Շերտավոր կատուն և ծեծեռնակ Սինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերտավոր կատուն և ծեծեռնակ Սինյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԺորժի Ամադու
Երկիր Բրազիլիա
Բնագիր լեզուպորտուգալերեն
Գրվել է1948
Հրատարակվել է1976

«Շերտավոր կատուն և ծեծեռնակ Սինյան» (պորտ.՝ O Gato Malhado e a Andorinha Sinhá), բրազիլացի գրող Ժորժի Ամադուի ստեղծագործությունը, որ գրվել է 1948 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1976 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը գրվել է «Ազատության ընդհատակ» եռագրության վրա աշխատանքն սկսելուց առաջ, որին գրողը ձեռնամուխ է եղել Պրահայում։ Հեքիաթի՝ 1976 թվականին Բրազիլիայում պորտուգալերենով և Լոնդոնում անգլերենով լույս տեսած առաջին հրատարակության նախաբանում Ամադուն ներկայացրել է դրա ստեղծման հանգամանքները. «Շերտավոր կատվի և Սինյա ծիծեռնակի սիրո պատմությունը ես գրել եմ 1948 թվականին Փարիզում, որտեղ ապրում էի այդ ժամանակ կնոջս ու որդուս՝ Ժուան Ժորժիի հետ, երբ լրացել էր նրա մեկ տարին»[1]։ Դա եղել է նվեր որդու ծննդյան առթիվ, և Ամադուն հույս է ունեցել, որ նա կընթերցի գիրքը, երբ սովորի կարդալ[2]։ Ըստ բնաբանի՝ թեման վերցվել է բահիացի բանաստեղծ Էշտեվան դա Էշկունից (Estêvão da Escuna)։ Գրողը մտադրություն չի ունեցել հրատարակել հեքիաթը, և այն երկար ժամանակ մնացել է նրա ձեռագրերի մեջ։ 1976 թվականին Բրազիլիայում Ժուան Ժորժի Ամադուն գտել է հեքիաթի տեքստն ու առաջին անգամ ընթերցել այն։ Այդ ժամանակ էլ Ժուանի հետ ստեղծագործությունը կարդացել է բրազիլացի հայտնի նկարիչ Կարիբեն (պորտ.՝ Carybé)[2], Hector Julio Páride Bernabó, 1911-1997), որը նկարազարդել է հեղինակի «Ժուբիաբա», «Կում Օգումա», «Սրբի անհետացումը» և «Մերձափնյա նավարկություն» ստեղծագործությունները[3]։ Ոգեշնչվելով այդ պատմությունից՝ վերջինս ջրաներկով նկարել է գլխավոր հերոսներին հեքիաթի մեքենագիր տեքստով թղթերի հակառակ կողմում։ Նկարազարդումներն այնքան հաջող են եղել, որ գրողը որոշել է հրատարակել դրանք տեքստի հետ միասին։

«Շերտավոր կատուն և ծեծեռնակ Սինյան» հեքիաթն առաջին անգամ հրատարակվել է 1976 թվականին Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում[1]։ Նույն թվականին այն անգելերենով հրատարակվել է նաև Լոնդոնում։ Բնօրինակ լեզվով այն լույս է տեսել նաև Պորտուգալիայում։ Թարգմանվել է գալիսերեն, հունարեն, գուարանի լեզվով, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն, ֆիններեն, ֆրանսերեն, ճապոներեն[1]։

Ստեղծագործության հիման վրա ստեղծվել են բալետ և թատերական ներկայացում[1]։ 2013 թվականին բելառուս ռեժիսոր Ալեքսանդր Աբրամովիչի «Շերտավոր կատվի և սինյորիտա Ծեծեռնակի սիրո պատմությունը» մանկական ներկայացումը XIV Բրյանցևյան միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրվել է Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն[4]։

