Ոչ կամային վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոչ կամային վարքը համարում են կամային վարքին հակադիր։ Նրա սովորական բնութագրման ժամանակ նկատվում են այն նույն թերությունները, որոնք նկատում ենք կամային վարքը բնութագրելիս։ Որպես ոչ կամային վարք կարելի է համարել ինչպես խոչընդոտների հաղթահարման նկատմամբ վառ արտահայտված բացասական վերաբերմունքը, այնպես էլ կամքի ուժ ցուցաբերելու անընդունակությունը։

Ոչ կամային վարքի տարբեր դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ կամազրկությունը նկարագրվում է որպես բացասական բարոյակամային որակների արտահայտում։ Կ.Ն. Կորնիլովը կամազրկության դրսևորումներին է դասել ներշնչանքը և մարդու նեգատիվիզմը։ Նեգատիվիզմը նա դիտարկել է որպես ուրիշ մարդկանց դեմ գործելու չպատճառաբանված և չհիմնավորված հակում։ Ներշնչանքը նա նույնպես համարում է կամքի պակաս, քանի որ մարդը չի կարողանում քննադատաբար վերաբերվել այն բանին, ինչ նրան խորհուրդ են տալիս կամ առաջարկում են կատարել։ Թե՛ նեգատիվիստի, թե՛ ներշնչվածի մոտ նկատվում է կամքի թուլություն, քանի որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն կարողանում սեփական գործողությունները ենթարկել բանականությանը, վարքի գիտակցական դրդապատճառներին։ Հեղինակը կամազրկության դրսևորումներին դասել է նաև համառությունը։ Համառ մարդը չի տիրապետում իր կամքին և չի ենթարկվում իր գիտակցությանը։ Սակայն այս չափանիշները համարվում են բավականին անկայուն, որպեսզի մարդուն համարեն կամազուրկ։ Յու. Ե. Ռիժկինը նշել է, որ մի կողմից «կամազուրկ» աշակերտները և մարզիկները որոշ իրադրություններում ցուցաբերում են բացառիկ կամք և ինքնուրույնություն՝ չտրվելով ուրիշ մարդկանց արտաքին ազդեցություններին, իսկ մյուս կողմից մարզիկները, որոնց մոտ շատ լավ զարգացած են որոշակի կամային հատկությունները, մի շարք իրադրություններում դառնում են հեշտ ներշնչվողներ։ Ըստ Ռիժկինի՝ անհայտ մրցակցի հետ մրցակցային պայքարի ժամանակ, երբ մրցակցությունը ընթանում է հավասար պայքարում և նրա վերջնական արդյունքը անհայտ է, մարզիկի մոտ հաճախ ծագում է անվստահություն իր ուժերի նկատմամբ, նա դժվարանում է մրցակցության հետագա վարման մեթոդների և ընտրության միջոցների մեջ և գիտակցաբար կողմնորոշվում է դեպի այլ մարդիկ՝ ընդունելով նրանց ներշնչող ազդեցությունը։ Կ.Կ. Պլատոնովը և Գ.Գ Գոլուբևը համարում էին, որ կամազրկությունը ի հայտ է գալիս այն դեպքում, երբ սուբյեկտի մոտ գերակշռում են այնպիսի մոտիվներ, որոնք չեն համապատասխանում գործունեության ընդհանուր նպատակին։ Ըստ այս երկու հեղինակների կամազրկությունը ի հայտ է գալիս միշտ, երբ մոտիվների գնահատման ժամանակ նախապատվությունը տրվում է «ցանկանում եմ» կամ «չեմ ցանկանում», և ոչ թե «պետք է» մոտիվին։ Վ.Ա. Կոմոգորկինը, ի տարբերություն վերոնշյալ հեղինակների, ովքեր կամազրկությունը կապում էին անձի առանձին դրսևորումների հետ, թուլակամությունը դիտարկում էր որպես անձի ընդհանուր բնութագիր. եթե թուլակամ ես, ապա ամեն ինչում։ Ըստ հեղինակի, կամազուրկները նպատակի ընտրության դեպքում անմտածված են գործում, կամ հակառակը՝ ինքնավստահ, իմպուլսիվ են։ Նրանց մոտ թույլ է արտահայտված նպատակին հասնելու ուղիների և միջոցների ընտրության ընդունակությունը։ Այսպիսով, ըստ Կոմոգորկինի բոլոր թուլակամների մոտ նկատվում է գիտակցության ակտիվ աշխատանքի բացակայություն գործողությունների պլանավորման փուլում։ Պ.Ա. Ռուդիկը ենթադրում էր, որ թույլ նյարդային համակարգով մարդու մոտ բարդ իրադրություններում հաճախ ծագում են նյարդային գործընթացների պոռթկումներ։ Դրանք ամրապնդվում են, և ստեղծվում են կայուն բացասական կամային որակներ՝ ռեֆլեկտոր ձևով արտահայտվելով այն պայմանների առաջացման ժամանակ, որոնք «հիշեցնում» են այն պայմանները, որոնց դեպքում այդ պոռթկումները առաջին անգամ ծագել են։

Ծուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծուլությունը մարդու այնպիսի որակների հակադրությունն է, ինչպիսիք աշխատասիրությունը, եռանդն է։ Այդ հասկացության հոմանիշ է համարվում անգործությունը։ Ինչպես նշում է Տ.Վ. Պոնարյադովան տարբեր բառարաններում ծուլությունը սահմանվում է տարբեր ձևերով՝ անտարբերություն, անփութություն, ցանկության բացակայություն։ Վ.Ի. Դալի բառարանում՝ ձգտում չկա աշխատելու, զզվանք աշխատանքից, գործից, պարապմունքից, հակվածություն դեպի անգործությունը, ձրիակերությունը։ Դ.Ն. ՈՒշակովը ծուլությունը դիտում էր որպես աշխատանքի կատարման ցանկության բացակայություն, իսկ Ս.Ի. Օժեգովը գրել է, որ ծուլությունը ցանկության բացակայությունն է գործելու, աշխատելու, սերը դեպի անգործությունը։ Համապատասխան ձևակերպուներ ծուլության մասին տրվում են նաև Օքսֆորդի բացատրական բառարանում, ըստ որի ծուլությունը՝ աշխատել չցանկանալը կամ որքան հնարավոր է քիչ կատարելն է, շատ էներգիա չծախսելը, ոչ բավարար ուժեր ցուցաբերելը։ Դպրոցական տարիքում ծուլություն նկատվում է ուսման հանդեպ պասիվ վերաբերմունքով, երբ երեխան գերադասում է խաղերը, զբոսանքները կամ նույնիսկ աննպատակ ժամանակի անցկացումը ուսումնական հանձնարարությունների կատարումից։ Նա ձգտում է շեղվել աշխատանքային գործունեությունից և ցանկացած աշխատանք համարում է տհաճ զբաղմունք։ Կարելի է նշել, որ ծուլության այս ձևակերպումներում կարելի է առանձնացնել երկու ասպեկտ՝ ծուլությունը որպես մոտիվացված վիճակ կամ որպես անհատի հատկություն։ Ե.Լ. Միխայլովան առանձնացրել է ծուլության երեք բաղադրիչներ, որոնք կապված են ուսումնական գործունեության հետ՝

  • Մոտիվացիոն՝ մոտիվացիայի բացակայություն կամ ուսումնական գործունեության թույլ մոտիվացիա,
  • Վարքային բաղադրիչ՝ անհրաժեշտ գործողությունների չիրականացում,
  • Հուզական բաղադրիչ՝ անտարբերություն կամ դրական հույզեր կապված ուսումնական գործունեություն չիրականացնելու հետ։

