Jump to content

Սլովինսկի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովինսկի ազգային պարկ
Słowiński National Park
Տեսակազգային պարկ
Երկիր Լեհաստան[1][2]
ՎարչատարածքPomeranian Voivodeship?
Հիմնվել էհուլիսի 1, 1967 և 1967[2]
Մակերես186 կմ² և 32 319,8065 հեկտար[2]
Սլովինսկի ազգային պարկը գտնվում է Լեհաստանում
Սլովինսկի ազգային պարկ

Սլովինսկի ազգային պարկ (լեհ.՝ Słowiński Park Narodowy), ազգային պարկ Պոմերանիա նահանգում, հյուսիսային Լեհաստան[3]։ Գտնվում է Բալթիկ ծովի ափին, Լեբայի և Ռովի միջև։ Պարկի հյուսիսային սահմանն ընդգրկում է 32.5 կմ ջրափնյա գոտի։

Այս տարածքում արգելոց ստեղծելու յուրօրինակ գաղափարը ծագել է դեռ 1946 թվականին Լեբայում կայացած գիտաժողովի ժամանակ՝ Պոզնանից և Գդանսկից ժամանած գիտնականների առաջարկով։ Այնուամենայնիվ պարկը ստեղծվել է 21 տարի անց, 1967 թվականին։ Այն ընդգրկում է 180.69 քառ. կմ տարածք։ Այսօր նրա մակերեսը մի փոքր ավելի մեծ է՝ 186.18 քառ․ կմ, որից 102.13 քառ. կմ ջրային տարածք է և 45.99 քառ. կմ՝ անտառային։ Խիստ պահպանված գոտին զբաղեցնում է 56.19 քառ. կմ տարածք։ 1977 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարկը սահմանել է որպես կենսոլորտային արգելոց «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում։ Սլովինսկու խոնավ տարածքներին անդրադարձ է կատարվել Ռամսարի համաժողովում 1995 թվականին։

Պարկն անվանակոչվել է սլավոնների անունով, ովքեր ավելի հայտնի են սլովենացիներ անունով, որոնք սովորություն ունեին ապրելու ճահճուտում, Լեբա լճի եզրի անհասանելի տարածքում։ Կլյուկի գյուղում կա բացօթյա թանգարան, որը ներկայացնում է այս ժողովրդի նախկին կյանքն ու մշակույթը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում պարկի տարածքը Բալթիկ ծովի ծովախորշն էր։ Ծովի ալիքների ակտիվությունից, այնուամենայնիվ, առաջանում էին դյուներ, որոնք ժամանակի ընթացքում անջատեցին ծովածոցը ծովից։ Քանի որ ալիքներն ու քամին ավազը տեղափոխում են դեպի երկրի ներքին շրջաններ, դյուները շարժվում են դանդաղ, տարեկան 3-10 մետր արագությամբ։ Որոշ դյուներ բավականին բարձր են՝ մինչև 30 մետր։ Ազգային պարկի ամենաբարձր գագաթը Ռովոկոլն է (ծովի մակարդակից 115 մետր բարձրությամբ), այն նաև հրաշալի դիտակետ է։ Շարժվող դյուները համարվում են որպես բնության հետաքրքրասիրություն եվրոպական մասշտաբով։

Պարկի տարածքի 55%-ը զբաղեցնում են լճերը՝ Լեբսկոն (71.40 քառ. կմ, առավելագույն խորությունը՝ 6.3 մետր), Գարդնոն (24.68 քառ. կմ, առավելագույն խորությունը՝ 2.6 մետր), Դոլգիե Վիելկիեն (1.46 քառ. կմ, առավելագույն խորությունը՝ 2.9 մետր)։ Դրանցից երկուսը` Լեբսկոն և Գարդնոն նախկինում եղել են ծովածոցեր։ Կան նաև 7 գետեր, որոնք հատում են պարկը, դրանցից ամենամեծն են Լեբան և Լուպավան։

Անտառներում հիմնականում աճում են սոճիներ։ Այս ծառերը ծածկում են անտառապատ տարածքների 80%-ը։ Այստեղ նաև կարելի է տեսնել տորֆային հողերի մի քանի տեսակներ։ Կենդանական աշխարհում մեծ թիվ են կազմում թռչունները, շուրջ 257 տեսակ։ Պատճառն այն է, որ պարկը գտնվում է չվող թռչունների ուղու մոտ։ Նրանք այստեղ ապահով են, քանի որ մարդկային գործունեությունը սահմանափակ է։ Տարածված տեսակներն են՝ սպիտակապոչ արծիվը, բվեճը, ագռավը, կարապը և տարբեր տեսակի բադեր։ Կաթնասուններից են եղջերուն, վայրի խոզը և նապաստակը։

Զբոսաշրջային հարմարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ կան շուրջ 140 կիլոմետր երկարությամբ զբոսաշրջային արահետներ։ Բացի լճերից, դիտարկումների համար նախատեսված աշտարակներից և արահետներից, այստեղ կարելի է գտնել նստարաններ և հանգստավայրեր։ Ազգային պարկի շուրջը կան կայանատեղիներ, ինչպես նաև հյուրանոցներ և ճամբարային վայրեր (հատկապես Լեբայում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=POL+04&mode=all
  2. 2,0 2,1 2,2 Nationally designated areas (CDDA)
  3. «Słowiński National Park». Ramsar Sites Information Service. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովինսկի ազգային պարկ» հոդվածին։