Ռոբին Հուդի նետերը
Ռոբին Հուդի նետերը ռուս.՝ Стрелы Робин Гуда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ, երաժշտական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Տարասով |
Սցենարի հեղինակ | Kirill Rapoport?[1] |
Դերակատարներ | Բորիս Խմելնիցկի, Վիյա Արտմանե, Regīna Razuma?, Ալգիմանտաս Մասյուլիս, Էդուարդս Պավուլս, Ալեքսանդր Բելյավսկի, Հարի Շվեյց, Յուրի Կամորնի, Յուրիս Ստրենգա, Ints Burāns?, Միրձա Մարտինսոնե, Նիկոլայ Դուպակ և Իվար Կալնինշ |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս և Վլադիմիր Վիսոցկի |
Նկարահանման վայր | Ռիգա |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 78 րոպե |
«Ռոբին Հուդի նետերը» (ռուս.՝ «Стрелы Робин Гуда»), 1975 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Տարասովը Ռոբին Հուդի մասին անգլիական միջնադարյան բալլադների հիման վրա։
1982 թվականին նույն կազմի որոշ դերասանների մասնակցությամբ նկարահանվել է «Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին» ֆիլմը, որը կարելի է դիտարկել որպես շարունակություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ հրաձիգների երիտասարդ առաջնորդ Ռոբին Հուդը մասնակցում է Նոթինգհեմի շերիֆի կազմակերպած նետաձիգների մրցույթին և հաղթում։ Որպես մրցանակ նրան հանձնվում է ոսկե նետ։ Նա ծանոթանում է ջրաղացպանի դուստր Մարիայի հետ։ Աղջիկը դուր է գալիս Ռոբինին, և նա որոշում է այցելել նրա հորը։ Ճանապարհին նա ծանոթանում է ռազմատենչ վանականի՝ հայր Տուկի հետ։ Նոր ընկերները միասին գնում են ջրաղաց, բայց ականատես են լինում ջրաղացի հրդեհմանը ու ջրաղացպանի սպանությանը շերիֆի զինվորների կողմից։ Մարիան հայտնվում է Շերվուդյան անտառում, և Ռոբինի ու նրա միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում։
Ազատ նետաձիգները Ռոբին Հուդի գլխավորությամբ օգնում են երիտասարդ ասպետ Ալան է’Դեյլին՝ վճարել պարտքը և պսակադրվել իր հարսնացու լեդի Աննայի հետ։ Սակայն Աննայի չկայացած փեսացուն սպանում է երկու նորապսակներին հենց եկեղեցուց դուրս գալու ժամանակ։ Ռոբինին հաջողվում է նետահարել նրան, սակայն այդ իրադարձությունները թույլ են տալիս ներկա գտնված եպիսկոպոսին գլխի ընկնել ավազակի ու Մարիայի սիրավեպի մասին։ Նենգ պրելատը Նոթինգհեմի շերիֆին ու Գայ Գիսբորնին առաջարկում է Մարիային օգտագործել Ռոբինին բռնելու համար։ Աղջկան առևանգում են Եկեղեցի այցելության ժամանակ և դաժան կտտանքների են ենթարկում։
Գայ Գիսբորնի ծաղրածու Կլեմը Ռոբինին պատմում է այդ ծրագրի մասին։ Ավազակները մտածում են Մարիային ազատելու պլան։ Այդ նպատակով Ռոբինը պետք է կատարի Գայ Գիսբորնի դերը։ Ավազակները ներթափանցում են նրա ամրոցը ծաղրածուի և հայր Տուկի սիրելիի՝ Քեթի օգնությամբ։ Սկսված ընդհարման ժամանակ Կլեմն սպանում է իր դաժան տիրոջը, և Ռոբինը վերցնում է ասպետի զրահ։ Գիսբորնի անվան տակ նա հասնում է քաղաքի հրապարակ, որտեղ Մարիայի համար խարույկ է պատրաստվում։ Քաղաք ներխուժած ավազակները հարձակվում են պահապանի վրա և ազատում աղջկան, սակայն նրանց հալածում է շերիֆի մարտիկների ուժեղ ջոկատը։ Նրանց հետ պահելու համար առավել փորձառու