Ուիլյամ Քոլփագ
Ուիլյամ Քոլփագ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1918 |
Ծննդավայր | Նիանթիք, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 16, 2005 (86 տարեկան) |
Մահվան վայր | Փաոլի, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ծովակալ Ֆարագուտի ակադեմիա |
Մասնագիտություն | հետախույզ և able seaman |
Ուիլյամ Քյորթիս Քոլփագ (անգլ.՝ William Curtis Colepaugh, մարտի 25, 1918, Նիանթիք, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - մարտի 16, 2005, Փաոլի, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ԱՄՆ քաղաքացի, որը դարձել էր գերմանական լրտես, իսկ այնուհետ, հատուկ առաջադրանք կատարելու համար իր գործընկերոջ հետ ժամանելով Միացյալ Նահանգներ, հանձնվել է ամերիկյան իշխանություններին։ Նրա կրկնակի լրտես լինելը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ատլանտյան օվկիանոսում էական ազդեցություն է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողությունների վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականին ծառայությունից ազատվելուց հետո՝ 1944 թվականին առևտրանավով փախել է Նացիստական Գերմանիա, որը կանգ էր առել Լիսաբոնում[1]։ Քոլփագն այցելում է գերմանական հյուպատոսություն և ուսուցում անցնելով բռնազավթված Հաագայում, դառնում գերմանական լրտես[1][2]։
Գաղտնի գործակալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրտեսական դպրոցում Քոլփագին սովորեցրել են օգտվել հրազենային զենքերի տարբեր տեսակներից և տիրապետել գործնական տարբեր հմտությունների, որոնք անհրաժեշտ էին լրտեսության համար[2]։ Վերապատրաստումից հետո Քոլփագը գերմանացի լրտես Էրիխ Գիմպելի հետ միասին U-1230 սուզանավով վերադարձել է Միացյալ Նահանգներ և 1944 թվականի նոյեմբերի 29-ին ափ իջել Մեն ծոցի Հենքոք Փոինթ քաղաքում։ Նրանց հանձնարարված տեխնիկական տեղեկատվություն հավաքել ԱՄՆ ռազմական օբյեկտների վերաբերյալ։ Նրանք նաև պետք է ներթափանցեին ամերիկյան գերգաղտնի Մանհեթենյան նախագիծ ու ստեղծեին դիվերսիոն խմբեր՝ սաբոտաժի գործողություններ իրականացնելու համար[1][2]։
Քոլփագն ու Գիմպելը ուղևորվում են Բոստոն, իսկ այնուհետ գնացքով շարժվում դեպի Նյու Յորք։ Շուտով Ուիլյամը որոշում է թողնել գործողությունը, և երբ այցելում է իր հին ընկերներից մեկին, որի հետ միասին սովորել էր համալսարանում, ամեն ինչ պատմում է նրան։ Վերջինս Ուիլյամ Քոլփագին խորհուրդ է տալիս դիմել Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Քոլփագը ՀԴԲ-ին է ներկայացնում Գիմպելի մանրամասն նկարագրությունը, ինչն ավելի ուշ օգնում է ձերբակալել վերջինիս[2]։
Նրանց ձերբակալությունից հետո, գլխավոր դատախազի ցուցմամբ, գերմանական նախկին լրտեսները փոխանցվում են ամերիկյան ռազմական իշխանություններին։ 1945 թվականի փետրվարին լրտեսները կանգնում են դատարանի առաջ[2]։ Նրանք մեղավոր են ճանաչվում և դատապարտվում մահապատժի, սակայն այդ դատավճիռը նախագահ Հարրի Թրումանի հրամանով փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ[1]։ 15 տարի մնալով ազատազրկման մեջ՝ Քոլփագը 1960 թվականին դուրս է գալիս բանտից[3]։
Հետպատերազմական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ազատ արձակումից հետո Քոլփագը տեղափոխվում է Փենսիլվանիա նահանգի Քինգ օֆ Փրաշա բնակավայր, որը գտնվում է Ֆիլադելֆիայի մոտ։ Այնտեղ Քոլփագը սկսում է աշխատել տպարանում։ Հետագայում նա սկսում է զբաղվել տարբեր բիզնեսներով, վաճառում էր պահարաններ, սեղաններ, սննդամթերք։ Ամուսնացել և ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ[1]։ Ուիլյամ Քոլփագը մահացել է 86 տարեկան հասակում՝ 2005 թվականի մարտի 16-ին՝ Ալցհայմերի հիվանդության բարդությունից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Richard Willing. «The Nazi spy next door». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Counterintelligence In World War II». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «East Coast 'Alcatraz'». Correctionhistory.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Miller, Robert A. A True story of An American Nazi Spy: William Curtis Colepaugh. Trafford Publishing Co., 2013, pp. 228, 313. 1-466-98219-5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гимпель Э. Шпион для Германии. — Центрполиграф, 2000. — 316 с. — ISBN 5-227-00952-X
- William B. Breuer The Air-Raid Warden Was a Spy: And Other Tales from Home-Front America in World War II. — Wiley, 2008. — 256 с. — ISBN 978-0471234883