարդարման եղանակով։ Գոտին պատրաստվում էր բամբակյա կամ մետաքսյա կտորից, ուներ 0,5 մետր լայնություն և 3,5 մետր երկարություն։ Այն փաթաթվում էր իրեքփշկանիի վրայից, հանգուցվում և ծայրերը մտցվում փաթաթածի տակ։ Գործածական էր նաև կաշվե գոտին, որը զարդարվում էր արծաթյա փորագրված զարդատախտակներով։ Քուլքը կարվում էր մուգ կարմիր թավշից կամ բրդյա կտորից, ուներ բամբակյա ներդիր և աստառ։ Վրայից շուլալակարվում էր զուգահեռ գծերով։ Թևքերը կարճ էին՝ երիզված կանաչ մետաքսյա երկտակ ծալված նեղ շերտով (քյոբա) և աղվեսի մորթիով[3]։

Սյունիք-Արցախյան կանանց զգեստի հետ գործածվող գլխի հարդարանքը բարդ էր և բաղկացած մի քանի մասերից։ Մազերը սանրվում էր ճակատից դեպի գագաթ՝ հերագծով բաժանվելով երկու մասի քունքերի մոտ թողնելով մեկական ոլորած փունջ։ Նախ կապվում էր սպիտակ կտավե եռանկյունաձև գլխաշոր, դրվում էր կոպին, որը կոշտ միջուկով, թավշյա կամ բամբակյա հասարակ կտորով պատված շրջանակ էր և զարդարված էր ճակատազարդ-դրամաշարով (Դրամաշարի կենտրոնում տեղադրվում էր մի մեծ դրամ-միջանոցը։ Դրամները մեծ մասամբ արծաթյա էին, հարուստ խավինը՝ ոսկյա)։ Այն գլխին ամուր պահելու համար կապվում էր երկրորդ կտավե սպիտակ գլխաշորը։ Գլխի հարդարանքի կարևոր մաս էր քունքազարդը, որը արծաթյա սնամեջ գնդերի շարան էր՝ յուրաքանչյուր կողմից 6-9 հատ, որն ամրացվում էր կանաչ մետաքսյա կամ կարմիր թավշյա եռանկյունաձև ականջակալների վրա։

Կանացի գլխի հարդարանքը կարևոր նշանակություն ուներ, այն համարվում էր ընտանիքի բարեկեցության խորհրդանիշը։ Սրբավայր այցելած կանայք կամ աղջիկները գլխաշոր էին նվիրում որպես ծածկոց սուրբ գրքի, սեղանի կամ խորանի զարդարման համար[4]։

Սյունիք-Արցախյան հագուստի անբաժան մաս էր կազմում գուլպան, որը գործում էին կանայք։ Այն շատ հարուստ էր զարդանախշերով։ Վրայից հագնում էին ոտնամանը, որը կանաչ էր, ծայրը սուր՝ վեր ցցված (չմոշկ)։ 20-րդ դարի սկզբին այն տեղը զիջեց սև կամ շագանակագույն չստերին (ձմռանը՝ փակ կոշիկներին, որը կոշկաթելի միջոցով ամրացվում էր ոտքին)[5]։

Տղամարդկանց զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքում և Արցախում տղամարդկանց հագուստը նույնատիպ էր՝ հիմնականում կովկասյան։ Այն բաղկացած էր շապիկից, վարտիքից, անդրավարտիքից, արխալուղից, չուխայից և գոտուց։

Շապիկը կարվում էր սպիտակ կտավից, ուներ աջակողմյա կրծքի բացվածք, որը անրակի վրա կոճկվում էր մեկ կոճակով։ Վարտիքը նույնպես սպիտակ կտավից էր։ Անդրավարտիքը կարում էին բրդյա տնայնագործական կտորից։ Վարտիքն էլ, անդրավարտիքն էլ կապվում էին խոնջանի կապով։ Արխալուղը կարվում էր բրդյա կամ բամբակյա սև կտորից։ Չունևորները կարում էին շալից։ Տարեց տղամարդկանց մոտ արխալուղի երկարությունը հասնում էր ծնկների տակ, երիտասարդների մոտ՝ մինչև ծնկները։ Տարբեր էր նաև կոճկելու ձևերը։ Տարեցների մոտ այն կոճկվում եր երեք կոճակով և սև տրեզից կարված օղակով։ Երիտասարդների մոտ այն կոճկվում էր վերից վար ամբողջ կրծքամասում մինչև գոտկատեղ։ Արխալուղի վրայից կապում էին արծաթյա ճարմանդներով կաշվե կամ արծաթյա գոտի, որը հիմնականում նվեր էին ստանում ամուսնության օրը հարսի ծնողներից։ Վրայից հագնում էին չուխա վերարկուն, որի օձիքը կանգուն էր, թևքաբերանը ճեղքով և կոճկվում էր երեք օղակ-կոճակներով։ Կար նաև չուխայի մեկ այլ տարբերակ, որի թևքերը երկար էին, թևքաբերանները սրածայր, առանց թևքատակի կարերի։ Կարվում էր սև մահուդից, եզրերը՝ սև մետաքսից գործված տրեզով։

Փեսայի հարսանեկան չուխան կարվում էր կարմիր մահուդից, որը նաև տոնական օրերի համար էր[6]։

Սյունիք-Արցախում տղամարդկանց գլխի հարդարանքը գառան կամ ոչխարի մորթուց էր։ Տարեցները կրում էին երկար կոնաձև գլխարկ։ Երիտասարդները և երեխաները կրում էին թեթև շրջանաձև գագաթով գառան մորթուց գլխարկներ։

Սյունիք-Արցախում անդրավարտիքի փոխքերը հավաքվում էր փաթաթանի տակ, որը հյուսված էր բամբակյա թելերից՝ քաթանից։ Սա փաթաթվում էր ոտնաթաթից ավարտվելով ծնկի տակ և կապվում ծայրերին ամրացված կապիչներով։ Տարածված էր տրեխների երեք քթանի տեսակը, որը կարվում էր եզան, կովի կամ գոմշի կաշվից և հյուսվում կապույտ տրխատանով՝ բրդյա թելով։ Նորափեսայի տրխատանը հյուսվում էր կարմիր բրդյա թելով և նվիրվում հարսի ծնողների կողմից՝ հարսանիքի օրը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սյունիք-Արցախի ավանդական տարազախումբը Հայոց տարազի համախմբում» (PDF).
  2. Պատրիկ, Առաքել (1967). Հայկական տարազ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջ 16.
  3. Ավագյան, Նազիկ (1983). Հայկական ժողովրդական տարազը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 43–47.
  4. Ավագյան, Նազիկ (1983). Հայկական ժողովրդական տարազը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 73.
  5. Ավագյան, Նազիկ (1983). Հայկական ժողովրդական տարազը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 87–90.
  6. Ավագյան, Նազիկ (1983). Հայկական ժողովրդական տարազը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 65–66.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
  • Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.