Jump to content

Սթիվ Բիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Բիկո
Steve Biko
 
Կուսակցություն՝ South African Students' Organization? և Black People's Convention?
Կրթություն՝ Նատալի համալսարան
Մասնագիտություն՝ իրավապահ, արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր 18 դեկտեմբերի, 1946
Ծննդավայր Հարավաֆրիկյան Հանրապետություն Քինգ Ուիլյամս Թաուն
Վախճանի օր 12 սեպտեմբերի, 1977
Վախճանի վայր Հարավաֆրիկյան ՀանրապետությունՊրետորիա
Քաղաքացիություն  ՀԱՀ
Հայր Mzingayi Mathew Biko?[1]
Մայր Alice 'Mameete'?[1]
Ամուսին Ntsiki Mashalaba?
Զավակներ Hlumelo Biko?
 
Կայք՝ sbf.org.za/home/

Սթիվ Բիկո (կոսա՝ Steve Biko, լրիվ անունը՝ Սթիվեն Բանթու Բիկո, կոսա՝ Stephen Bantu Biko դեկտեմբերի 18, 1946(1946-12-18)[2][3][4], Քինգ Ուիլյամս Թաուն, Հարավաֆրիկյան Միություն[3] և Tarkastad, Հարավաֆրիկյան Միություն - սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[2][3], Պրետորիա, ՀԱՀ)՝ սևամորթ հարավաֆրիկացիների իրավունքների համար պայքարող հայտնի մարտիկ, համարվում է «Սև ինքնագիտակցության» շարժման հիմնադիրը Հարավային Աֆրիկայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Բիկոն ծնվել է հասարակ ընտանիքում, Արևելյան Կապ պրովինցիայի Քինգ Ուիլյամս Թաունում, եղել է չորս երեխաներից երրորդը։ Հայրը մահացել է վաղաժամ։

Դեռևս մանկությունից Սթիվին հետաքրքրել է քաղաքականությունը։ Քաղաքական դրդապատճառներով նա հեռացվել է Էլիսի (ՀԱՀ) Լավդեյլ հեղինակավոր դպրոցից, ինչից հետո ուսումը շարունակել է Մերիենհիլի ավելի ազատական հռոմեակաթոլիկական Սուրբ Ֆրանցիսկի քոլեջում։

1966 թվականին նա ընդունվել է Դուրբանի Նատալյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այստեղ ծանոթացել է իր ապագա ընկերոջ և դաստիարակ Ջոշուա Մբոյյա Դադայի հետ։ Բիկոն դարձել է «Հարավաֆրիկյան ուսանողների ժողովրդական միություն» բազմազգ կազմակերպության անդամ։ Շուտով նա պարզում է, որ ոչ եվրոպական ծագմամբ ուսանողները (սևամորթները, հնդիկները և «գունավորները») իրենց իրավունքների պայքարում պետք է ունենան սեփական կազմակերպություն։ Այդ պատճառով 1968 թվականին նա դարձավ «Հարավաֆրիկյան ուսանողների կազմակերպության» (SASO) համակարգողն ու առաջին նախագահը։ Այդուհետ՝ այս կազմակերպությունը մտավ «Սև ինքնագիտակցություն» (Black Consciousness Movement, ВСМ) շարժման մեջ։

Բիկոն մասնակցություն է ունեցել նաև «Աշխարհի ուսանողների քրիստոնեական ֆեդերացիայի» («World Student Christian Federation») գործունեությանը։ 1972 թվականին Սթիվը ընտրվել է «Սևամորթերի Ժողով»-ի (Black People’s Convention) պատվավոր նախագահ և բազում հրապարակային ելույթներ է ունեցել։ Արհմիութենական գործիչ և փիլիսոփա Ռիկ Թյորների հետ միասին եղել է «Դուրբանյան շարժման» առանցքային գործիչը. գտնվելով սև քրիստոնեության և «նոր ձախերի» ազդեցության ներքո՝ պայքարել է ընդդեմ ապարտեիդի։

