Ռիչարդ Օլդինգթոն
Ռիչարդ Օլդինգթոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1892[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[2] |
Վախճանվել է | հուլիսի 27, 1962[6][1][2][3][4][5] (70 տարեկանում) |
Վախճանի վայր | Սյուրի ան Վո[6][2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ, լրագրող, վիպասան, գրող, կենսագիր, զինվոր և գրական քննադատ |
Լեզու | անգլերեն[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոնդոնի համալսարան[2] և Դովեր քոլեջ[2] |
Պարգևներ | Ջեյմս Թայթ Բլեքի անվան գրական մրցանակ |
Ամուսին | H.D.? |
Richard Aldington Վիքիպահեստում |
Ռիչարդ Օլդինգթոն (անգլ.՝ Aldington) (հուլիսի 8, 1892[1][2][3][4][5], Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[2] - հուլիսի 27, 1962[6][1][2][3][4][5], Սյուրի ան Վո[6][2]), անգլիացի բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ, կենսագիր։ Իսկական անունը՝ Էդվարդ Գոդֆրի Օլդինգթոն:
Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918), որին Օլդինգթոնը մասնակցել է որպես կամավոր, որոշակի է դարձրել նրա ետպատերազմյան ստեղծագործության բնույթը, մասնավորապես «Հերոսի մահը» (1929) վեպի բովանդակությունն ու պաթոսը։ Երեսպաշտ հասարակության կրքոտ դատապարտումը Օլդինգթոնը շարունակել է «Փառքի ճանապարհները» (1930) ժողովածուի պատմվածքներում և «Բոլոր մարդիկ թշնամիներ են» (1933) վեպում։ Նրա առավել հայտնի վեպերից են նաև «Գնդապետի աղջիկը» (1931), «Իսկական դրախտ» (1937), «Յոթը ընդդեմ Ռիվզի» (1938)։ 1939 թվականին Օլդինգթոնը տարագրվել է ԱՄՆ, 1946 թվականից ապրել է Ֆրանսիայում։ Զբաղվել է հիմնականում թարգմանությամբ և գրական այլ աշխատանքներով։ Հեղինակ է մի շարք գրողների և քաղաքական գործիչների կենսագրությունների, գրաքննադատական աշխատությունների (հոդվածներ, հուշեր, էսսեներ)։
Օլդինգթոնը ծնվել է Պորտսմուտում, փաստաբանի ընտանիքում: Սովորել է Դուվրի քոլեջում և Լոնդոնի համալսարանում: Ֆինանսական դժվարությունների պատճառով նրան չի հաջողվել գիտական աստիճան ստանալ: 1911 թվականին ծանոթացել է իր ապագա կնոջ՝ բանաստեղծուհի Հիլդա Դուլիթլի հետ, դրանից երկու տարի անց ամուսնացել են: 1912 թվականից ընդգրկվել է իմաժինիստների խմբակում, որի անդամների թվում էր նաև Հիլդա Դուլիթլը: Ավելի ուշ նրանց միացավ նաև Էզրա Փաունդը: Օլդինգթոնը խմբակի ամենաակտիվ մասնակիցն էր. նա էր խմբագրում իմաժինիստների The Egoist թերթը, նրա բանաստեղծությունները տեղ են գտել իմաժինիստների հրատարակած բոլոր անթոլոգիաներում: Նշենք, օրինակ, որ 1914 թվականին տպագրված բանաստեղծական անթոլոգիայում զետեղված 37 բանաստեղծություններից տասի հեղինակը Օլդինգթոնն էր: Իր կյանքի ,,իմաժինիստական,, շրջանում նա նաև թարգմանություններ էր կատարում: Մասնավորապես՝ թարգմանել է անտիկ շրջանի հույն և հռոմեացի բանաստեղծների ստեղծագործություններից, ինչպես նաև՝ ռուս բանաստեղծ և արձակագիր Ֆյոդոր Սոլոգուբի ,,Դևիկը,, վեպի մի մասը:
Օլդինգթոնը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1916 թվականին զինվորական ծառայության է անցել Սասեքսի թագավորական գնդում որպես շարքային, հետագայում սպայական կոչում է ստացել և ռազմական գործողություններին մասնակցել արևմտյան ռազմաճակատում; 1917 թվականին վիրավորվել է և բուժվել զինվորական հոսպիտալում: Պատերազմը արմատապես փոխել է նրա աշխարհայացքը՝ դաժան դառնության ու անհուսության կնիք դնելով հետագա ողջ ստեղծագործության վրա: Այդ տարիներին նրա գրած ,,Պատերազմական պատկերներ,, ժողովածուն համարվում է անգլիալեզու պոեզիայի լավագույն նմուշներից մեկը:
Օլդինգթոնի՝ ռազմաճակատում գտնված ժամանակ կինը՝ Հիլդան, անվանի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի ընկերոջ՝ Սեսիլ Գրեյի հետ էր: Ռիչարդն ու Հիլդան այլևս չմիացան, թեև մինչև մահ պահպանեցին ընկերական հարաբերությունները: Նրանց ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց միայն 1938 թվականին:
Քսանական թվականներին Օլդինգթոնը, որն արդեն բանաստեղծի հռչակ էր ձեռք բերել, սկսեց ավելի ու ավելի մեծ ուշադրություն նվիրել արձակին: Նրա՝ մասնակիորեն ինքնակենսագրական ,,Հերոսի մահը,, վեպը ներկայումս համարվում է հակապատերազմական լավագույն վեպերից մեկը և պատվավոր տեղ է զբաղեցնում այդ թեմայով Հեմինգուեյի ու Ռեմարկի գրած վեպերի կողքին; Հակապատերազմական թեման իր շարունակությունն ունեցավ նրա վիպակների ,,Հեզ պատասխաններ,, ժողովածուում և ,,Բոլոր մարդիկ թշնամիներ են,, վեպում;
Քառասնական թվականների կեսերին գրողը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում և ձեռնամուխ եղավ նշանավոր մարդկանց կենսագրություններ գրելուն: Նրա հեղինակած ,,Հերցոգ Վելինգթոնի կյանքը,, գիրքը արժանացավ Ջեյմս Թայթ Բլեքի պատվին Մեծ Բրիտանիայում հիմնված հեղինակավոր մրցանակին; Ջերմ ընդունելություն գտան նաև Ռոբերտ Սթիվենսոնին և Դեյվիդ Հերբերթ Լոուրենսին նվիրված գրքերը: Այնինչ՝ մեկ ուրիշ Լոուրենսի՝ անգլիական իսթաբլիշմենթի կուռք համարվող Լոուրենս Արաբացու քննական, մերկացնող կենսագրականը թշնամաբար ընդունվեց Անգլիայում, և գրողը որոշեց հայրենիք չվերադառնալ: Կյանքի վերջին տարիները նա անցկացրեց Ֆրանսիայում:
Ժամանակակիցները Օլդինգթոնին անվանում էին ,,իր դարի ամենաանգլիացի գրողը,,: Նրա անունը փորագրված է Վեստմինիսթրյան աբբայությունում՝ ,,մեծ պատերազմի 16 անվանի բանաստեղծների ,, անունների շարքում: Նրա վաղ իմաժինիստական ու պատերազմական բանաստեղծությունները արժանավոր տեղ են գրավում անգլիական պոեզիայի ոսկե ֆոնդում: Բարձր են գնահատվում նաև Օլդինգթոնի արձակ երկերը և հատկապես ,,Հերոսի մահը,, վեպը:
Ծանոթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 51. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Олдингтон Ричард // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 526)։ ![]() |
|