Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Ս. Խաչ վարժարանում, ապա Սկյուտարի ճեմարանում, աշակերտելով բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանին։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել Գևորգ Այվազյանի «Մամուլ» երգիծաթերթում։ 1880-1885 թվականներին պաշտոնավարել է Սկյուտարի ճեմարանում՝ որպես հայոց լեզվի դասատու։ Նույն այդ տարիներին կարճ ժամանակով հրատարակել է «Ընտանիք» հանդեսը, սակայն չունենալով հաջողություն, ընդհատել է և ամբողջովին նվիրվել ուսուցչական աշխատանքին[4]։ Կազմել է դասագրքեր, ձեռնարկներ, ընթերցարաններ և այլն, ինչպես՝ «Հավաքածո ընտիր գրվածոց ազգային և օտար մատենագրաց, աշխարհիկ լեզվով», որի Ա մասը արժանացել է 5 տպագրության, Բ մասը՝ 4, «Փնջիկ, նախապատրաստական տարի, հայերեն արտասանությանց», արժանացել է բազմաթիվ տպագրությունների։ 1907 թվականին լույս է տեսել նրա «Նոր քերականություն հայերեն գրաբար լեզվի» դասագիրքը, 1909 թվականին՝ «Նոր բառգիրք հայերեն լեզվի» բառարանը։ Բացի վերոհիշյալ գրքերից՝ տպագրել է «Թեոդոր Սալհունի կամ քրիստոնյա Նահատակը» ողբերգությունը, Րաֆֆու, Մատթեոս Իզմիրլյանի կենսագրությունները, «Բախտացույց ու երազահան», «Առձեռն նամականի» և այլն։ 1919-1940 թվականներին 20 տարի հրատարակել է «Գրպանի տարեցույց» փոքրիկ գրքույկները, որոնք բացի տոմարական գիտելիքներից՝ պարունակում են բանասիրական և գրական նյութեր[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 631)։