1973 թվականին նա հեռացվել է համալսարանից, նույն թվականից նրա նկատմամբ հսկողություն է սահմանվել՝ արգելվել է հեռանալ քաղաքից, խոսել մեկից ավելի մարդու հետ և հրապարակային ելույթներ ունենալ։ Արգելվել է նաև մամուլում և բանավոր խոսքում Սթիվից մեջբերում անելը։ Սթիվ Բիկոն, հետաքրքրված լինելով նաև իրավաբանական հարցերով, իրավունքի հեռակա ուսումնառություն սկսեց։ Չնայած արգելքներին՝ նա միաժամանակ ակտիվացրեց իր գործունեությունը որպես Դիմադրության շարժման լիդեր. հավաքներ էր անցկացնում, հրատարակում էր «Frank Talk» թերթը։ Սա հանգեցրեց նրան, որ 1975 թվականին նա ընդհանրապես չկարողացավ մասնակցել քաղաքականությանը, մի շարք անգամներ ձերբակալվեց։

Բիկոն և «սև ինքնագիտակցության» շարժումը կարևոր դեր խաղացին Սոուէտոյում 1976 թվականի հունիսի 16-ի երիտասարդական բողոքների կազմակերպման գործում՝ կապված կառավարության կողմից դպրոցներում բոլոր առարկաները աֆրիկաանս լեզվով պարտադիր դասավանդման ներդրման փորձի հետ։ Աֆրիկյան երիտասարդության ցույցերը ճնշվեցին զինված ոստիկանության կողմից, բռնության զոհերը, եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակների հասնող աֆրիկացիներ էին։ Սրանից հետո իշխանությունները սկսեցին հետապնդել Բիկոյին։

Ձերբակալություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի օգոստոսի 17-ին Սթիվ Բիկոն իր ընկերոջ՝ Փիթեր Ջոնսի ուղեկցությամբ մեկնում է Քեյփթաուն՝ «Նոր շարժում հանուն ազատության» շարժման լիդեր Նևիլլ Ալեքսանդրի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Օգոստոսի 18-ին հետդարձի ճանապարհին նա ձերբակալվում է Քինգ-Ուիլյամս-Թաունի մոտակայքում՝ կասկածվելով ահաբեկչության մեջ (համաձայն 1967 թ. Ահաբեկչության ակտի, որը թույլ էր տալիս ոստիկանին մարդուն ձերբակալել նույնիսկ փոքրագույն կասկածի դեպքում և առանց դատարանի որոշման՝ մինչև 60 օր ժամկետով) և ուղարկվում է մոտակա Պորտ-Էլիզաբեթ քաղաքի բանտը՝ 619 բանտախուց։ Սեպտեմբերի 11-ին բազմաթիվ հարցաքննություններից և խոշտանգումներից հետո մերկ և շղթայակապ Բիկոյին տեղափոխում են Պրետորիա՝ ավելի քան 1100 կմ հեռու։ Հաջորդ գիշեր նա բանտի հիվանդանոցում մահանում է։

ՀԱՀ արդարադատության նախարարը հայտարարեց, որ Սթիվի մահվան պատճառը եղել է հացադուլը, սակայն 1977 թվականի նոյեմբերին անցկացված հետաքննությունը ցույց տվեց, որ Բիկոյի մահը վրա է հասել ուղեղի ծանր վնասվածքների արդյունքում (նրա մահվան հանգամանքների վերաբերյալ փաստերը հանրային սեփականություն դարձան լրագրող, Քեյփթաունի ապագա քաղաքագլուխ և ընդդիմադիր Դեմոկրատական ալյանս կուսակցության առաջնորդ Հելեն Զիլլեի շնորհիվ)։ Նրա մահվան մեջ մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Արդարադատության, ոստիկանության և բանտերի նախարար Ջիմմի Կրյուգերը, աչքի ընկնելով ծայրահեղ աջ հայացքներով, Բիկոյի մահվան մասին հրապարակավ հայտարարեց՝ Dit laat my koud՝ «Ես դրա հանդեպ անտարբեր եմ»։

Սթիվ Բիկոյի մահվան հանգամանքները գրավեցին համաշխարհային հանրության լայն ուշադրությունը։ Բիկոն դարձավ ապարտեիդի ռեժիմի դեմ ծավալված դիմադրության շարժման խորհրդանիշը։ Նրա հուղարկավորությանը ներկա էին բազմաթիվ լրագրողներ, քաղաքական գործիչներ և դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից։ Սթիվին վերջին ճանապարհը ուղեկցող մարդկանց թիվը ավելի քան 10 հազարի էր հասնում։

