Պրիմախին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիմախին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₅H₂₁N₃O
Մոլային զանգված4,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար90-34-6
PubChem4908
EINECS համար201-987-2
SMILESCC(CCCN)NC1=C2C(=CC(=C1)OC)C=CC=N2
ЕС201-987-2
ChEBI4739
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պրիմախին, դեղամիջոց, որն օգտագործվում է մալարիայի կանխարգելման և բուժման, ինչպես նաև՝ պնևմոցիստային թոքաբորբի բուժման համար[2]։ Այն հիմնականում օգտագործվում է Plasmodium vivax-ով և Plasmodium ovale-ով հարուցված մալարիայի բուժման ժամանակ՝ այլ պրեպարատների հետ զուգակցված, ինչպես նաև կանխարգելման նպատակով, եթե մնացած տարբերակները հնարավոր չէ կիրառել[2]։ Պրիմախինը համարվում է պնևմոցիստային թոքաբորբի բուժման այլընտրանքային տարբերակ՝ կլինդամիցինի հետ զուգակցված[2][3]։ Օգտագործվում է պերօրալ[2]։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումը և ստամոքսի կծկանքանման ցավերը[2][4]։ Խորհուրդ չի տրվում նշանակել պրիմախին գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդով (Գ6ՖԴՊ) մարդկանց, քանի որ կա էրիթրոցիտների քայքայման վտանգ[4]։ Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել պրիմախինի կիրառումից[5][6]։ Այն կարելի է օգտագործել կրծքով կերակրման ժամանակ, երբ հայտնի է, որ երեխան չունի գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդ[6]։ Ազդեցության մեխանիզմն ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն գտնում են, որ այն վնասում է մալարիայի պլազմոդիումի ԴՆԹ-ն[2]։

Պրիմախինն առաջին անգամ արտադրվել է 1946 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցանկում, որպես առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց, որն անհրաժեշտ է առողջապահության համակարգին[7]։ Այն հասանելի է որպես ընդհանուր դեղամիջոց[2]։ Զարգացող երկրներում մեծաքանակ ծախսերը կազմում են օրական 0.04–0.11 ԱՄՆ դոլար[8]։ ԱՄՆ-ում բուժման ստանդարտ կուրսի արժեքը կազմում է 50-100 ԱՄՆ դոլար[5]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինը հիմնականում օգտագործվում է Plasmodium vivax-ով և Plasmodium ovale-ով հարուցված մալարիայի ռեցիդիվը (ախտադարձ) կանխելու նպատակով[9]։ Այն օրգանիզմից հեռացնում է հիպնոզոիտներին («քնած» ձևեր), որոնք մակաբուծում են լյարդում[10] (լյարդային փուլ) և հետագայում անցնում արյան հուն[11]։ Եթե հաստատված է, որ վարակը հարուցված է Pl. vivax-ով կամ Pl. ovale-ով և չի նշանակվել պրիմախին, ապա մեծ է ախտադարձի հավանականությունը շաբաթների կամ ամիսների ընթացքում (երբեմն տարիների)[9]։ Խինինի և պրիմախինի համատեղ կիրառման դեպքում, որոնցից յուրաքանչյուրը արդյունավետ կերպով նպաստում է արյան մաքրմանը Pl. vivax-ից, ունենում ենք ավելի լավ արդյունք, քանի որ մեծանում է պրիմախինի ազդեցությունը[12]։

Ըստ 2016 թվականի տվյալների՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկվել է օգտագործել պրիմախինը էնդեմիկ գոտիներ այցելելուց առաջ (բարձր է Pl. vivax-ով հիվանդացության մակարդակը)՝ առաջնային կանխարգելման նպատակով, ինպես նաև ուղևորությունից հետո՝ վերջնական կանխարգելման նպատակով (հակաախտադարձային բուժում)[4]։

Մեկ դեղաչափ պրիմախինը կարող է արագ և ուժեղ կերպով սպանել Pl. falciparum-ի և Pl. vivax-ի արյան մեջ գտնվող գամետոցիտներին (5-րդ փուլ), ինպես նաև Pl. vivax-ի արյան մեջ գտնվող տրոֆոզոիտներին, սակայն չունի ազդեցություն Pl. falciparum-ի տրոֆոզոիտների վրա[12]։ Քանի որ այն հանգեցնում է գամետոցիտների ոչնչացմանը՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է այն օգտագործել որպես Pl. falciparum-ի դեմ պայքարի միջոց և այդ կերպ նվազեցնել վարակի տարածումը[13]։

