Արամաշոտ Պապայանը ծնվել է Բաթումի քաղաքում։ 1926 թվականին ավարտել է Բաթումի Շահումյանի անվան հայկական դպրոցը։ 1927-1930 թվականներին աշխատել է Նովոռոսիյսկում։ 1930 թվականին սովորել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտում։ 1931-1940 թթ. դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1944-1945 թթ.՝ Կիրովականի, այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1947-1949 թվականներին սովորել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում։ 1951 թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները[3]։ Աշոտ Պետրոսի Պապայանի առաջին գործերն են «Երազ» (բեմ․ 1936) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ 1941) դրամաները։ Հայտնի է դարձել եղբոր՝ դրամատուրգ Արամ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944) կատակերգությամբ (1944-1945 թվականներին արժանացել է մրցանակի)։ Բեմադրվել են Պապայանի «Բարձունք» (1943), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» (1956), «Կենդանի հանգուցյալ» (1963), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» (1972) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով «Հայֆիլմ»-ը նկարահանել է «Մանրուք» (1954), «Փեսատես» (1954) և «Իմ ընկերոջ մասին» (1959) կինոնկարները։ Պապայանի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, ինչպես նաև այլ հանրապետությունների և արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ Լույս են տեսել նրա «Աշխարհն, այո, շուռ է եկել» (ռուսերեն, Մոսկվա, 1974) և «Փարիզյան փեսացու» (բուլղարերեն, Սոֆիա, 1974) գրքերը[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 129)։