Որմիզդ I Սասանյան
Որմիզդ I Սասանյան هرمز یکم | |
---|---|
Պարսկաստանի արքայից արքա Մեծ Հայքի արքա Շահանշահ | |
![]() | |
Իշխանություն | մայիս, 270 – հունիս, 271 |
Թագադրում | 270 թվական, Տիզբոն |
Հանձնում | 271 թվական |
Ծնվել է՝ | 3-րդ դար |
Մահացել է՝ | 273 |
Երկիր | ![]() |
Ազգություն | պարսիկ |
Հաջորդող | Վահրամ Ա (եղբայրը) |
Տոհմ | Սասանյաններ |
գերիշխան | |
Հայր | Շապուհ Ա |
Հավատք | Զրադաշտականություն |
Որմիզդ-Արտաշիր, առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան (պարսկերեն՝ هرمز یکم), Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը[1]։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ I-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Հայաստանի մարզպանը[2]։
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հոր պարսից գահին բազմելուց հետո Որմիզդը հորջորջվում է նաև Մեծ Հայքի թագավորության արքա տիտղոսով։
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Արտաշիր արքայի պատմության մասին ավանդազրույցի՝ Որմիզդը եղել է պարսից շահնշահ Շապուհի և Միհրակի դուստր Գուրձադի կրտսեր որդին։ Համաձայն միևնույն պահլավերեն աղբյուրի՝ Միհրակն ազատում է Արտաշիրին, քանի որ մինչ այդ զրադաշտական մոգերն արդեն կանխորոշել էին Պարսկաստանի ապագան՝ տեսնելով, որ գահակալական կռիվների արդյունքում Պարթևստանը կործանվելու է և վերելք է ապրելու Սասանյանների ազնվականական ընտանիքի տոհմական իշխանությունը պարսից երկրում։
Պահլավական մեկ այլ ավանդազրույց պատմում է այն մասին, որ Որմիզդի մայրը՝ Գուրձադը, իր համագյուղացիներից միակն էր, որ ողջ մնաց և չսպանվեց Շապուհի ձեռքով, քանի որ արքան նկատել էր նրան։ Շուտով վերջիններս ամուսնանում են և հենց այդ կապի արդյունքում էլ ծնվում է Որմիզդը։ Շապուհի մյուս կանանցից Որմիզդն ուներ նաև երեք եղբայրներ՝ Վահրամը, Ներսեհը և Շապուհը։
Թեև Որմիզդն ամենակրտսերն էր Շապուհի որդիներից՝ այնուամենայնիվ, անգամ այս հանգամանքը չխանգարեց վերջինիս դառնալ հոր օրինական իրավահաջորդը։ Դա մեծապես պայմանավորված էր նաև մոր կողմից Որմիզդի ունեցած ազնվականական ծագումնաբանությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որմիզդ Սասանյանն առաջին անգամ հիշատակվել է Հռոմեական կայսրության դեպ Շապուհ I-ի դեմ վարած պատերազմների կապակցությամբ։ Նշանավոր պատմաբան Կիրիլ Թումանովի խոսքերով՝ հոր կողմից Որմիզդը նախ և առաջ նշանակվել է որպես Մեծ Հայքի մարզպան՝ կառավարելով 251-270 թվականներին։ Հոր մահից հետո՝ 270 թվականի մայիսին, բազմել է պարսից գահին։ Ըստ մուսուլման պատմագիր Աբու Մանսուր ալ-Սալիբի՝ Որմիզդ-Արտաշիրը ևս հոր և պապի հետ իշխել է արդարությամբ։ Ծավալել է բուռն քաղաքաշինական գործունեություն։ Նրա անվան հետ է կապված Պարսքում Ռամ-Որմիզդ, Ահվազ և Դաստագիրդ քաղաքների հիմնադրումը։ Վերջինս 7-րդ դարում ծառայել է որպես Խոսրով Բ Փարվեզ արքայի թագավորական նստավայր։ Կառավարման վերջին տարիներին արշավել է Սողդիանա, որի տարածքը շուտով միացրել է Պարսկական տիրակալությանը։
Դեպի Միջին Ասիա տաժանակիր արշավանքից հետո 272 թվականին Հորմիզդը վերադառնում է Էսթախր, որտեղ մեկ տարի անց վերջինս մահանում է։ Որմիզդը անժառանգ մահանում է 273 թվականին և այդ պատճառով էլ գահը ժառանգում է նրա եղբայրը՝ Վահրամը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Touraj Daryaee, Sasanian Persia, (I.B.Tauris Ltd, 2010), 10.
- ↑ Որմիզդ Ա, Մ․Ռահմի Շայեգան Իրանիկա հանրագիտարան, (հունվարի 24, 2018).