Jump to content

Ռոթվայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոթվայլեր
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Գերմանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ռոթվայլեր (երբեմն սխալմամբ` ռոտվեյլեր, ռոթֆելեր, ռոքֆելեր), շան ցեղատեսակ։ Ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասակարգման` միջին և խոշոր չափերի ցեղատեսակ է[1]։ Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն (Rottweiler Metzgerhund), քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսը շնասայլակով շուկա հասցնելու համար[1]։ 18-19-րդ դարերում ցեղատեսակը շարունակում էր ներմարզային տարածում ունենալ։ Սակայն 19-րդ դարի կեսերից, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասուններին և միսը տեղափոխելու համար` ռոթվայլերները կորցրին իրենց առաջվա դերը, բայց 1910 թվականից ցեղատեսակը մեծ ճանաչում ստացավ որպես զինվորական և ոստիկանական շնատեսակ[2]։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ[3]։

Հուշարձան ռոթվայլերին Ռոթվայլում

Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է[4]։ Որոշ ուսումնասիրողներ շնատեսակի պատմությունը հասցնում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջան և այն ծագած են համարում հռոմեական մասթիֆից. հռոմեական հսկա բանակների համար մշտապես թարմ մսի ապահովման համար նրանք իրենց հետ տանում էին նաև նախիրներ։ Հռոմեական հովվաշներն օգտագործվում էին մինչև 3-4-րդ դարերը, երբ շվաբացիներն արդեն վտարել էին հռոմեացիներին[5]։

Ճանապարհորդող մսագործների կողմից այս ցեղատեսակի շներն օգտագործվում էին միջնադարյան շուկաներում` իրենց վզերին ամրացված քսակները պահպանելու համար[6]։ Նրանք նաև քշում էին նախիրները դեպի շուկա, դրանք պաշտպանելով ավազակներից և գազաններից[5]։ Սակայն այն ժամանակ, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասունը շուկա տեղափոխելու համար, այս ցեղատեսակի կարիքը, ինչպես և ռոթվայլերների քանակը նվազեց այնքան, որ 1882 թ. Հայլբրոնում անցկացված շների ցուցահանդեսին ներկայացված էր ցեղատեսակի ընդամենը մեկ ցածրորակ ներկայացուցիչ[5]։ Առաջին աշխարհամարտի ծավալումը ոստիկանական շների մեծ պահանջարկ ստեղծեց, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ռոթվայլերներով նորից հետաքրքրվեն։ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում ռոթվայլերներն օգտագործվում էին որպես սուրհանդակ, բարձկան, բուժօգնության և պահակաշներ։

1921 թ. ստեղծվեց Գլխավոր գերմանական ռոթվայլեր-ակումբը (Allgemeiner Deutscher Rottweiler Klub), որը 1924 թ. պաշտոնապես գրանցվեց Շթութգարթում։

1931 թ.-ին ցեղատեսակը ճանաչվեց Շնաբույծների ամերիկյան ակումբի կողմից[7]։ 1990-ականների կեսերին ռոթվայլերն ամենաշատ գրանցված ցեղատեսակն էր ԱՄՆ-ում[8]։

Ընդհանուր նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոթվայլերները մեծ ուժի տեր են, սև` հստակ առանձնացված աշխետ կամ շագանակագույն խայտերով, որոնց ընդհանուր քանակը չի գերազանցում շան մարմնի գունավորման 10%-ը։ Նրանց հուժկու արտաքինը չի նվազեցնում ռոթվայլերների ազնվությունը, որը նրանց օգնում է լինել լավ ընկեր, ծառայող և աշխատող շուն։ Այս ցեղատեսակը դիմացկուն է, հասկացող և ուժեղ։ Թեև ռոթվայլերների գունավորումը կարող է տատանվել, շնաբուծական ակումբներն ունեն հստակ սահմանված չափանիշներ` մեկական աշխետ բիծ ամեն ունքի ներքին մասում և թշերին, մեկական գիծ մռութի ամեն կողմից, քիթը` սև է։ Դիմային խայտերն իջնում են դեպի կոկորդը։ Լանջքի վրա ռոթվայլերն ունի երկու ներքնաձիգ եռանկյունաձև խայտ։ Թաթերի և ոտքերի վրա թույլատրելի են խայտերի որոշ տարատեսակներ[1][5]։