ՀԱՀ կառավարությունը հետապնդումներ սկսեց մի շարք մարդկանց և կազմակերպությունների հանդեպ, ովքեր հանդես էին եկել Բիկոյի պաշտպանությամբ, նրանց թվում՝ սպիտակամորթ լրագրող Դոնալդ Վուդզի, Բիկոյի մտերիմ ընկոջ, ով աջակցել էր նրա մահվան հետաքննությանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դրան արձագանքեց ՀԱՀ-ի զենքի ներմուծման և վաճառքի վրա էմբարգոյի (արգելք) ներդրմամբ։

Սթիվ Բիկոյի մահը և դրան հաջորդող բողոքները կարևոր գործոններ դարձան ապարտեիդի ռեժիմի ապակայունացման համար։ 1978 թվականին վարչապետ Բալթազար Ֆորստերի և 1979 թվականին նախարար Ջիմմի Կրյուգերի հրաժարականները, ինչպես նաև Փիթեր Բոտի կառավարության՝ բարեփոխման քաղաքականության որդեգրումը որոշակիորեն պայմանավորված էին այս իրադարձություններով։

Բիկոյի անհատականությունը լեգենդար դարձավ, և նրա անունը հավերժացվեց բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններում, գրականության մեջ և կինոյում։ Դոնալդ Վուդզը իր գրքում նկարագրել է Բիկոյի ճակատագիրը՝ «Սթիվ Բիկոն մարդկության ձայնն է»։ 1987 թվականին Ռիչարդ Աթթենբորոն այդ գրքի մոտիվներով նկարել է «Ազատության կանչ» կինոֆիլմը։ Սթիվ Բիկոյի կերպարը մարմնավորելու համար դերասան Դենզել Վաշինգտոնը առաջադրվել է «Օսկար»-ի՝ երկրորդ պլանի դերակատարման համար։

Բիկոյի մասին երգել են ռեփ, հիփ հոպ, ջազ, ռեգգի և ռոք բազմաթիվ կատարողներ։ Դրանց թվում են Փիթեր Հեմմիլլը, Public Enemy-ը, Պատրիսը, Փիթեր Գեբրիելը, Դեյվ Մեթյուսը, System Of A Down-ը, Simple Minds-ը, U2-ը և ուրիշներ։

Այժմ Սթիվ Բիկոյի անունով փողոցներ և համալսարաններ կան ՀԱՀ-ում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ Դուրբանի Տեխնոլոգիական համալսարանի Ազատության հրապարակում տեղադրված է նրա բրոնզե կիսանդրին։ Թեպետ կենդանության օրոք նա Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) անդամ չի եղել, բայց ԱԱԿ-ն նրան ներառել է իր հերոսների պանթեոնում։ «Star Trek: The Next Generation» ֆանտաստիկ հեռուստասերիալի «A Fistful of Datas» սերիայում առկա է ի պատիվ նրա USS Biko կոչվող տիեզերանավը։

Սթիվ Բիկոն «Ես գրում եմ այն, ինչ ուզում եմ» (I Write What I Like) գրքի հեղինակն է, որը լույս է տեսել նրա մահից մեկ տարի անց։ Նրան են պատկանում մի շարք հայտնի մեջբերումներ, օրինակ՝ «Փոխեք մարդկանց մտածելակերպը, և իրականությունը այլևս երբեք նախկինը չի լինի»։

Որպես «Սև ինքնագիտակցության» շարժման տեսաբան (և «սևը հրաշալի է» լոզունգի հեղինակ) նա եղել է հակագաղությանին մտավորականներ Ֆրանց Ֆանոնի և Էմե Սեզերի գաղափարների ժառանգորդը։ Ինքը՝ Սթիվ Բիկոն, մնաց ոչ բռի դիմադրության կողմնակիցը։ Սակայն նրա մեծ թվով հետևորդներ ավելի ռադիկալ դիրքորոշում են որդեգրել. Բիկոյի գաղափարական ժառանգությունը կարևոր դեր է խաղացել Ազանիայի Ժողովրդական կազմակերպության (AZAPO) ձևավորման մեջ, որի առաջնորդներից էր Դոն Մատտերան։

Բիկոն խոսա ազգի ներկայացուցիչ էր, բայց ազատորեն տիրապետում էր անգլերեն լեզվին և աֆրիկաանսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Steve Biko: I write what I like. University of Chicago Press, Chicago 2002, ISBN 0226048977.
  • Donald Woods: Steve Biko. Goldmann, München 1989, ISBN 3442089859.
  • John Briley: Cry Freedom Simplified Edition. Oxford University Press 1989, ISBN 0194216373.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Բիկո» հոդվածին։