Պալատական թանգարան (Պեկին)
Պալատական թանգարան չին.՝ 故宫博物院 | |
---|---|
![]() | |
Տեսակ | Արվեստի թանգարան, կայսերական պալատ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պեկին, Չինաստան |
Պատկանում է | Չինաստանի Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն |
Ղեկավարության նստավայր | Պեկին, Չինաստան |
Հիմնադրված է | 1406–1420 |
Հիմնադիր | Քուաի Սիան |
Այցելուներ | 17 մլն (2018)[1] |
Տնօրեն | Վան Սիդոն |
Հավաքածուի չափս | 1,860,000 |
Կայք | The Palace Museum |
![]() | |
![]() |
Պալատական թանգարան (չին.՝ 故宫博物院, փինյին՝ Gùgōng Bówùyùan), ազգային թանգարան, գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կենտրոնում՝ Արգելված քաղաքում։ Պալատի դռները հասարակության առջև բացվել են 1925 թվականին, երբ պալատից վտարվել է Չինաստանի վերջին կայսրը։
1406-1420 թվականներին կառուցված թանգարանը բաղկացած է 980 շինություններից[2] և ընդգրկում է 72 հա ( մոտ 180 ակր) տարածք: Այստեղ գտնվում է ավելի քան 1,8 միլիոն արվեստի ստեղծագորրծություններ, հիմնականում` Մին(1368-1644) և Ցին (1644-1911) դինաստիաներին պատկանող կայսերական հավաքածուներից:
Ըստ «Beijing Evening Post»-ի տվյալների՝ 2018 թվականին թանգարանը ունեցել է ավելի քան 17 միլիոն այցելու: 2012 թվականից թանգարան տարեկան այցելում է միջինը 15 միլիոն մարդ[3][4]։ Պալատական թանգարանի հնագույն կառուցվածքը պաշտպանելու համար 2015 թվականից թանգարանի ղեկավարությունը այցելուների թիվը սահմանափակել է՝ հասցնելով օրվա մեջ մինչև 80 000 այցելուի[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատական թանգարանը գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կենտրոնում՝ Արգելված քաղաքում՝ Չինական կայսերական պալատում, որտեղ իշխել են Մին և Ցին դինաստիաներիի կայսրերըը: Գրեթե հինգ դար այն եղել է չինական իշխանությունների ծիսական և քաղաքական կենտրոն:
Պալատը կառուցվել է 1406-1420 թվականներին։ Համալիրը բաղկացած է 980 շինություններից, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են 8707 սենյակներից[2] և ընդգրկում են 720,000 մ2 տարածք: Այս համալիրը ավանդական չինական պալատական ճարտարապետություն վառ օրինակ է[6], և մեծ ազդեցություն է ունեցել Արևելյան Ասիայում մշակույթի և ճարտարապետության զարգացման և ձևավորման վրա: Արգելված քաղաքը 1987 թվականին հռչակվել է Համաշխարհային ժառանգության վայր[6], և համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհում պահպանված հնագույն փայտե կառույցների ամենամեծ հավաքածուն ունի:
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1912 թվականին չինական վերջին կայսր Պուին հրաժարական տվեց: Չինաստանի նոր կառավարության հետ համաձայնագիր կնքելով՝ Պուին մնաց Ներքին արքունիքում, իսկ Արտաքին արքունիքը հանձնվեց հանրային օգտագործմանը[7], որտեղ ստեղծվեց փոքր թանգարան՝ արտաքին արքունիքում տեղակայված պատմական իրերի ցուցադրության համար: 1924 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից հետո Պուին արտաքսվեց Ներքին արքունիքից[8]: Արգելված քաղաքում գտնվող պալատը ամբողջովին թանգարանի վերածվեց 1925 թվականի հոկտեմբերի 10-ին[9]:
Պալատական թանգարանի հավաքածուները հիմնականում բաղկացած են են Ցին դինաստիային պատկանող իրերից: Համաձայն 1925 թվականի հաշվետվության արդյունքների՝ Արգելված քաղաքում պահվում էր մոտ 1,17 միլիոն արվեստի գործեր[10]: Բացի այդ, կայսերական գրադարաններում տեղակայված էին մեծաքանակ հազվագյուտ գրքեր և պատմական փաստաթղթեր, ներառյալ Մին և Ցին դինաստիաների կառավարական փաստաթղթերը[11]։
