Պորտալ:Ֆուտբոլ/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զլատան Իբրահիմովիչ (բոս․՝ Zlatan Ibrahimović, շվեդերեն արտասանություն: [ˈslaːtan ɪbraˈhiːmɔvɪtɕ] ( ), հոկտեմբերի 3, 1981, Մալմյո, Շվեդիա), բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող, Շվեդիայի հավաքականի նախկին ավագ։ Համարվում է իր սերնդի ամենաանկանխատեսելի և արհեստավարժ հարձակվողներից մեկը: «The Guardian» թերթի վարկածով՝ Զլատանը 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Շվեդական «Dagens Nyheter» ամսագրի վարկածով՝ Իբրահիմովիչը պետության բոլոր ժամանակների լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում։ Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո՝ 2001 թվականի ամռանը, 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է հոլանդական «Այաքս»: Ամստերդամում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը թիմի հետ նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս (2001-2002, 2003-2004) և մեկ երկրի գավաթ (2002)։ 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»: Իր առաջին մրցաշրջանում նա թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2005-06 մրցաշրջանում թիմը պաշտպանեց տիտղոսը, սակայն «Կալչոպոլիի» հետևանքով 2 չեմպիոնություններն էլ չեղարկվեցին։ Դրանից հետո 24,8 միլիոն եվրոյի դիմաց Իբրահիմովիչը տեղափոխվեց «Ինտեր»: «Սևակապույտների» կազմում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը ակումբր հետ նվաճեց 3 Սկուդետտո անընդմեջ։ 2009 թվականի ամռանը 46 միլիոն եվրոյի դիմաց և Սամուել Էտոյի փոխարեն տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»: Ակումբի կազմում դարձավ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիր։ Սակայն «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների պատճառով Իբրահիմովիչը 2010 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Միլան», իսկ 2011 թվականին վերջինս գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ Սերիա A վերադառնալուց հետո առաջին մրցաշրջանում Իբրահիմովիչը կրկին թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն։ 2012 թվականին «Միլանի» ֆինանսական խնդիրների պատճառով Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան վաճառվեցին «Պարի Սեն-Ժերմենին»: Գործարքի արժեքը կազմեց 60 միլիոն եվրո։ «Փարիզեցիների» կազմում շվեդը 3 անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Իբրան զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:

2001 թվականին նորամուտը նշեց Շվեդիայի հավաքականում: Խաղացել է 4 ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություններում (2004, 2008, 2012, 2016) և 2 աշխարհի առաջնություններում (2002 և 2006)։ Շվեդիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

մանրամասն...