Շահանե Տալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահանե Տալյան
Դիմանկար
Շահանե Տալյանը 1921 թվականին
Ծնվել էապրիլի 22, 1900(1900-04-22)
ԾննդավայրԱխալցխա
Մահացել է1976
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցչուհի

Շահանե Ներսեսի Տալյան (իրական անունը՝ Շահանդուխտ Համբարձումյան, ապրիլի 22, 1900թ. Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1976թ. Երևան, Հայկական ԽՍՀ), հայ խորհրդային ուսուցչուհի, եղել է ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի մտերմուհին և Եսենինի մասին հուշերի հեղինակը։ Շահանեին են նվիրված Եսենինի «Շահանե դու իմ, Շահանե...», «Դու ասացիր, որ Սաադին...», «Ես երբեք չեմ եղել Բոսֆորում...» բանաստեղծությունները, որոնք ընդգրկված են «Պարսկական մոտիվներ» բանաստեղծական շարքի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահանե Տալյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում, մանկավարժ, այնուհետև եկեղեցական գործիչ Ներսես Եղիայի Համբարձումյանի ընտանիքում։ Վերջինս ավարտել էր Թիֆլիսի սեմինարիան և բացի հայերեն ու ռուսերեն լեզուներից, տիրապետում էր նաև ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև լատինական այլ լեզուների։ Տալիս էր օտար լեզուների մասնավոր դասեր։ Մահացել է տիֆից, 1919 թվականին՝ 50 տարեկանում։ Շահանեի մայրը՝ ուսուցչուհի Մարիա Գեորգիի Գարագաշյանը մահացել է 1911 թվականին՝ 40 տարեկանում։

Շահանեն մինչև երրորդ դասարանը, սովորել է Ախալցխայի ծխական դպրոցում, այնուհետև Միխայլովո ավանի (այժմ Խաշուր) օրիորդական գիմնազիայում։ Գիմնազիան 1919 թվականին ավարտելուց հետո շուրջ մեկ տարի մասնակցել է ֆրյոբելյան դասընթացների, որից հետո հայկական դպրոցներում զբաղվել է փոքրիկների կրթությամբ։

1921 թվականին Շահանեն ամուսնացել է տնտեսագետ Ստեփան Ռուբենի Տերտերյանի հետ և ամուսնու հետ բնակություն հաստատել Թիֆլիսում։ 1921 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ռուբենը։ 1924 թվականին ամուսինը մահացել է։

Թիֆլիսում աշխատանք չգտնելով, 1924 թվականին Շահանեն որդու և ավագ քրոջ՝ Աշխենի հետ տեղափոխվել է Բաթում, որտեղ նրա կրտսեր քույրը՝ Կատյան, դասավանդում էր դպրոցում։ Բաթումում Շահանեն աշխատանքի է անցել դպրոցում, որտեղ թվաբանություն էր դասավանդում։

1924 թվականի դեկտեմբերի 16-17-ին, Բաթումում նա հանդիպել է Սերգեյ Եսենինի հետ։ Հանդիպումների մասին հետագայում իր ինքնակենսագրականում Շահանեն անդրադարձել է ավելի մանրամասնորեն։ Այդ հանդիպումների մասին իր տպավորությունները թղթին է հանձնել նաև Ա. Ի. Կոլոմեյցևան։ Ըստ Շահանեի հուշերի, Եսենինի հետ իրեն ծանոթացրել է իրենց հարևանուհի Ելիզավետա Վասիլևնա Իոֆֆեն, հայտնելով, որ ռուս հայտնի բանաստեղծը ցանկանում է ծանոթանալ իր հետ։ Ամեն հանդիպման ժամանակ Եսենինը Շահանեին ծաղիկներ է նվիրել՝ հաճախ վարդեր, բայց ավելի շատ մանուշակներ։ Զբոսանքներից մեկի ժամանակ Եսենինը Շահանեի համար կարդացել է «Շահանե դու իմ, Շահանե...» բանաստեղծությունը, որը գրել էր տետրի թերթի վրա ու նվիրել իրեն։ Մի անգամ նվիրել է իր բանաստեղծությունների գիրքը, մակագրությամբ՝ «Իմ թանկագին Շահանե, Դուք շատ դուրեկան ու հաճելի եք ինձ համար. Ս. Եսենին, 4.1.25 թ. Բաթում»։ Գրքի հետ նա նվիրել էր նաև իր լուսանկարներից մեկը, որի հակառակ կողմում գրված էր «Դու ասացիր, որ Սաադին...» բանաստեղծությունը։ Հրաժեշտից առաջ, Եսենինը՝ որպես հուշ, խնդրել է Շահանեի լուսանկարներից մեկը։ Բաթումից հեռանալուց մեկ տարի անց Սերգեյ Եսենինը ինքնասպան է եղել։

1925-1926 թվականներին Շահանեն դասավանդել է Սոչիի հայկական դպրոցում, իսկ 1926-1934 թվականներին՝ Թիֆլիսի թիվ 70 դպրոցում։ 1930 թվականին երկրորդ անգամ է ամուսնացել, գուսան Շերամի որդու՝ կոմպոզիտոր Վարդգես Տալյանի հետ։ 1934 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Երևան և այլևս մանկավարժությամբ չի զբաղվել։ 1947 թվականին ամուսինը մահացել է։

1959 թվականին Շահանեն թղթին է հանձնել իր ինքնակենսագրությունը և հուշերը Եսենինի մասին։ 1963 թվականին հանդիպում է կազմակերպվել նրա ու Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցի (այժմ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց) աշակերտների ու մանկավարժական կոլեկտիվի հետ։ Պահպանվել է այդ հանդիպման լուսանկարը[1]։

Շահանե Տալյանը մահացել է 1976 թվականին, Երևանում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]