1933 թվականին ճապոնական ներխուժման սպառնալիքը ստիպեց տարհանել թանգարանի հավաքածուի կարևորագույն մասերը[12]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այս հավաքածուն վերադարձվեց Նանջին[13]: Սակայն Չինաստանի քաղաքացիական պատերազմում կոմունիստների տարած հաղթանակից հետո նացիոնալիստական կառավարության ղեկավար Չան Կայշին հրամայեց այս հավաքածուն տեղափոխել Թայվան: 13․491 արվեստի գործերից 2,972-ը այժմ տեղակայված է Թայբեյի ազգային թանգարանում: Այդ համեմատաբար փոքր, բայց բարձրորակ հավաքածուն այսօր կազմում է այդ թանգարանու եղած արվեստի նմուշների հիմքը[14]: Ավելի քան 8000 արկղ արվեստի ստեղծագործություններ վերադարձվել է Պեկին, սակայն դրանցից 2,221-ը այսօր գտնվում է Նանջին թանգարանի պահեստում[14]:
ՉԺՀ-ի կառավարության օրոք թանգարանն անցկացրեց նոր հաշվառում, ինչպես նաև Արգելված քաղաքի մանրակրկիտ ուսումնասիրություն, բացահայտելով մի շարք կարևոր իրեր: Բացի այդ, չինական կառավարությունը երկրի այլ թանգարաններից արվեստի գործեր տեղափոխեց պալատական թանգարան՝ հավաքածուն համալրելու համար: Թանգարանը նաև հասարակության կողմից նվիրատվություններ է ստանում[15]:
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր Պալատական թանգարանի մշտական հավաքածուում առկա են ավելի քան մեկ միլիոն հազվագյուտ և արժեքավոր իրեր[16], ներառյալ նկարներ, կերամիկա, կնիքներ, աստղեր, քանդակներ, մակագրված իրեր, բրոնզե իրեր, էմալե առարկաներ և այլն: Պալատական թանգարանը հիմնված է Ցին կայսերական դինաստիային պատկանող հավաքածուի հիման վրա: Ըստ 1925 թվականին արված հաշվառման, Արգելված քաղաքում պահվում էր մոտ 1,17 միլիոն կտոր արվեստ:
1933 թվականին տարհանվեցին թանգարանի հավաքածուի կարևորագույն մասերը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձվեցին Նանջին: Սակայն նացիոնալիստական կառավարության ղեկավար Չան Կայշիի հրամանով հավաքածուն տեղափոխվեց Թայվան: Մոտ 2,972 արվեստի գործ այժմ տեղակայված է Թայբեյի ազգային թանգարանում: Համաձայն 2004-ից 2010 թվականների ընթացքում անցկացված թանգարանի հավաքածուի գույքագրման՝ պալատական թանգարանն ընդհանուր առմամբ ունի 1,807,558 արվեստի գործեր և ներառում է 1,684,490 պետական պաշտպանության տակ գտնվող «արժեքավոր մշակութային մասունքներ»[17]։ Մինչ դեռ 2016 թվականի վերջին թանգարանն անցկացրեց մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ 2014-ից մինչև 2016 թվականը անցկացված գույքագրման արդյունքում նախկինում գրանցված 55,132 արվեստի գործեր չեն հայտնաբերվել[18]:
Արվեստի գործերից բացի, թանգարանի հավաքածուի մեծ մասը բաղկացած է արքունիքի առօրյա օգտագործման իրերից, ինչպես նաև տարբեր արարողակարգային առարկաներից, որոնք կարևոր են պետական կառավարման համար: Այս համապարփակ հավաքածուն պահպանում և ներկայացնում է կայսերական դարաշրջանի առօրյան և արարողակարգային արձանագրությունները[19]:
