Սյունիքի ժայռապատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյունիքի ժայռապատկերներ

Սյունիքի ժայռապատկերներ, հազարավոր ժայռապատկերներից կազմված նախնադարյան հնավայր Սյունիքում։ Ժայռապատկերները գտնվում են մի քանի տասնյակ կիլոմետր տարածություն զբաղեցնող ամառային արոտավայրերում, Սյունաց երկրի լեռնալանջերի, ջրամոտ տեղերում և հարթավայրերում։

«Սյունիքի ժայռապատկերներ» անվանման փոխարեն գործածել է նաև «Սյունիքի իծագրեր» անվանումը։ Ժողովրդական լեզվում դարեր շարունակ իծագրեր են անվանվել, քանի որ նշանագրերի գերակշիռ մասը այծապատկերներ են։ Ըստ հնագետների՝ Սյունիքի իծագիրն այն հնագույն գրային համակարգն է, որից ծագել են մնացած հնագույն գրային համակարգերը (շումերական, եգիպտական, Վինչայի, հայապյան և այլն)։

Սյունքի ժայռապատկերները փորագրվել են 12+14 հազար տարուց ավելի վաղ։ Սյունիքի բարձր լեռնային շրջաններում (2000-3500 մ բարձրության վրա) ժայռապատկերների փորագրությունն ավարտվել է մոտ 12 հազար տարի առաջ, երբ սկսել է իջնել Արարատյան, Նախիջևանի և Անգեղակոթի լճերի ջրերը։ Երկրագործությունն արդեն յուրացած Սյունիքի բնիկները լեռներից իջել են նվազող ջրերի ետևից ու սկսել դաշտավայրերի բերրի հողերի յուրացումը։

Սյունիքի ժայռապատկերների փորագրման սկիզբը կապված է բանական մարդու ծագման հետ, որը ժամանակակից գիտության տվյալների, տեղի է ունեցել 50+60 հազար տարի առաջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սյունիքի ժայռապատկերներն ուսումնասիրող արշավախումբը 1967-1968 թվականներին Սյունիքում մի քանի հազար ժայռաբեկորների վրա հայտնաբերել է վիթխարի քանակությամբ պատկերներ։ Հիմնական ժայռապատկերները գտնվում են Ծղուկ, Ուղտասար լեռների լանջերի, Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտին, Եղեգիս, Արփա, Որոտան գետերի, դրանց ակունքներին մերձակա լեռնա-պարերի լանջերն։ Հայտնաբերված ժայռապատկերները բավականին շատ են․ միայն Սիսիանի շրջանի Ուղտասար հնավայրում գտնվել են ավելի քան երկու հազար նկարազարդ քարեր։

Ժայռարվեստի կարևոր օջախներ Ուղտասար և Ջերմաջուր հնավայրերը գտնվում են Սիսիանի շրջանում, ծովի մակերևույթից շուրջ 3300 մետր բարձրության վրա։ Սյունիքի ժայռարվեստի հնագույն, թերևս մ. թ. ա. V-IV հազարամյակների ստեղծագործություններ են եղջերուների, գիշատիչների մեծադիր, ծավալային պատկերները, որոնք զետեղծված են ժայռաբեկորների վրա։

Երկրորդ մեծ խումբը ներկայացնում են մ. թ. ա. III-II հազարամյակների գերեզմանաքարերին մոտ գտնվող, արտադրական կենցաղի և այլ տեսարաններով, առավելապես բազմաֆիգուր ժայռակտավները։

Սյունիքի ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը՝ բեզոարյան ուղղաեղջյուրի և գալարուն եղջյուրներով այծերի, վիթի, եղջերուի, տուրի (վայրի ցուլ), ձիու, շան, վարազի, հովազի պատկերներ։ Չափազանց շատ են նետ ու աղեղով, տեգով, նիզակով, վահանով, լայնալիճ աղեղներով զինված որսորդների պատկերները, որսորդական պարանների-լասոների, օղապարանների, թակարդի, որսորդական այլ հարմարանքների, սայլերի, ծածկասայլերի, սահնակներ հիշեցնող սայլերի, արորների, ինչպես նաև տիեզերական պատկերացումների հետ առնչվող պատկերները։

Մենապատկերով քարերի վրա գերակշռում է ուղղաեղջյուր այծի պատկերը։ Այծի ոտքերը վերապատկերված են մեկ գծի վրա, երբեմն էլ այծը պատկերված է երեք ոտքով, շատ հաճախ թվում է թե այն շարժման մեջ է։ Այծի կերպարը հաճախ ձևավորված է, ինչը խոսում է քանդակագործ-նկարչի մտածողության, որոշակի ճաշակի, նրա ոճական դրսևորմների, երևակայության մասին։

Սյունիքի ժայռանկարներում հետաքրքրություն է ներկայացնում որսի տեսարանների, որսորդական պարագաների պատկերումը։ Տեսարանները հավաստում են, որ որսը կատարել են կոլեկտիվ եղանակներով։ Անհատական որսի պահը պատկերող պատկերներ կան Ուղտասարում և Ջերմաջրում։

Սյունիքի ժայռարվեստի ստեղծագործություններում առկա է մարդու և գազանի հետ հանդիպման տեսարաններ՝ ետևի թաթերի վրա կանգնած արջն ասես թաթը դրել է մարդու գլխին։ Արվեստի խոշորագույն գիտակ Հանրի Բրելը նշել է, որ այստեղ պատկերված է կենցաղային տեսարան՝ արջը հարվածում է մարդուն, իսկ վերջինիս օգնության է հասնում ընկերը[2]։ Այդ սյուժեն շատ հին է և հանդիպում է հին քարեդարյան արվեստում։

