Ռավազինիի մրջյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռավազինիի մրջյուն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Մրջյուններ (Formicidae)
Ցեղ Myrmica
Տեսակ Ռավազինիի մրջյուն (M. ravasinii)
Միջազգային անվանում
Myrmica ravasinii

Ռավազինիի մրջյուն (լատին․՝ Myrmica ravasinii), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին խոշոր մրջյուններ են, որոնց աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 5,9-6,5 մմ է․ էգերինը 7,8-8,1 մմ է, իսկ արուներինը՝ 6,5-7,0 մմ։ Աշխատավոր մրջյունների գլուխը և առաջնամեջքը կարմրավուն են, փորիկը՝ մգացած, իսկ սեռական առանձնյակները գրեթե միատարր մուգ դարչնագույն են կամ սև[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ալբանիայում, Հարավսլավիայում, Թուրքիայում, Վրաստանում և Հայաստանում։ Հայտնաբերվել է միայ Հայաստանի կենտրոնական մասում՝ Արզական և Աղավնաձոր գյուղերի մոտակայքում (Կոտայքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են անտառեզրերին, կաղնու անտառի բացատաում և ծովի մակարդակից 1700-1800 մ բարձրությունների վրա։ Հասարակական միջատներ են, գաղութները բաղկացած են մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար առանձնյակներից։ Բները պատրաստում են քարերի տակ։ Թևավոր սեռական առանձնյակները հայտնաբերվել են օգոստոսին։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով, օգտագործում են նաև լվիճների մեղրացողը[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հայտնի են մի քանի գաղութներ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անտառահատումները և անտառտնտեսություններում լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործումը։

Պահպանվում է «Արզական–Մեղրաձոր» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռավազինիի մրջյուն» հոդվածին։