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատական թանգարանում տեղադրված քանդակների հավաքածուն ներառում է գեղարվեստական պատկերներ (հիմնականում ՝ Հան, Սուի և Տանգ դինաստիաներից կավագործության նմուշներ), սպիտակ մարմարե բուդդայական արձաններ Քույանից (Հեբեյ նահանգ), փայտե արձաններ, կերամիկայից, բրոնզից և քարից պատրաստված քանդակներ, որոնց հեղինակներ էին Հե Չաոզոնը, Շի Սոուն, Յան Յուսուանը և ուրիշներ, դեկորատիվ քանդակազարդ աղյուսներ և քարեր Հան դինաստիայից, կենդանիների գծապատկերներով աղյուսներ: Պալատական թանգարանի հավաքածուում եղած քանդակները եզակի են և տարբեր բովանդակություն ունեն: Այս աշխատանքները պատմական և նկարչական մեծ արժեք են ներկայացնում[20]։
Կերամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատական թանգարանում առկա է կերամիկայից և ճենապակուց պատրաստված 340,000 իր, որոնք ներառում են Թան դինաստիայի և Սուն դինաստիայի կայսերական հավաքածուներ: Այս հավաքածուն հատկանշական է նրանով, որ այն կայսերական հավաքածուի մաս է կազմում և այդպիսով ներկայացնում է Չինաստանի ճենապակու արտադրության լավագույն օրինակները։ Հավաքածուի մյուս մասերը գտնվում են Թայբեյի Ազգային պալատական թանգարանում և Նանջինի թանգարանում:
Պալատական թանգարանի կերամիկայի հավաքածուն ներկայացնում է անցած 8000 տարվա ընթացքում չինական կերամիկական արտադրության ամբողջությունը, միևնույն ժամանակ աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկն է։
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն ունի մոտ 50,000 նկար: Դրանցից ավելի քան 400-ը պատկանում են Յուան դինաստիայի ժամանակաշրջանին (1271–1368): Սա Չինաստանում եղող նմանատիպ հավաքածուներից ամենամեծն է և ներառում է չինական պատմության ամենաթանկարժեք և արժեքավոր նկարներից մի քանիսը[21]:
Այս աշխատանքներից մոտ հազարը համարվում են ազգային մասունքներ: Հավաքածուն բաղկացած է անվանի արվեստագետների հայտնի գործերից՝ չինական նկարչության զարգացման յուրաքանչյուր ժամանակաշրջանից: Մասնավորապես, ժողովածուն ընդգրկում է ավելի քան 400 գլուխգործոց Յուան դինաստիայից (1271-1368):
Նկարների հիմնական մասը պատկանում են Մին և Ցին դինաստիաների պալատական հավաքածուին: Դժբախտաբար այս հավաքածուի զգալի մասը անհետացել է: Հավաքածուի լավագույն մասերից մի քանիսը 1948 թվականին տեղափոխվեցին Թայվան: Թանգարանի հավաքածուն այն ժամանակվանից համալրվել է՝ նվիրատվությունների, գնումների և այլ թանգարաններից փոխանցումների միջոցով:
Նեֆրիտե իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեֆրիտը շատ բարձր է գնահատվում և յուրահատուկ տեղ ունի չինական մշակույթում: Պալատական թանգարանն ունի ավելի քան 800 նեֆրիտից պատրաստված իրերի հավաքածու, ինչը այն դարձնում է աշխարհում ամենամեծը: Հիմնականում նեֆրիտից պատրաստված ոչ պաշտոնական կնիքների, զարդեղենի, աքսեսուարների կամ այլ գանձերի մեծ մասը թվագրվում է Ցին դինաստիայի միջին և ուշ շրջանով: Նույնիսկ այս ժամանակահատվածում, կարելի է հստակ տեսնել նեֆրիտի ընտրության չափանիշների և ստեղծված առարկաների միջև եղած տարբերությունները: Ցիանլոնի ժամանակաշրջանում նեֆրիտից հիմնականում պատրաստում էին կահավորանքի, կերակրի պարագաներ և աքսեսուարներ: Կիսաթափանցիկ և փայլուն նեֆրիտը մեծ արժանիք ուներ կայսերական արքունիքում: Մի քանի տասնամյակ անց՝ Ցին դինաստիայի ավարտին, նեֆրիտից հիմնականում պատրաստում էին զարդեր և աքսեսուարներ:
Արվեստի հավաքածուների նկատմամբ հասարակության աճող ուշադրության շնորհիվ ավելի շատ մարդիկ են տեղեկանում նեֆրիտի արժեքի մասին[22]:
Բրոնզե իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնզը հատուկ տեղ է զբաղեցնում չինական մշակույթում, և բրոնզե իրերը պետական արարողության կարևոր մաս են եղել: Պալատի թանգարանի բրոնզե հավաքածուն ընդգրկում է վաղ Շան դինաստիային պատկանող արվեստի նմուշներ: Ձեռք բերված գրեթե 10,000 կտորներից մոտ 1600-ը մակագրված նյութեր են նախացինական ժամանակաշրջանից (մ.թ.ա. 221 թ.): Հավաքածուի մի զգալի մասը կայսերական արքունիքի արարողությունների համար նախատեսված բրոնզե իրեր են, ներառյալ կայսերական նվագախմբի կողմից օգտագործված երաժշտական գործիքների ամբողջական հավաքածուն[23]:
Բրոնզե իրերը արտադրվել են դեռևս Սիա դինաստիայի ուշ շրջանում: Ցին կայսերական գանձարանը ձեռք էր բերել մեծ քանակությամբ բրոնզե իրեր, և Ցիանլոն կայսեր օրոք, դրանց հավաքածուն ընդգրկում էր մի քանի հազար աշխատանք: 1949 թվականին որոշ աշխատանքներ տեղափոխվեցին Թայվան, իսկ մյուսները՝ անհայտ կորան: Մնացած գործերը պահպանվել են Պալատի թանգարանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր թանգարանի հավաքածուն մեծապես աճել է՝ պետական հատկացումների, մասնավոր նվիրատվությունների և գնումների շնորհիվ: Հավաքածուն ներկայումս պարունակում է ավելի քան 15,000 բրոնզե աշխատանքներ ամբողջ Չինական դինաստիկ պատմության մեջ: Հատկապես, որ հավաքածուի մոտավորապես 10,000 գործեր թվագրվում են մինչև Ցին դինաստիան: Այսպիսով, պալատական թանգարանն ունի բրոնզների ամենամեծ հավաքածուները ամբողջ Չինաստանում[24]:
Ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատական թանգարանն ունի 18-րդ և 19-րդ դարերին պատկանող մեխանիկական ժամացույցների ամենամեծ հավաքածուներից մեկը՝ ավելի քան 1000 նմուշ: Հավաքածուն պարունակում է ինչպես չինական, այնպես էլ արտասահմանյան նմուշներ: Չինական ժամացույցները պատրաստվել են արքունիքի արհեստանոցներում՝ Գուանչժոուում (Կանտոն) և Սուչժոուում (Սուչոու): Թանգարանում տեղ են գտել նաև այլ երկրներում (Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Ճապոնիա) ստեղծված ժամացույցները: Դրանցից ամենամեծ մասը բերվել է Բրիտանիայից[25]:
16-րդ դարի կեսերին եվրոպական միսիոներները իրենց հետ Չինաստան էին բերում արևմտյան տեխնոլոգիաներ, օրինակ, եվրոպական ժամացույցները: 1601 թվականին իտալացի միսիոներ Մատեո Ռիչին Մինգ Վանլի կայսրին (1573-1620) ներկայացրեց երկու ժամացույց, որոնք իրարանցում առաջացրին արքունիքում իրենց զանգերով: Ցին դինաստիայի (1644-1911) Կանսի կայսրը (1662-1722) մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ և հավաքում էր Արևմուտքին պատկանող մեծաքանակ սարքեր և տարատեսակ ժամացույցներ: Հետագայում Եվրոպայից եկող յուրաքանչյուր միսիոներ մի քանի ժամացույց էր նվիրում կայսրին կամ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ժամացույցները չինացիների համար կարևոր միջոց էին արևմտյան մշակույթն ու տեխնոլոգիաները հասկանալու համար[26]:
Հավաքածուի ուշագրավ նմուշները ներառում են նաև այնպիսի ժամացույցներ, որոնց կցված մեխանիկական սարքը կարողանում է գրել տեղադրված թղթի վրա[27]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի մշտական ցուցադրությունները կարելի է բաժանել երկու խմբիի․ առաջինը՝ «ինչպես եղել է» ցուցադրություններ (չին.՝ 原状陈列), երկրորդը՝ թեմատիկ ցուցադրություններ (չին.՝ 专 馆): Առաջին խմբինին պատկանող ցուցադրությունների ժամանակ սրահները ներկայացվում են այնպես, ինչպես եղել է կայսերական ժամանակաշրջանում: Կան նաև տասնմեկ տարբեր թեմաներին նվիրված ցուցասրահներ.
