Jump to content

Պոլինոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլինոզ, ալերգիկ հիվանդություն, առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից։ Ավելի հաճախ դրսևորվում է հարբուխով, արցունքահոսությամբ և աչքերի այրոցով, երբեմն՝ բրոնխային հեղձուկի նոպայով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունն ունի սեզոնային բնույթ և առաջանում է բույսերի ծաղկման շրջանում, երբ օդում պարունակվում է մեծ քանակությամբ ծաղկափոշի։ Սովորաբար զանգվածային հիվանդացություն է առաջացնում քամու միջոցով փոշոտվող բույսերի ծաղկափոշին (տրամագիծը՝ մինչև 35 մկմ), որն օժտված է յուրահատուկ, ալերգիածին հատկությամբ։ Ուժեղ ալերգիածին հատկություն ունի ամբրոսիա մոլախոտի ծաղկափոշին։

Առաջացման եղանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության առաջացման համար անհրաժեշտ է ծաղկափոշու մոտ 40-50 հատիկ, բայց երբեմն այն կարող է առաջանալ քթի լորձաթաղանթի կամ աչքի շաղկապենու վրա 3-5 հատիկ ընկնելիս։

Հիվանդության աշխարհագրական տարածվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր կլիմայաաշխարհագրական գոտում գերակշռում են որոշակի բուսատեսակներ, որոնց ծաղկափոշին ավելի հաճախ է պոլինոզի առաջացման պատճառ դառնում։ Հայաստանում ալերգիածին են բարդու սերմեր (քամու միջոցով տարածվող), սոսին, ընկուզենին, փշատենին, լորենին, որոշ մոլախոտեր և այլ բույսեր։ Չնայած ավելի շատ ծաղկափոշի պարունակվում է գյուղական վայրերի օդում, բայց պոլինոզով առավելապես հիվանդանում են քաղաքաբնակները, որը բացատրվում է քաղաքի օդային ավազանի բարձր աղտոտվածությամբ։ Քաղաքի օդում պարունակվող փոշին և տարբեր քիմիական նյութերը գրգռում են շնչուղիների լորձաթաղանթները և բարձրացնում ծաղկափոշու թափանցելիությունը։

Պոլինոզի բուժման հիմնական եղանակը օրգանիզմի զգայնության իջեցումն է ծաղկափոշու նկատմամբ կամ թերզգայնացումը, որը կատարում է ալերգիաբանը։ Վերջինս նախապես, հատուկ մաշկային փորձանմուշների և այլ հետազոտությունների միջոցով պարզում է հիվանդությունն առաջացրած ծաղկափոշու տեսակը։

Պոլինոզից խուսափելու միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բույսերի ծաղկման շրջանում հիվանդները պետք է խուսափեն ծաղկափոշու հատիկները շնչուղիներ և աչքերն ընկնելուց։ Խորհուրդ է տրվում կրել հատուկ պաշտպան, ակնոց կամ հնարավորության սահմաններում երեսը ծածկել։
  • Ծանր դեպքերում խորհուրդ է տրվում մեկնել այլ վայր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։