Արցունքահոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արցունքահոսություն, արցունքի արտազատումը կոպի մակերևույթին։ Արցունքն առաջանում է ակնակապիճի վերին դրսային եզրին տեղակայված արցունքագեղձում, ինչպես նաև շաղկապենում գտնվող մանր արցունքագեղձերում։

Արցունքը, ողողելով ակնագնդի մակերևույթը, այն պահպանում է չորանալուց, հեռացնում է օտար մարմինները և խոչընդոտում մանրէների բազմացմանը։ Արցունքն արցունքային խողովակներով սովորաբար հոսում է արցունքապարկ, ապա՝ քթի խոռոչ։ Արցունքահոսությունը կարող է կապված լինել արցունքի գերարտադրության կամ արտահոսքի դժվարացման հետ։ Արցունքի գերարտադրություն լինում է շաղկապենու մեխանիկական կամ քիմիական գրգռումից, ուժեղ լույսից, ցրտից, քթի լորձաթաղանթի գրգռումից, ցավից, ծանր ապրումներից, շաղկապենու և եղջերաթաղանթի բորբոքումից։ Նման դեպքերում արցունքահոսությունը դադարում է այն առաջացնող պատճառները վերացնելուց կամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո։ Երբեմն էլ արցունքի գերարտադրության պատճառ են դառնում արցունքագեդձի հիվանդագին փոփոխությունները։

Արցունքի արտահոսքի դժվարությունները սովորաբար կապված են աչքի վերին մասից քթի խոռոչ հասնող ուղու ցանկացած հատվածի նեղացման կամ խցանման, ինչպես նաև կոպի ճիշտ դիրքի խախտման հետ, որի հետևանքով արցունքային խողովակները բացվում են ակնագնդի մակերևույթից հեռու։ Այս դեպքում բուժումը վիրահատական է, իսկ դեղանյութն քիչ է արդյունավետ։ Ուժեղ լույսի ազդեցությունից կամ փոշուց առաջացած արցունքահոսությունից խուսափելու համար օգտվում են պաշտպանական ակնոցից։ Խորհուրդ է տրվում արտահոսած արցունքը ծծեցնել մաքուր թաշկինակով կամ թանզիֆե անձեռոցիկով՝ կոպը աչքին սեղմելով։ Արցունքահոսությամբ տառապող անձինք պետք է դիմեն ակնաբույժի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png