Ծուլությունը տարբեր մոտեցումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է առանձնացնել ծուլության հանդեպ չորս մոտեցումներ՝ բացասական, դրական՝ պաշտպանական մեխանիզմ, ինչպես հիվանդության կամ որպես միֆ։ Հնագույն ժամանակներից ծուլության հանդեպ վերաբերմունքը եղել է խիստ բացասական։ Այսպես, քրիստոնեության ի հայտ գալուց հետո, ծուլությունը համարվում էր մեղք։ Միջնադարում ծուլությունը դիտվում էր որպես չարություն, իսկ հետագա հարյուրամյակների ընթացքում՝ բնավորության բացասական գիծ։ Ոմանք համարում են, որ դա թերություն է, որի դեմ պետք է պայքարել, մյուսները ծուլությունը դիտում են որպես աննշան թուլություն։ Որոշները ծուլությունը համարում են առաջադիմության շարժիչը, առանց որի չէր կարող լինել ոչ մի բացահայտում։ Ծուլությունը, ի հայտ գալով կյանքի որոշակի պահերին, անհրաժեշտ է հանգստի համար։ Ըստ հեղինակի ծույլ ուսանողները տարբերվում էին աշխատասերներից կամային կարգավորման ցածր մակարդակով, նրանց համար դժվար է սկսած գործը ավարտին հասցնել, նրանց մոտ վատ է ձևավորված պլանավորելու կարողությունը և առանձնանում են սովորելու ցածր ցանկությամբ։ Մ. Բերենդեևան համարում է, որ ծուլությունը համարվում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիա, երբ մարդը շատ է աշխատում։ Այս ժամանակ օրգանիզմն ինքն է սկսում հրաժարվել աշխատանքից։ Այդպիսի ծուլությամբ տառապում են աշխատամոլները։ Ծուլության առաջացման մեկ այլ պատճառ է, երբ մարդու վրա ուժեղ ճնշում է գործադրվում ծնողների, ղեկավարի կողմից, որոնք ճնշում են նրանց կամքն ու ցանկությունը։ Դ.Ա. Բոգդանովան գտնում է, որ դեռահասները ծուլությանը վերաբերում են երկու ձևով. մի մասը այն համարում են ազատության, հաշտեցման և երջանկության խորհրդանիշ, մյուսները՝ գայթակղություն, թուլություն, որոնք հանգեցնում են անհատի կործանման։ Բժշկության մեջ ծուլությունը դիտվում է, որպես հիվանդություն՝ մինչև վերջ չբացահայտված պատճառագիտությամբ։ Առանձնացվում են ծուլության հետևյալ երեք տարատեսակները՝

  • Առողջ ծուլություն, որով էպիզոդիկ վարակվում է ամբողջ բնակչությանը։ Հիմնական ախտանիշը քնկոտությունն է, որը տևում է 12 ժամ և ավելի։
  • Անառողջ ծուլություն, որը կարող է առաջանալ առողջ ծուլությունից, բայց կարող է ծագել որպես ինքնուրույն հիվանդություն։ Ոչ առողջ ծուլությամբ տառապողը ադեկվատ չէ շրջապատի իրականությանը։ Այսպիսի հիվանդի վարքը ձեռք է բերում պարբերաբար ագրեսիվ բնույթ։
  • Քրոնիկ ծուլություն, որը անառողջ ծուլության վերջին փուլն է։ Հիվանդների մոտ արտահայտվում է ուրիշներին ինչ-որ բան կատարել ստիպելու ձգտումով։ Հակում ունեն դեպի հեղինակությունը։

Մ. Լևինը համարում է, որ մարդուն հատուկ չէ այնպիսի որակ, ինչպիսին ծուլությունն է։ Նրանց, ում անվանում են ծույլեր, տառապում են նյարդային համակարգի զարգացման ֆունկցիայի խանգարմամբ։ Լևինը առանձնացնում է նեյրոզարգացման խանգարման ութ հիմնական ձևեր, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու ակտիվության վրա՝ լեզվական ֆունկցիայի խախտում, անկազմակերպվածություն, մտավոր էներգիայի ոչ բավարար մակարդակ, չափից ավելի շփվողականություն, արդյունավետ գործունեության կառավարման անկարողություն, հիշողության ոչ բավարար զարգացում, շարժողական գործընթացների ոչ էֆեկտիվություն, մտքերի ընկալման և վերարտադրման ոչ բավարար ընդունակություններ։ Բացի վերոնշյալները Լևինը նաև նշում է ծնողների և մանկավարժների դերը, որոնք պետք է ընտելացնեն երեխաներին մշտական աշխատանքին։