Գանգը միջին չափի է, ականջների արանքում լայնացած։ Ճակատը դեպի դուրս կորացած է, ծոծրակային ոսկրը լավ զարգացած է և չերևացող։ Քիթն ընդարձակ է, մեծ քթածակերով ու սև։ Մռութը պետք է ունենա չափավոր ուրվագիծ։ Շուրթերը սև են, լնդերը սև, կամ հնարավորինս մուգ։ Ծնոտները լայն են և ուժեղ։ Ատամնանստվածքը մկրատաձև է` ուժեղ և ամբողջական (42 ատամ)։ Վերին կտրիչները կիպ ծածկում են ներքևինները։ Այտաղեղները վառ արտահայտված են։ Աչքերը միջին չափի են, նշաձև և մուգ շագանակագույն։ Ականջները միջին չափի են, կախ, եռանկյունաձև, հեռադիր։ Ականջները դեպի առաջ թեքված են և կիպ գլխին կպած` գանգին կոր տպավորություն տալով։

Վիզն ուժեղ է, միջին չափի և մկանուտ։ Վզի մաշկը չպետք է ունենա ավելորդ կախվածություն։ Կատիկն արտահայտված չէ։

Ամերիկյան շնաբույծների ակումբի կողմից կազմակերպված ռոթվայլեր ցեղատեսակի մրցույթ Թեքսասում 2006 թ. հուլիսի 23-ին

Մեջքն ուղիղ է, ուժեղ և ձիգ։ Տափողները կարճ են, ուժեղ և փոսավոր։ Գավակը կամարաձև է, միջին չափի և թեթևակի կորացած։ Կրծքավանդակն ընդարձակ է, կորացած և խորը (անրակների բարձրության 50%-ը), լավ ձևավորված լանջքով, ցցված կողաճաղերով։

Ագին ավանդաբար կտրում էին, սակայն հիմա պոչատ ռոթվայլերներին արգելված է ներկայացնել ցուցահանդեսների։ Ագին ուղիղ է, հանգիստ վիճակում` կախ։

Վերջույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմացի ոտքերն ուղիղ են և իրար ոչ շատ մոտ։ Թիակները երկար են, անրակները`ուժեղ են և մեծ։

Հետևի ոտքերն ուղիղ են և զուգահեռ։ Զիստերը կարճ են և մկանուտ։ Ճաները երկար են և մկանուտ։ Թաթերը կլոր են։

Ռոթվայլերի քայլվածքն ավանդաբար տրոտն է։ Քայլելիս առջևի և հետևի ոտքերը պետք է շարժվեն ուղիղ հետ-առաջ։ Քանի որ նրա վերջույթների շարժումն ուղղաձիգ է, նրա ուղին էլ պետք է լինի ուղիղ։ Ռոթվայլերի քայլվածքը հավասարակշռված է և սլացիկ, ինչի համար էլ նա օգտագործվում է որպես հովվաշուն։

Ռոթվայլերի մարմնակազմությունը
  1. Գլուխ (աչքեր)
  2. Մռութ (ատամներ, լեզու)
  3. Մռուզ (կոկորդ, վզի մաշկ)
  4. Անրակ
  5. Պառեկ
  6. Առջևի ոտքեր
  7. Գավակ
  8. Ոտքեր (զիստեր և երանք)
  9. Ճան
  10. Հետևի ոտքեր
  11. Մնդավ
  12. Լիսեռնատապ
  13. Թաթեր
  14. Ագի

Հասուն որձի մնդավի բարձրությունը 61-69 սմ է, էգինը` 56-63 սմ։ Որձերի քաշը, կախված մարմնի բարձրությունից, 50-60 կգ է, էգերինը` 35-48։ Մարմնի ձգվածության գործակիցը 103-105 է։

Բնավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
3 շաբաթական թուլաներ

ԿՄՖ չափանիշների համաձայն ռոթվայլերն անչար է, հակված է լինել հանգիստ, շատ նվիրված է, ենթարկվող, աշխատասեր։ Արտաքնապես ահեղ է և հզոր։ Բնավորությամբ ինքնավստահ է, հակամետ և անվախ։ Իրենց շրջապատին արձագանքում են աչալրջությամբ[9]։

Ռոթվայլերը ամրակազմ ցեղատեսակ է, նախրապանության և պաշտպանելու լավ ձևավորված գենետիկ բնազդով։ Ռոթվայլերների վտանգավոր վարքի հիմնական պատճառներն են անպատասխանատու խնամարկությունը, գազազեցնելը, արհամարհանքը և սոցիալիզացիայի ու վարժեցվածության պակասը։ Ռոթվայլերները սիրում են իրենց տերերին և կարող են նույնիսկ ծիծաղելի վարք դրսևորել ընտանիքի անդամների և ընկերների հետ շփման ժամանակ։ Սակայն, ցեղատեսակի շները շատ պաշտպանողական են սեփական տարածքի նկատմամբ և մոտ չեն թողնում այն մարդկանց, ում լավ չեն ճանաչում։ Ցեղատեսակի առանձնահատուկ ուժը հավելյալ վտանգ կարող է ստեղծել։ Ցեղատեսակի համար պարտադիր են սոցիալիզացման և ենթարկվելու հատկությունների վարժեցումը[5]։

2008 թ. կատարված մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ իրենց տերերի և ուրիշ շների նկատմամբ հարձակումներով (կծելը և կծելու փորձերը) ցեղատեսակի շները միջին վտանգավորություն ունեն, այնինչ` օտար մարդկանց հանդեպ ագրեսիվության աստիճանը բարձր է։ Դա կապված է նրանց տարածք հսկելու բնազդի հետ[10]։

1979-1998 թթ. մարդկանց վրա շների մահացու հարձակումների 67%-ը կատարվել էր ռոթվայլերների և փիթբուլանման շների կողմից։ 1993-1998 թթ. բոլոր մահերի կեսի պատճառը ռոթվայլերներն էին[11]։

Ռոթվայլերը ոչխարների հոտը քշելիս

Ռոթվայլերները բնականից հակված են դեպի խմբահավաքումը և վերահսկելու ուժեղ ցանկություն ունեն։ Նրանք շատ լավ են օգտագործում իրենց վախեցնելու ունակությունը[12]։

Ոչխարների հոտը հետապնդելիս ռոթվայլերները գլուխը պահում են բարձր, իսկ վիզն ու անրակները` ցածր, միաժամանակ ուժեղ հաչոցով քշելով հոտը։

Տավարների նախիրը քշելիս ռոթվայլերը գտնում է դոմինանտ անասունին և ճնշում է նրան, ինչից հետո նա սկսում է ղեկավարել բոլորին։ Շնաբույծները նկատել են, որ ռոթվայլերը հարմար է քշելու համար համառ անասուններին, որոնք արհամարհում են այլ շներին։ Երբեմն ռոթվայլերները սկսում են ուղղորդել նախիրը նույնիսկ առանց նախնական փորձ ունենալու։

Երկար ժամանակ նույն հոտի հետ աշխատելուց հետո ռոթվայլերը յուրահատուկ կապ է ձևավորում դրա անդամների հետ և, եթե դրանք ենթարկվում են իրեն, դրանց հետ կարող է լինել շատ մտերիմ[13]։

Առողջությունը և հիվանդությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոթվայլեր

Ռոթվայլերները համեմատաբար առողջ ցեղատեսակ են, առանց լուրջ հիվանդությունների։ Սակայն, ինչպես շատ խոշոր ցեղատեսակներ, այպես էլ ռոթվայլերները ենթակա են սրտամկանի և կոնքաթասի ու անրակների ոսկրային արատների ռիսկի[14]։ Շների տերերին խորհուրդ է տրվում շներին պարբերաբար զննել ռյոնթգենյան ճառագայթներով։

Ռոթվայլերները հակված են գիրանալու, այդ իսկ պատճառով նրանց պետք է անընդհատ մարզել։ Գիրության ամենավտանգավոր հետևանքները կարող են լինել շատ լուրջ` արթրիտ, շնչառական խնդիրներ, շաքարախտ, սրտային անբավարարություն, վերարտադրողական խնդիրներ, թույլ դիմադրողականություն և յուղաշերտի պատճառով առաջացող մարմնի գերտաքացում[15]։