Պնևմոցիստային թոքաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինն օգտագործվում է նաև պնևմոցիստային թոքաբորբի, սնկային վարակի դեպքում, որը հաճախ է հանդիպում ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց շրջանում և ավելի հազվադեպ՝ իմունոճնշիչ (իմունոսուպրեսիվ) դեղորայքներ օգտագործողների մոտ։ Պնևմոցիստային թոքաբորբի արդյունավետ բուժման նպատակով պրիմախինը համակցում են կլինդամիցինի հետ[3]։

Հատուկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինի ազդեցությունը 65 և ավելի բարձր տարիքով անձանց շրջանում լայնորեն չի ուսումնասիրվել, հետևաբար չենք կարող ասել, կարիք կա դեղաչափի փոփոխման, թե՝ ոչ[14]։

Պրիմախինը խորհուրդ չի տրվում նշանակել Գ6ՖԴՊ-ով անձանց, քանի որ կա ծանր ռեակցիայի առաջացման վտանգ, որը կարող է հանգեցնել հեմոլիտիկ սակավարյունության[4]։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ի կողմից առաջարկվում է սահմանել պրիմախինի մեկանգամյա օգտագործման այնպիսի դեղաչափ (0.25 մգ/կգ), որն անվտանգ կլինի նույնիսկ Գ6ՖԴՊ-ով անձանց համար, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել Pl. falciparum-ի կողմից մալարիայի փոխանցումը[13]։

Հղիության ժամանակ հակացուցված է պրիմախինի օգտագործումը, քանի որ պտղի մոտ գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի մակարդակը դեռևս անհայտ է[4]։

Պրիմախինով գերդոզավորումը կարող է հանգեցնել արյան բջիջների մակարդակի զգալի նվազեցման, հետևաբար ագրանուլոցիտոզի ռիսկի դեպքում պետք է խուսափել նրա կիրառումից, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինպիսին է ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը և նվազեցնել այն դեղամիջոցների ընդունումը, որոնք նույնպես հանգեցնում են արյան բջիջների մակարդակի նվազեցմանը[14]։

Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինի օգտագործման հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումն ու ստամոքսի կծկանքանման ցավը[4][14]։

Պրիմախինի կիրառումը ցիտոքրոմ b5 ռեդուկտազայի անբավարարությամբ մարդկանց մոտ բերում է մեթհեմոգլոբինեմիայի առաջացման, որի ժամանակ, ի տարբերություն նորմայի, արյունը սկսում է ավելի քիչ քանակությամբ թթվածին տեղափոխել[14]։

Գերդոզավորումը կարող է նվազեցնել արյան տարբեր բջիջների ֆունկցիոնալ հնարավորությունները․ հանգեցնել էրիթրոցիտների կորստի, մեթհեմոգլոբինեմիայի առաջացման և լեյկոցիտների կորստի[14]։

Գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդով մարդկանց մոտ պրիմախինի կիրառումը կարող է առաջացնել հեմոլիտիկ սակավարյունություն[15]։

Դեղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինի կիրառումը P. vivax-ի և P. ovale-ի լյարդային փուլում համարվում է մահացու, ինչպես նաև P. vivax-ի արյան փուլում՝ շնորհիվ բջջի օքսիդատիվ վնասման։ Սակայն ազդեցության մեխանիզմը մինչև վերջ պարզ չէ[6]։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինը լավ ներծծվում է աղիներից և լայնորեն տարածվում օրգանիզմում՝ առանց էրիթրոցիտներում կուտակվելու։ Պրիմախինի ընդունումը սննդի կամ թուրինջի հյութի հետ մեծացնում է նրա պերօրալ կենսամատչելիությունը[16]։ Արյան մեջ շրջանառող պրիմախինի 20%-ը գտնվում է սպիտակուցի հետ կապված վիճակում։ Այն ընտրողաբար կապվում է սուր փուլի սպիտակուց օրոսոմուկոիդի հետ։ Ընդունումից 6 ժամ անց պրիմախինը լյարդի ֆերմենտների ազդեցությամբ արագ վերածվում է կարբօքսիպրիմախինի, որը չունի հակամալարիային ակտիվություն։ Երիկամային արտազատման է ենթարկվում պրեպարատի սկզբնական քանակության 4%-ից պակասը[6][17]։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինը համարվում է պամախինի անալոգ, որը 8-ամինոխինոլոնների դասին պատկանող առաջին պատրաստուկն է. այդպիսի պատրաստուկ է նաև Տաֆենոխինը[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինն առաջին անգամ ստեղծել է Ռոբերտ Էլդերֆիլդը՝ Կոլումբիայի համալսարանից, 1940-ականներին, որի նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակամալարիային պատրաստուկների ստեղծմամբ զինվորներին պաշտպանելն ու բուժելն էր Խաղաղօվկիանոսյան ճակատում[12][18]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինը ներառված է ԱՀԿ-ի կողմից առաջարկվող հիմնական դեղամիջոցների ցանկում, որպես առողջապահության համակարգին առավել անհրաժեշտ դեղամիջոց[19]։