մարտիկները՝ հայր Տուկը, Փոքրիկ Ջոնն ու Վիլլին, ամբողջ ճանապարհին դարաններ են կազմակերպում, որոնք թույլ են տալիս նրանց կարճ ժամանակով հետ պահել հետապնդողներին։ Շուտով Փոքրիկ Ջոնն ու հայր Տուկը միանում են իրենց ընկերներին, բայց Վիլլին զոհվում է պայքարում։ Շերվուդյան անտառի ճահճային հարթավայրում ավազակները վճռական պայքարի մեջ են մտնում շերիֆի ու նրա ենթակաների հետ և հաղթում նրանց։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Խմելնիցկի – Ռոբին Հուդ (հնչյունավորել է Ալեքսանդր Բելյավսկին)
- Ռեգինա Ռազումա – Մարիա
- Վիյա Արտմանե – Քեթ (հնչյունավորել է Անտոնին Կոնչակովը)
- Էդուարդ Պավուլս – հայր Տուկ (հնչյունավորել է Վլադիսլավ Կովալկովը)
- Ալգիմանտաս Մասյուլիս – սըր Գայ Գիսբորն
- Յուրի Կամորնի – ծաղրածու Կլեմ (հնչյունավորել է Վլադիմիր Իվաշովը)
- Ինտս Բուրանս – սըր Ռալֆ, Նոթինգհեմի շերիֆ
- Յուրիս Ստրենգա – եպիսկոպոս Գերֆորդ
- Ռոմուալդս Անցանս – Վիլլի (հնչյունավորել է Յուրի Չեկուլաևը)
- Հարի Շվեյց – Փոքրիկ Ջոն
- Միրզա Մարտինսոնե – Լեդի Աննա
- Յանիս Պլեսումս – Ալան է’Դեյլ
- Մարտինշ Վերդինշ – սըր Էդմոնդ
- Նիկոլայ Դուպակ – ջրաղացպան
- Նիկոլայ Վաշչիլին – Բիլ (լուսագրերում նշված չէ)
- Իվար Կալնինշ – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
- Անատոլի Խոդյուշին – էպիզոդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Սերգեյ Տարասով
- Սցենարիստներ՝ Սերգեյ Տարասով, Կիրիլ Ռապոպորտ
- Բեմադրող օպերատոր՝ Դավիթ Սիմանիս
- Կոմպոզիտորներ՝ Վլադիմիր Վիսոցկի (1975), Ռայմոնդ Պաուլս (1976)
- Հնարքների բեմադրիչներ՝ Ալեքսանդր Մասարսկի[2][3][4], Նիկոլայ Վաշչիլին
- Բեմադրող նկարիչ՝ Դայլիս Ռոժլապա
- Երգերի տեքստի հեղինակ՝ Լև Պրոզորովսկի (1976), Վլադիմիր Վիսոցկի (1975)
- Հնչյունային ռեժիսոր՝ Իգոր Յակովլև
- Խմբագիր՝ Օսվալդ Կուբլանով
- Դիրիժոր՝ Ալվիս Զակիս
- Երգերի կատարում՝ Վլադիմիր Վիսոցկի (1975), Այա Կուկուլե, Վիկտոր Լապչենոկ
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում նախատեսվել է, որ ծաղրածուի դերը կատարելու է Վլադիմիր Վիսոցկին, սակայն հանգամանքների բերումով նա չի կարողացել նկարահանվել այդ ֆիլմում[5]։ Արդյունքում դերը կատարել է Յուրի Կամոռնին։
Հատուկ ֆիլմի համար Վլադիմիր Վիսոցկին գրել է վեց բալլադ․
- Բալլադ ժամանակի մասին («Замок временем срыт и укутан, укрыт…»)
- Բալլադ ազատ նետաձիգների մասին («Если рыщут за твоею…»)
- Բալլադ ատելության մասին («Торопись! Тощий гриф над страною кружит…»)
- Բալլադ կարճատև երջանկության մասին («Трубят рога: скорей! скорей!…»)
- Բալլադ Սիրո մասին («Когда вода Всемирного потопа…»)
- Բալլադ պայքարի մասին («Средь оплывших свечей и вечерних молитв…»)
Ֆիլմի սկզբնական խմբագրությունում չի ներառվել Վիսոցկու «В забавах ратных целый век…» տեքստը։
Գոյություն ունի ֆիլմի երկու տարբերակ՝ ռեժիսորական՝ Վլադիմիր Վիսոցկու երգերով, և վարձույթային՝ Ռայմոնդ Պաուլսի երգերով։
ԽՍՀՄ Պետկինո սցենարային խմբագրական կոլեգիայի՝ Ռիգայի կինոստուդիայի տնօրեն Հենրիխ Լեպեշկոյին ուղղված 1975 թվականի դեկտեմբերի 9-ի հանձնարարականում, մասնավորապես, ասվում էր, որ դերասան Վ. Վիսոցկու կողմից բալլադների կատարման բնույթը խորապես օտար է ֆիլմի թեմայից և նրա հերոսների բնավորությունից[6]։