Ըստ Ե. Բելյակովայի՝ Ամադուի՝ «նախաճգնաժամային» շրջանում գրված այս ստեղծագործությունն իր գեղարվեստական վարպետությամբ չի զիջում ավելի ուշ շրջանի նրա աշխատանքներին։ Արդեն այս հեքիաթում երևում է Ամադուի ձևավորված ոճը՝ նուրբ ու հումարային, որը հետագայում օգտագործվել է «Դոնա Ֆլորն ու իր երկու ամուսինները» և «Հրաշքների կրպակ» վեպերում[5]։ Այն դեպքում, որ Շերտավոր կատուն հավերժական հանգիստ է գտնում Բոժոժավոր օձի գրկում, հետագա մի շարք ստեղծագործությունների հերոսները մահ են գտել ծովի գրկում։ Հեքիաթը յուրօրինակ ուսումնասիրություն է սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև սիրո անհնարինության վերաբերյալ։ Հետագայում Ամադուն ֆրեյդիզմի, մոնոգամիայի ու պոլիգամիայի, ամուսնության և ընտանիքի վերաբերյալ մտորումներն արտացոլել է «Դոնա Ֆլոր» վեպում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերտավոր կատու (O Gato Malhado)
  • Սինյորիտա Ծիխեռնակ[6] կամ ծիծեռնակ Սինյա (A Andorinha Sinhá)[2], որտեղ Sinhá դարձել է ծիծեռնակի անունը՝ կազմվելով Senhorita բառի կրճատված ձևից
  • Ծեր Բու (A Velha Coruja), Ծիխեռնակի կնքամայրը
  • Սուրբ Թութակ (O Reverendo Papagaio), աստծո օրենքը դասավանդող
  • Անեղջյուր կով Ռաշել Պուսիո (A Vaca Mocha), արգենտինական, երբեմն անցնում է իսպաներենի
  • Ծիծեռնակի հայրը (O Pai Andorinha)
  • Ծիխեռնակի մայրը (A Mãe Andorinha)
  • Սոխակ (O Rouxinol) – երաժշտության ուսուցիչ, Ծիծեռնակի փեսացուն, «հայտնի տրուբադուր»[2]
  • Դոդո Կուրուրու (O Sapo Cururu) – ակադեմիկոս, սոցիոլոգիայի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր, լեզվաբանության պրոֆեսոր
  • Թուխս Կարիժո[7] (A Galinha Carijó, պորտ.՝ carijós կարիժոս – գուարանի խմբին պատկանող հնդկացիներ)
  • Բոժոժավոր օձ (A Cobra Cascavel)
  • Արևածագ, Ժամանակ Քամի, Գիշեր, Արև, Գարուն, տարբեր կենդանիներ ու թռչուններ, այգու ծառեր ու բույսեր։

Բարոյախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատումի ընթացքում Շերտավոր կատուն ենթարկվում է մետամորֆոզների. Գարնան գալու հետո փոխվում են նրա արտաքին տեսքն ու ներքին կերպարը. այգու բոլոր բնակիչներին անհանգստություն պատճառող չարագործից նա սիրային զգացմունքների շնորհիվ վերածվում է սոնետ գրող բարեհամբույր բանաստեղծի։ Ցեղատեսակային սահմանների ճակատագրական անհաղթահարելիությունը, որի պատճառով «Ծիծեռնակը չի կարող ամուսնանալ Կատվի հետ», հանգեցնում է գլխավոր հերոսի մահվան այգու մութ անկյուններում։ «Շերտավոր կատուն և ծեծեռնակ Սինյան» ստեղծագործությունն ուղղված է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասականերին. հեղինակը կոչ է անում ավելի թեթև վերաբերվել այլ դասակարգերի ու էթնոսների ներկայացուցիչներին, հաղթահարել երեսպաշտությունն ու նենգությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fundação
  2. 2,0 2,1 2,2 2,3 Белякова, 2010, Приложение
  3. «Carybé». Ilustradores (պորտուգալերեն). Fundação Casa de Jorge Amado. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  4. «XIV Международный «Брянцевский фестиваль» в [[Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն|ТЮЗ]]е». Администрация Санкт-Петербурга. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  5. Белякова, 2010, Глава 15. «Живой классик». 80-е годы
  6. Бреверн, 1980
  7. Бреверн, 1980, էջ 208

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амаду Ж. История любви Полосатого кота и сеньориты Ласточки = O Gato Malhado e a Andorinha Sinhá: Uma História de Amor / Пер. с португ. Л. Э. Бреверн // Иностранная литература : Литературно-художественный журнал. — М., 1980. — С. 205—217. — ISSN 0130-6545.
  • Амаду Ж. Полосатый Кот и Ласточка Синья (История одной любви) = O Gato Malhado e a Andorinha Sinhá: Uma História de Amor : Приложение / Пер. с португ. Е. И. Беляковой // «Русский» Амаду и бразильская литература в России / Белякова Е. И. — М. : Институт Латинской Америки РАН, 2010. — 224 с. — 400 экз. — ISBN 978-5-201-05456-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]