Սյունիքի ժայռապատկերներում առյուծի պատկերներ քիչ կան։ Պատերից մեկի վրա քանդակված առյուծի վրա նկատելի է բաշը և բաց երախը։ Ժայռապատկերներում սակավ են հանդիպում նաև ձիերի պատկերներ։ Սյունիքի հուշարձաններում հեծյալների պատկերներ չեն հայտնաբերվել, որսորդները միայն հետիոտն են։ Ուղտասար լեռան ստորոտում քարերից մեկի վրա փորագրված նժույգը ներկայացված է շարժման մեջ, մարմնով ուղղված է աջ, իսկ գլուխը շրջված է հետ։ Սյունիքի ժառյապատկերներում համեստ տեղ են գրավել թռչունների պատկեները։

Սյունիքի այլ հնավայրերի ժայռապատկերներում պատկերված թեմատիկ տեսարանների մեծ մասի անմիջական մասնակիցը մարդն է։ Հին քարեդարյան ժայռապատկերներում մարդկային պատկերները հազվագյուտ են, բրոնզե դարում է, որ մարդուն պատկերումը եղել է ավելի հաճախ։ Սյունիքի ժայռանկարներում մարդը ներկայացված է որսի տեսարաններում, շարժման մեջ, լարած լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետ արձակելիս, նիզակով զինված, հաճախ պարանը ձեռքին, որսած կենդանին՝ այծը ձեռքերով գլխից վեր պահած, օղապարանը որսի կենդանուն նետելիս, պարանը ձեռքին, վազքի մեջ։

Ժայռապատկերների տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռապատկերների հետազոտման խնդիրներից մեկը նրանց տարիքի որոշումն է։ Ժայռապատկերների տարիքի որոշման հստակ ու ճշգրիտ մեթոդների բացակայաության պատճառով հնագետները կիրառել են իրենց կողմից մշակված մեթոդ, որը հնարավորություն է տալիս իծագրերի մեջ առկա տվյալների միջոցով մոտավոր որոշել նրանց տարիքը։

Սյունիքի իծագրերի փորագրման ժամանակաշրջանի համար տարբեր հեղինակների կողմից նշված թվերն ընդգրկում են Ք. ա. VIII-I հազարամյակները։ Ժայռապատկերների հետազոտման ասպարեզում մեծ վաստակ ունի խորհրդահայ պատմաբան-հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Մարտիրոսյանը։ Նա ժայռապատկերները դասակարգել է ըստ կատարման ոճերի և տեխնիկայի (Անդրե Լերուա-Գուրանի տեսությունը) ու առանձնացված ամեն ոճական խմբի համար տվել նրանց ստեղծման ժամանակաշրջանը[3][4]։ Պատմաբան-հնագետը առանձնացված 6 ոճական խմբերի ժայռապատկերները թվագրում էր Ք. ա. V-I հազարամյակներով։

Հարություն Մարտիրոսյանի առանձնացրած պատկերները շատ դեպքերում ոչ թե տարբեր ժամանակաշրջաններում նույն պատկերի գծագրման տարբեր ոճեր են, այլ պարզապես նույն կենդանապատկերի տարբեր գծագրություններով ստեղծված տարբեր նշանագրեր են։

Սյունիքի ժայռապատկերների թվագրման Հարություն Մարտիրոայանի կիրառած մեթոդը 1960-ական թվականներին մշակել են ֆրանսիացի հնագետներ Անետա Լամեն-Էմփերեր և Անդրե Լերուա-Գուրանը։ Անետա Լամեն-Էմփերերը հետազոտել է Սինայի թերակղզու և Նեգև անապատի (Իսրայել) ժայռապատկերները։ Նրանից առաջ այդ տարածքներում հետազոտություններ է կատարել Հ. Ռոտերտը, որը առանձնացրել է ժայռապատկերների երեք խումբ՝ առաջինը քարի դարին, երկրորդը՝ բրոնզի դարի սկզբին և երրորդը՝ նաբաթեյան ժամանակներին։ Հետագայում Անետա Լամեն-Էմփերերն առանձնացրել է ժայռապատկերների փորագրման յոթ ոճ, որոնց վերագրել է հետևյալ տարիքները՝

I - վերին քարի դարի վերջ (14-10 հազար տարի առաջ),
II - Պաղեստինում անասնապահության ձևավորման դարաշրջան (-Ք. ա. VIII հազ.),
III - Ք. ա. IV հազ. վերջ III հազ. սկիզբ,
IV - Ք. ա. II հազ. + 200թ,
V - 200-600թթ,
VI - միջնադար,
VII - նոր ժամանակներ[5]։

Քոբստանի (Ադրբեջան) ժայռապատկերները, որոնք իրենց քանակով մետ երկու անգամ զիջում են Սյունիքի ժայռապատկերներին, վերագրվում է 30 հազար տարվա հնություն[6]։ Սյունիքի ժայռապատկերների հետ նույն հարաբերության մեջ են նաև Կարկոմ լեռան (Իսրայել, հարավային Նեգն) ժայռապատկերները, որոնք ևս համարվում են վերին հին քարի դարի ստեղծագործություններ։ Այդ փաստերի հիման վրա ենթադրվում է, որ Սյունիքի ժայռապատկերների տարիքը ամենաքիչը կարելի է համեմատել Քոբստանի ու Կարկոմի ժայռապատկերների տարիքին։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • շումերական
  • եգիպտական
  • խեթական
  • ուրարտական

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավեր, նավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]