- Նկարչություն և գեղագրություն (կալիգրաֆիա)
- Կերամիկա
- Գանձարան
- Ժամացույցներ
- Քանդակագործեւթյուն
- Ճարտարապետություն
- Բրոնզե նմուշներ
- Սիքու
- Զինանոց
- Կահույք
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Palace Museum sees record number of visitors China Daily, December 17, 2018, վերցված է May 24, 2019
- ↑ 2,0 2,1 How many rooms in the Forbidden City Singtao Net, September 27, 2006 արխիվացված July 18, 2007
- ↑ Visitors to Beijing Palace Museum Topped 16 Million in 2016, An Average of 40,000 Every Day The Beijinger, January 3, 2017
- ↑ Beijing's Forbidden City ranks most visited museum in the world Chinadaily.com.cn, Վերցված է July 04, 2019
- ↑ Forbidden City becomes world's most visited museum GBTIMES, July 04, 2019
- ↑ 6,0 6,1 UNESCO World Heritage List: Imperial Palaces of the Ming and Qing Dynasties in Beijing and Shenyang UNESCO May 04,2007
- ↑ Yang, p․ 137, 2003
- ↑ Yan Chongnian, «National - War criminal - Citizen։ True Stories of the Twelve Qing Emperors», Beijing, Zhonghua Book Company, 2004
- ↑ Cao Kun, «Forbidden City X-Files: Opening admission 50 cents», Beijing Legal Evening, People Net, Վերցված է July 25, 2007
- ↑ Palace items auditing report, Wen Lianxi (ed.), Beijing, Caretaker Committee of the Qing Dynasty Imperial Family, Xianzhuang Book Company 1925, Reprint 2004
- ↑ Frank Dorn, The Forbidden City: The biography of a palace, New York, Charles Scribner's Sons, 1970, p․176
- ↑ See map of the evacuation routes at: «National Palace Museum – Tradition & Continuity»։ National Palace Museum։ Վերցված է 2007-05-01
- ↑ «National Palace Museum – Tradition & Continuity»։ National Palace Museum։ Վերցված է 2007-05-01
- ↑ 14,0 14,1 Three museum directors talk artifacts in Nanjing Jiangnan Times, People Net, October 19, 2003, արխիվացված December 1, 2008
- ↑ Beijing Palace Museum and Taipei Palace Museum: which collection is bigger?, Guangming Daily, Xinhua Net, December 1, 2005-01, Արխիվացված է 2009-01-10
- ↑ Forbidden City in Beijing, Jackie Craven, China, About.com
- ↑ «Palace Museum puts its house in order»։ China Daily (Xinhua News Agency)։ 2011-01-27։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-31-ին։ Վերցված է 2011-01-27
- ↑ «Palace Museum discovers 55,000 items hidden within the Forbidden City – Life & Culture News – SINA English»։ english.sina.com։ Վերցված է 2017-06-04
- ↑ The Palace Museum։ «Collection highlights – Palace artifacts» (Chinese)։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-01-ին։ Վերցված է 2007-07-05
- ↑ The Palace Museum։Sculpture
- ↑ The Palace Museum։ «Collection highlights – Paintings» (Chinese)։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-01-ին։ Վերցված է 2007-07-05
- ↑ The Palace Museum։ Jadeite at the Imperial Court
- ↑ The Palace Museum։ «Collection highlights – Bronzeware» (Chinese)։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-01-ին։ Վերցված է 2007-07-05
- ↑ The Palace Museum։Bronze
- ↑ The Palace Museum։ «Collection highlights – Timepieces» (Chinese)։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-01-ին։ Վերցված է 2007-07-05
- ↑ The Palace Museum։ European Clocks and Watches
- ↑ The Palace Museum։ «Gilded copper clock with the decoration of writing person» (Chinese)։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2007-07-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի պաշտոնական կայք (անգլ.)
- Թանգարանի պաշտոնական կայք (չին.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պալատական թանգարան (Պեկին) կատեգորիայում։ |