Ծուլությունը որպես անձնային որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծուլության պատճառը սովորաբար համարում են ոչ ճիշտ դաստիարակությունը, երբ երեխայի մոտ չի ձևավորվում դրական վերաբերմունք աշխատանքի հանդեպ, հակառակը, ստեղծվում է սպառողական վերաբերմունք։ Ծուլությունը կարող է զարգանալ նաև այն ժամանակ, երբ երեխայի վրա դրվում են ուժերից վեր պարտականություններ։ Ի.Ի. Դուդկինի կարծիքով ծուլությունը պայմանավորված է նաև կենսաբանական գործոններով, այսինքն ոչ միայն արտաքին սոցիալական գործոններով, այլ նաև ներքիններով։ Յու.Ս. Օշեմկովան ենթադրում է, որ ծուլությունը երիտասարդների մոտ համարվում է էքզիստենցիալ պահանջմունքների բացակայության հետևանք։ Ծուլության դեմ պայքարը պետք է լուծվի հոգեթերապիայի միջոցով, որով հոգեբանը օգնում է երիտասարդին ձեռք բերել իսկական էքզիստենցիալ պահանջմունքներ՝ բացահայտելով իր անհատականությունը։ Ն. Բորովսկայան տվել է ծույլերի և ոչ ծույլերի միջև հիմնական տարբերությունները։ Ծույլերին բնորոշ են հետևյալ միտումները՝ հաստատակամության ցածր ինքնագնահատական, ուսումնական գործունեության մեջ ցածր ինքնակարգավորում, թույլ նյարդային համակարգ, արգելակման գերակշռություն։ Համապատասխանաբար ծույլերի համար առավել բնորոշ են հաստատակամությունը, բարձր ինքնագնահատական, նյարդային համակարգի մեծ ուժ, նվաճումների բարձր ձգտում, ուսումնական գործունեության մեջ բարձր ինքնակարգավորում, գրգռման գերակշռություն։

Վարժեցված անօգնականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆենոմենը կապված է մարդու ոչ ադապտիվ, պասիվ վարքի հետ։ Վարժեցված անօգնականությունը սուբյեկտի կողմից ապրված ոչ վեչահսկելի իրադրության արդյունքում առաջացած մոտիվացիոն խախտումն է, այսինքն՝ արդյունքի կախված չլինելը կիրառվող ջանքերից։ Առաջին անգամ այս ֆենոմենը նկարագրվել է Մ. Զելինգմանի և Ս. Մայերի կողմից՝ շներին էլեկտրական հարվածով գրգռման էքսպերիմենտների հիման վրա։ Սկզբում շները ենթարկվել են էլեկտրական հոսանքի թույլ հարվածին, որից փախչել չեն կարողացել։ Այնուհետև նրանց տեղափոխել են ուրիշ վանդակ, որտեղ նրանց ակտիվությունը արդեն կարող էր օգնել փախչելու տհաճ ներգործությունից։ Սակայն կենդանիները պասիվություն են ցուցաբերել։ Փորձը ցույց էր տվել, որ իրենց գործողությունները ոչ մի ձևով չեն ազդում երևույթների ընթացքի վրա և չեն հանգեցնում ցանկալի արդյունքների։ Սրա պատճառով էլ առաջանում է իրադրությունը վերահսկելու անընդունակության զգացողություն և, համապատասխանաբար, ջանքեր գործադրելու անիմաստություն։ Մ. Զելինգմանը նշում է անօգնականության ձևավորման երեք աղբյուրներ՝

  • Ոչ բարենպաստ իրադարձությունների ապրման փորձ, այսինքն՝ սեփական կյանքի իրադարձությունների հսկողության հնարավորության բացակայություն։ Ընդ որում մի իրադրության մեջ ապրված բացասական փորձը սկսվում է փոխադրվել մյուս իրադրություններ, երբ իրադրության վերահսկման հնարավորությունը իսկապես գոյություն ունի։
  • Անօգնական մարդկանց դիտարկելու փորձը։ Օրինակ՝ հեռուստատեսությամբ անպաշտպան զոհերի մասին դրվագները։
  • Մանկության տարիքում ինքնուրույնության բացակայությունը, ծնողների՝ երեխայի համար ամեն ինչ անելու պատրաստակամությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ильин Е. П., Психология воли. 2-е изд. — СПб.։ Питер, 2009. — 368 с.։ ISBN 978-5-388-00269-3