Պետկինոյի հանձնարարությամբ ֆիլմի համար ստեղծվել է նոր երաժշտություն։ Բանաստեղծ Լև Պրոզորովսկին գրել է երկու բալլադ («Над землёй много белых птиц…» և «Когда к твоей мошне дырявой…») Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ։
1982 թվականին Վիսոցկու չորս բալլադներն օգտագործվել են նույն ռեժիսորի՝ «Բալլադ քաջարի ասպետ Այվենհոյի մասին» ֆիլմում, որտեղ Ռոբին Հուդի դերը նույնպես կատարել է Բորիս Խմելնիցկին։ «Կարճատև երջանկության մասին բալլադը» և «Ատելության մասին բալլադը» չեն ընդգրկվել սյուժեի հետ անհամապատասխանության պատճառով։
1987 թվականին Վլադիմիր Վիսոցկու 50-ամյակի առթիվ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է ֆիլմի սկզբնական «ռեժիսորական» տարբերակը՝ Վլադիմիր Վիսոցկու երգերով[7]։ 2002 թվականին լույս է տեսել ընկերության DVD-հրատարակությունը, որը պարունակում է ռեժիսորական տարբերակ։
- Նկարահանումներ
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լեհաստանում և Լատվիայում 1975 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր[8][9]։ Մասնավորապես, մի քանի տեսարաններ նկարահանվել են լեհական Մարիենբուրգ (Մալբորկ) ամրոցում[10], ինչպես նաև Ռիգայի մոտ։
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբին Հուդի դերը ֆիլմում հնչյունավորել է դերասան Ալեքսանդր Բելյավսկին։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրա պատճառը եղել է Բորիս Խմելնիցկու՝ հնչյունավորմանը մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելն այն բանից հետո, երբ Վիսոցկու երգերը չեն ներառվել ֆիլմում։ Կինոնկարի ռեժիսորի խոսքով՝ Բելյավսկին հրավիրվել է նաև Խմելնիցկու կակազելու պատճառով[11]։
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին ֆիլմն զբաղեցրել է 11-րդ տեղը խորհրդային վարձույթում (28,9 մլն հանդիսատես)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Сайт Александра Массарского». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «О Владимире Высоцком вспоминает Александр Самойлович Массарский». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Стрелы Робин Гуда» Արխիվացված 2015-12-08 Wayback Machine на v-vysotsky.com
- ↑ ««Стрела» Госкино для Высоцкого: В Латвийском обществе русской культуры вспоминали Владимира Семеновича Высоцкого». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
- ↑ ««Время эти понятья не стерло…» (О балладах Владимира Высоцкого к фильму «Стрелы Робин Гуда»)». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Стрелы Робин Гуда. Баллада о Высоцком». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Николай Ващилин «Мы умирали по воле режиссёров»
- ↑ Николай Ващилин «Мы умирали по воле режиссёров»
- ↑ ««Королева Марго»: за Харатьяна говорит бард Иващенко». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոբին Հուդի նետերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|