Այն ընդհանուր դեղամիջոց է, որը հասանելի է ամբողջ աշխարհում հետևյալ վաճառքային անուններով՝ Jasoprim, Malirid, Neo-Quipenyl, Pimaquin, Pmq, Primachina, Primacin, Primaquina, Primaquine, Primaquine diphosphate, Primaquine Phosphate և Remaquin[20]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմախինի կիրառումը կենդանիների մոտ Շագասի հիվանդության դեպքում եղել է չորս անգամ ավելի արդյունավետ, քան նիֆուրտիմոքսով ստանդարտ բուժումը[3]։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 PRIMAQUINE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Primaquine Phosphate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Vale, Nuno; Moreira, Rui; Gomes, Paula (2009 թ․ մարտ). «Primaquine revisited six decades after its discovery». European Journal of Medicinal Chemistry. 44 (3): 937–953. doi:10.1016/j.ejmech.2008.08.011. PMID 18930565.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Arguin, Paul M.; Tan, Kathrine R. (2016). «Malaria - Chapter 3». In Brunette, Gary W. (ed.). CDC Health Information for International Travel 2016 (Yellow Book). CDC and Oxford University Press. ISBN 978-0-19-937915-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 57. ISBN 9781284057560.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hill, D. R.; Baird, J. K.; Parise, M. E.; Lewis, L. S.; Ryan, E. T.; Magill, A. J. (2006). «Primaquine: Report from CDC expert meeting on malaria chemoprophylaxis I». The American Journal of Tropical Medicine and Hygiene. 75 (3): 402–15. doi:10.4269/ajtmh.2006.75.402. PMID 16968913. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Primaquine». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 «Treatment of Malaria (Guidelines For Clinicians)» (PDF). CDC. 2013 թ․ հուլիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  10. Markus, MB (2011). «Malaria: Origin of the Term "Hypnozoite"». Journal of the History of Biology. 44 (4): 781–786. doi:10.1007/s10739-010-9239-3. PMID 20665090.
  11. «Treatment of Malaria (Guidelines For Clinicians)» (PDF). CDC. 2013 թ․ հուլիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Baird JK, Rieckmann KH (2003 թ․ մարտ). «Can primaquine therapy for vivax malaria be improved?». Trends Parasitol. 19 (3): 115–20. doi:10.1016/S1471-4922(03)00005-9. PMID 12643993.
  13. 13,0 13,1 Single dose primaquine as a gametocytocide in Plasmodium falciparum malaria. Geneva, Switzerland: World Health Organization. 2012 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Primaquine label» (PDF). FDA. 2007 թ․ նոյեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  15. Keystone, Jay S.; Kozarsky, Phyllis E.; Connor, Bradley A.; Nothdurft, Hans D.; Mendelson, Marc; Leder, Karin (2018). Travel Medicine E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 185. ISBN 9780323547710.
  16. Cuong BT, Binh VQ, Dai B, et al. Does gender, food or grapefruit juice alter the pharmacokinetics of primaquine in healthy subjects? British Journal of Clinical Pharmacology. 2006;61(6):682-689. doi:10.1111/j.1365-2125.2006.02601.x.
  17. Pubchem. «PRIMAQUINE | C15H21N3O - PubChem». pubchem.ncbi.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  18. 18,0 18,1 Edgcomb JH, Arnold J, Young EH, և այլք: (1950). «Primaquine, SN 13272, a new curative agent in vivax malaria; a preliminary report». Journal of the National Malaria Society. 9 (4): 285–92. PMID 14804087.
  19. «WHO Model List of EssentialMedicines» (PDF). World Health Organization. 2013 թ․ հոկտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  20. «Primaquine brand names». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  21. «Potentiation of the curative action of primaquine in vivax malaria by quinine and chloroquine». J Lab Clin Med. 46 (2): 301–6. 1955. PMID 13242948. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)