Ջեյն Ուայլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Ուայլդ
անգլ.՝ Jane Wilde
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1821(1821-12-27)[1][2]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 3, 1896(1896-02-03)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
ՔաղաքացիությունԻռլանդիա
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, լրագրող և խմբագիր
ԱմուսինՈւիլյամ Ուայլդ[3]
Ծնողներհայր՝ Charles Elgee?[3], մայր՝ [Ann] Sarah Kingsbury?[3]
ԵրեխաներՈւիլլի Ուայլդ[3], Օսկար Ուայլդ[3] և Isola Francesca Emily Wilde?[3]
 Jane Wilde Վիքիպահեստում
Լեդի Ուայլդի և նրա ամուսնու հուշակոթողը, որը գտնվում է Դուբլինի Ջերոմի գերեզմանատան տարածքում

Ջեյն Ֆրանչեսկա Ագնես, լեդի Ուայլդ (ծնյալ Էլջի, դեկտեմբերի 27, 1821(1821-12-27)[1][2], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 3, 1896(1896-02-03)[1][2], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)[4], իռլանդացի բանաստեղծուհի, որը հանդես էր գալիս «Սպերանզա» կեղծանունով[5] և ազգայնական շարժման աջակիցներից էր։ Հատուկ հետաքրքրություն ուներ իռլանդական ժողովրդական հեքիաթների հանդեպ և օգնել է դրանք հավաքել[6]։

1851 թվականին նոյեմբերի 12-ին Դուբլինի Սուրբ Պետրոսի եկեղեցում ամուսնացել է աչքի և ականջի բժիշկ սըր Ուիլյամ Ուայլդի հետ[7] և ունեցել երեք երեխա․ Ուիլյամ Չարլզ Քինգսբերի Ուայլդ (1852-1899 թթ.), Օսկար Ֆինգալ Օ'Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ (1854–1900 թթ.) և Իսոլա Ֆրանչեսկա Էմիլի Ուայլդ (1857–1867 թթ.): Ավագ որդին՝ Ուիլյամ Ուայլդը, դարձել է լրագրող և բանաստեղծ, կրտսեր որդին՝ Օսկար Ուայլդը, դարձել է բեղմնավոր և հայտնի գրող, իսկ դուստրը՝ Իսոլա Ուայլդը, մահացել է մանուկ հասակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյնը ուեքսֆորդցի փաստաբան Չարլզ Էլգեի և նրա կնոջ՝ Սառայի չորս երեխաներից վերջինն էր։ Նրա նախապապը իտալացի էր, որը 18-րդ դարում եկել էր Ուեքսֆորդ[8]։ Լեդի Ուայլդը, որը Չարլզ Ռոբերտ Մեթյուրինի զարմուհին էր, Սպերանզա կեղծանունով բանաստեղծություններ էր հրապարակում «Ազգ» շաբաթաթերթում։ Չարլզ Գավան Դաֆին էր թերթի խմբագիրը, երբ Սպերանզան մեկնաբանություն էր գրել՝ կոչ անելով զինված հեղափոխություն իրականացնել Իռլանդիայում։ Դուբլինի ամրոցի իշխանությունները փակել են թերթը և խմբագրին բերել դատարան։ Դաֆին հրաժարվել է անվանել այն անձին, ով գրել էր վիրավորական հոդվածը։ Ըստ տեղեկությունների՝ Սպերանզան ոտքի է կանգնել դատարանում և ստանձնել հոդվածի պատասխանատվությունը։ Նրա խոստովանությունն իշխանություններն անտեսել են։ Ամեն դեպքում, թերթը մշտապես փակվել է իշխանությունների կողմից։

Կանանց իրավունքների առաջին ջատագովներից էր և պայքարում էր, որ կանայք ավելի լավ կրթություն ստանան։ Իր տուն է հրավիրել կանանց ընտրական իրավունքի առաջամարտիկ Միլիսենտ Ֆոսեթին՝ կանանց ազատության մասին խոսելու։ Բարձր է գնահատել 1883 թվականին ընդունված «Ամուսնացած կանանց ունեցվածքի մասին օրենքը», որն արգելում էր կանանց ամուսնանալ որպես «ձեռնակապ ստրուկ», որը զրկված էր իր ունեցվածքի նկատմամբ բոլոր իրավունքներից[9]։

Սկանդալներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Ուայլդի «Իռլանդիայի հնագույն լեգենդները» ժողովածուի՝ Լոնդոնի գրադարանում գտնվող պատճենը, 2014 թվական

