Արևելահայ կնոջ տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելահայ կնոջ տարազ, Արևելյան Հայաստանի կանանց բնորոշ տարազ[1]։

Երևանցի հարուստ կնոջ տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանցի կնոջ գլխին դրվում է ավանդական կոպին, որի վրա ամրացված է նաև ճակտնոցը։ Կոպի վրայից գցում են ճերմակ ժանեկազարդ քող։ Զգեստը կարվում է հիմնականում մետաքսե միագույն կամ ծաղկավոր կտորից և վրան կապվում է արծաթե գոտի։ Զգեստի վրայից հագնում են երկար թևքերով թավշե վերարկու։ Վերարկուի եզրերը զարդարված են ոսկեթելով ասեղնագործած ժապավենով և աղվեսի մորթով։

Երևանցի հարուստ կնոջ տնային հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգեստի վերնամասը կարվում է սպիտակ մետաքսե կտորից։ Մեջքին կապում են ոսկեջրած արծաթե գոտի։ Գլխին դրված մետաքսե կամ թավշյա կոպիի կենտրոնում ամրացվում է թանկարժեք քորոց։ Շքեղ քողի եզրերը ժանեկազարդ են։

Երևանցի մեծահարուստ կնոջ տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխին դրվում է ավանդական կոպին՝ պատված կապույտ թավշով, բազմագույն ծաղիկներով և մարգարիտներով։ Կոպիի վրայից գցված ճոխ քողը թափանցիկ է։ Հագուստը կարվում է նուրբ շալ կտորից, որի վրա կապվում է ճերմակ մետաքսե գոտին։ Մանուշակագույն թավշից կարված վերարկուն պատված է աղվեսի մորթով։ Երկար թևքերն ունեն ճեղքեր, որոնք նույնպես երիզված են աղվեսի մորթու բարակ շերտով։

Երևանցի հարուստ կին՝ վերարկուով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի կոպին պատված է կարմիր թավիշով կամ մետաքսով։ Դրա կենտրոնում ամրացվում է ադամանդե քորոցը։ Կոպիի վրա գցված ոչ երկար քողը ժանեկավոր է և շատ շքեղ։ Կոշիկներին հասնող զգեստը կարվում է շալ կտորից կամ գծավոր մետաքսից։ Զգեստի կրծկալը և մեջքին կապված գոտին ծաղկավոր մետաքսից են։ Վերարկուն կարվում է սև տաֆտա կտորից։

Միջին տարիքի երևանցի կնոջ տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպիի վրա ամրացված ճակտնոցը զարդարվում է ոսկե դրամներով, որի վրայից կապվում է գլխաշոր։ Զգեստը կարվում է ծաղկավոր մետաքսից, իսկ գոտին՝ սպիտակ մետաքսից։ Մուգ կապույտ թավշից կարված վերարկուն ունի երկար թևքեր, որոնց ճեղքերը երիզված են աղվեսի մորթով։

Արցախցի կնոջ ավանդական հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխին կրում է ճակտնոց, քթկալ և ճերմակ, բամբակե գլխաշոր։ Մուգ կանաչ մետաքսե արխալուղ-վերնազգեստի զարդերիզը նույնպես կարվում է մետաքսից և ունի մոտ 2 սմ լայնություն։ Ձևավոր թևքերի ծայրերը սուր են՝ զարդարված արծաթե բոժոժներով։ Թևատակի բացվածքը հատուկ չքրտնելու և թևերն ազատորեն շարժելու համար են։

Շուշեցի կնոջ տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման է Արցախի ավանդական տարազին։ Հագնում է մուգ կարմիր մետաքսե զգեստ, որն ունի երկար, սրածայր թևքեր։ Գլխին դրվում են ավանդական հարդարանքներ։ Գլխի արծաթե ճակտնոցի, քթկալի հետ մեկտեղ քունքերին կրում է նաև արծաթե կախիկներ։ Մուգ գլխաշորը հիմնականում սուգ է խորհրդանշում։ Մուգ կանաչ մետաքսից կարված արխալուղ-վերնազգեստի դեկորատիվ, աստառապատված թևքերը վերջանում են սուր ծայրերով, որոնց եզրերին ամրացված են արծաթե փուչեր։ Վերնազգեստի եզրերին կարում են 3-4 սմ լայնությամբ ոսկեգույն ժապավեն, իսկ մեջքին՝ մետաքսե գոտի։

Արցախցի աղջկա տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախցի աղջիկները գլխին կոպի դնելու իրավունք ունեին միայն ամուսնանալուց հետո։ Վրայից կապվում է մետաքսե կամ բամբակե գլխաշոր։ Կարմիր մետաքսե զգեստի կրծքամասում սև թավիշ է ասեղնագործած։ Ունի երկար թևքեր։ Կանաչ, ծաղկավոր մետաքսից կարված արխալուղ-վերնազգեստը երեքփեշանի է։ Արխալուղի երկար թևքերը զարդարված են արծաթե խողովակներով։ Ոտքերին հագնում են նուրբ ասեղնագործած չմուշկներ։

Արցախցի կնոջ հնագույն զգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքը ավանդական արցախյան է։ Մետաքսից կամ սաթից կարված զգեստի չափազանց լայն թևքերը նույնպես կարվում են սպիտակ մետաքսից։ Արխալուղ-վերարկուն կարվում է մուգ կանաչ մահուդից։ Կրծքամասը ամբողջովին փակ է և զարդարված գծավոր կտորով, որն իջնում է գոտուց ցած։ Վերարկուի եզրամասերը զարդարված են կարմիր մետաքսե ժապավեններով։

Արցախցի հարուստ կնոջ քուրք-վերարկու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի ավանդական հարդարանքը շատ ճոխ է։ Կարմիր մետաքսե շրջազգեստի օձիքի շուրջն ամրացված է ոսկեթելով և մետաքսաթելով ասեղնագործված, 2 սմ լայնությամբ ժապավեն։ Զգեստի դնովի թևքերը զարդարված են արծաթե սուրմաներով։ Երկփեշանի արխալուղ-վերարկուն մուգ կանաչ էր՝ ծաղկավոր կտորից։ Դրա թևքերը, փեշերն ու կողային բացվածքները ոսկեթելով ասեղնագործած սև թավշե ժապավենով։ Գոտին արծաթյա է։

Արցախցի կնոջ ամենօրյա զգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի կոպին զարդարված է արծաթյա դրամների շարքով։ Կարմիր գլխաշորը ամրացվում է արծաթե քորոցներով։ Վերնազգեստը, որը կոչվել է նաև շիլաշապիկ, կարվում է կարմիր բամբակե կտորից և ունի երկար թևքեր։ Օձիքից մինչև գոտկատեղն ընկած հատվածում կարվում է սև ժապավեն։ Երեքփեշանի արխալուղը կարվում է կա՛մ սև բամբակից, կա՛մ տաֆտայից։ Գոտու կտորը ոլորվում է։

Արցախցի տարեց կնոջ քուրք-զգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպիի վրա գցվում է սև գլխաշոր, որը հիմնականում սուգ է խորհրդանշում։ Կարմիր մետաքսից կարված զգեստի օձիքը զարդարված է սև թավշե ժապավենով։ Թևքերը դնովի են, զարդարված կանաչ մետաքսե ժապավենով։ Երկփեշանի վերարկուն կարվում է մուգ կարմիր թավշե կտորից և զարդարվում է աղվեսի մորթով։ Թևքերը կարճ են և հասնում են միայն մինչև արմունկները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կանանց տարազներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]