Ռոթվայլերների կյանքի միջին տևողությունը 8-10 տարի է[16][17]։

Արտացոլումը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական որոշ ֆիլմերում և հեռուստասերիալներում ռոթվայլերները պատկերված են որպես ոճրասեր և ժանտ շներ։ Նման ֆիլմերից ամենահայտնին Օմեն ֆիլմն է, որը մամուլի զգայահույզ լուսաբանման շնորհիվ կերտեց ցեղատեսակի վատ համբավը։ Սակայն որոշ` Մահացու զենք 3, Կիսաեփը ֆիլմերում, HBOԱնտուրաժ հեռուստասերիալում ռոթվայլերները ներկայացված են դրական ձևով։ Նրանք նաև պատկերված են Ալեքսանդրա Դեյի Ապրի՜ Կառլը մանկական գրքում։

2009 թ. հուլիսին Քովենթրի քաղաքում Ջեյք անունով ռոթվայլերը կանխարգելել է մի կնոջ բռնաբարություն և հետապնդել է հանցագործին, ինչի համար բարձր գնահատականի է արժանացել տեղի ոստիկանությունից[18]։

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ռոթվայլեր ցեղատեսակի չափանիշները» (PDF). Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.(Անգլերեն)
  2. Հանս Ռեբեր, Շնատեսակների հանրագիտարան ( Hans Räber: Enzyklopädie der Rassehunde. Ursprung, Geschichte, Zuchtziele, Eignung und Verwendung. Band (Հատոր) 1։ Bauern-, Hirten und Treibhunde, Schäferhunde, doggenartige Hunde, pinscherartige Hunde, spitzartige Hunde, Nordische Hunde, Schensihunde, Zwerghunde, Pudel, Dalmatiner. Franckh-Kosmos, Stuttgart 1993, ISBN 3-440-06555-3, S. (էջ) 168 ff. (հոդ.): Der Rottweiler.)
  3. Ադոլֆ Փինքոս, «Ռոթվայլեր» (Adolf Pienkoß, Rottweiler, Borken: Internationale Föderation der Rottweilerfreunde, 2008.
  4. Մանֆրեդ Շանցլ, «Ռոթվայլերների բուծման պատմության ուսումնասիրություն» ատենախոսություն (Manfred Schanzle, Studies in The Breed History of The Rottweiler. DVM thesis, University of Munich, 1969.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Rottweiler: History». American Kennel Club. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Rottweiler». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  7. "Get to Know the Rottweiler"
  8. American Kennel Club 2013 Dog Registration Statistics Historical Comparisons & Notable Trends
  9. FCI Standard N° 147 Op. Cit.
  10. «Breed differences in canine aggression». Applied Animal Behaviour Science. 114: 441–460. 2008. doi:10.1016/j.applanim.2008.04.006.
  11. «Breeds of dogs involved in fatal human attacks in the United States between 1979 and 1998» (PDF). CDC. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  12. «Շնաբույծների ամերիկյան ակումբ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  13. "Breed Feature: Bernese Mountain Dogs, Leonbergers & Rottweilers", National Dog – The Ringleader Way, vol. 12, nos. 1&2 (Jan/Feb 2009), p. 12.
  14. http://www.adrk.de/5_gesundheit2.htm
  15. Les Price, Rottweilers: An Owner's Companion. New York: Macmillan,1991, p. 114.
  16. Cassidy, Kelly M. «Breed Longevity Data». Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  17. O’Neill, D. G.; Church, D. B.; McGreevy, P. D.; Thomson, P. C.; Brodbelt, D. C. (2013). «Longevity and mortality of owned dogs in England». The Veterinary Journal. 198: 638–43. doi:10.1016/j.tvjl.2013.09.020. PMID 24206631. "n=105 median=8.0 IQR=5.5–10.2"
  18. «Rottweiler honoured for stopping Coventry sex attacker». BBC News]]. 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոթվայլեր» հոդվածին։