Ուիլյամ Ուայլդը ասպետադրվել է 1864 թվականի հունվարին, բայց ընտանեկան տոնակատարությունները կարճատև էին, քանզի նույն թվականին սըր Ուիլյամի և Լեդի Ուայլդի դեմ Դուբլինիում դատական գործ էր հարուցվել սըր Ուիլյամի գործընկերոջ դուստր Մերի Թրավերսի կողմից, որը պնդում էր, որ վերջինս գայթակղել է իրեն, իսկ իր կինը՝ իրեն զրպարտել։ Մերի Թրավերսը շահել է գործը, և լեդի Ուայլդից գանձվել է 2000 ֆունտ ստեռլինգի տուգանք։ Այնուհետև, 1867 թվականին, նրանց դուստր Իսոլան է մահացել տենդից ինը տարեկանում։ 1871 թվականին սըր Ուիլյամի ապօրինի երկու դուստրերը այրվելով մահացել են մի վթարի ժամանակ, իսկ 1876 թվականին մահացել է սըր Ուիլյամը, որից հետո ընտանիքը պարզել է, որ նա սննկացել էր[10]։

Լեդի Ուայլդը 1879 թվականին Դուբլինից մեկնել է Լոնդոն, որտեղ միացել է իր երկու որդիներին՝ լրագրող Ուիլլիին և Օսկարին, որն իր համար անուն էր ստեղծում գրական շրջանակներում։ Նա իր ավագ որդու հետ ապրում էր աղքատության մեջ, փորձելով եկամուտ վաստակել նորաձև ամսագրերի համար հոդվածներ գրելով ու իր հանգուցյալ ամուսնու՝ իռլանդական բանահյուսության ուսումնասիրություններից գրքեր ստեղծելով։

1896 թվականի հունվարին լեդի Ուայլդը բրոնխիտով հիվանդացել է և մահանալիս թույլտվություն խնդրել բանտում գտնվող Օսկարին տեսնելու։ Նրա խնդրանքը մերժվել է։ Պնդում են, որ երբ 1896 թվականի փետրվարի 3-ին նա մահանում էր Չելսիի Օուքլի փողոցի 146 հասցեում գտնվող իր տանը, նրա տեսիլքը հայտնվել է Օսկարի բանտախցում։ Ուիլլի Ուայլդը՝ նրա ավագ որդին, գումար չուներ, ուստի Օսկարն է վճարել մոր հուղարկավորության համար, որը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Լոնդոնի Քենսալ Գրին գերեզմանատանը[11]։ Տապանաքարը չափազանց թանկ էր, և նրան անանուն են հուղարկավորել ընդհանուր փոսի մեջ։ 1999 թվականին «Օսկար Ուայլդ ընկերության» կողմից Քենսալ Գրին գերեզմանատանը նրա պատվին կելտական խաչի տեսքով հուշարձան է կանգնեցվել։

Բանաստեղծ ու էսսեիստ լեդի Ջեյն Ֆրանչեսկա Ուայլդ «Սպերանզան» ապրել է այստեղ 1887-1896 թվականներին

1911 թվականին ամերիկաբնակ գրող Աննա դե Բրեմոնտը, որը պնդում էր, թե մտերիմ է եղել լեդի Ուայլդի հետ, հուշագրություն է հրատարակել «Օսկար Ուայլդը և իր մայրը» վերնագրով։

Ջեյն Ուայլդը Օսկար Ուայլդի որդիներ Կիրիլ և Վիվիեն Հոլանդների և Ուիլլի դուստր Դորոթի Ուայլդի տատն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Kindred Britain
  4. Marhorie Howes, "Lady Wilde and the Emergence of Irish Cultural Nationalism," in Ideology and Ireland in the Nineteenth Century, ed. Foley and Ryder, Dublin: Four Courts Press, 1998.
  5. "Speranza (Jane Francesca Wilde)", Irish Writers Online.
  6. Robeto Rosaspini Reynolds, Cuentos de hadas irlandeses.
  7. [1] The church no longer exists.
  8. Hesketh Pearson, The Life of Oscar Wilde, reprinted by Penguin Books, 1985. p. 18.
  9. Joy Melville, "Wilde, Jane Francesca Agnes, Lady Wilde (1821–1896)," Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004.
  10. Terence de Vere White, The Parents of Oscar Wilde, Hodder & Stoughton, 1967.
  11. «Cemetery». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Ուայլդ» հոդվածին։